ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Ինձ պատերազմ հայտարարելը դատապարտված զբաղմունք է։
Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, խիղճս էլ մաքուր է
Ոնց հասկացա, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ինձանից բացի ուրիշ հերոսի անուն չգիտի: Ստախանովյան էնտուզիազմով իմ դեմ ստորագրահավաքներ են կազմակերպում, երկար և անբովանդակ նյութերով հեղեղում են մամուլը, փորձելով ապացուցել անապացուցելին` որ Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը կողմ է Ամուլսարի շահագործմանը: Ասեմ, որ ես ընդունում եմ ինձ նետված մարտահրավերը և այսօրվանից խիստ ուշագրավ դրվագներ եմ հրապարակելու Ամուլսարի էպոպեայի հետ կապված:
Երեկ մեր քննիչ հանձնաժողովը հանդիպեց Նազելի Վարդանյանի հետ, ով վարչապետի որոշմամբ ստեղծված` հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների համապատասխանության ստուգման աշխատանքային խմբից է և ով անչափ ուշագրավ փաստեր տրամադրեց հանձնաժողովին:
Եւ այսպես` «Լիդիան Արմենիային» Ամուլսարը շահագործելու թույլտվություն տալով 11 օրենք և 9 միջագային պայմանագիր է խախտվել:
Այսօր խոսելու եմ « Ընդերքի մասին» օրենսգրքի խախտումներից: Ըստ օրենսգրքի հոդված 25-ի, արգելվում է հանքարդյունաբերությունը այն գոտիներում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Ջերմուկում կան այդպիսի բույսեր և կենդանիներ, մասնավորապես` մատնունի-ծիրանավոր բույսը և գորշ արջ:
Ի դեպ, գորշ արջի մասին. «Լիդիան Արմենիայի» կենսաբազմազանության ոլորտի փորձագետը շշմելու հայտարարություն է արել, ասելով, թե արջերը սիրում են աղմուկ և պայթյուններ, ուստի շատ հանգիստ կարելի է Ամուլսարում պայթյուններ իրականացնել:
Ինչ վերաբերվում է մատնունի-ծիրանավոր բույսին, ապա այն իր բնական միջավայրից հանել, դրել են «գարշոկի» մեջ, տեղափոխել են Սևանի ավազան ու որոշել են, որ խնդիրը լուծել են:
Հա, չմոռանամ Լիդիանի վերցրած տարածքում բրոնզե դարի 80-ից ավելի դամբարանների մասին, որոնց ճակատագրին առանձին եմ անդրադառնալու:
Մի բան էլ ասեմ ու այսօր դեռ այսքանը.
2017 թվականին կառավարության 427 Ա որոշմամբ «Լիդիան Արմենիային» տրվել է մաքսային և հարկային արտոնություն ներկրելու ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ: Ասեմ` 2 հազար 600 իտալական դուռ, 12 հազար 500 ջահ, 590 զուգարանակոնք:
Մինչև հաջորդ դասին անցնելը, չմոռանամ հիշեցնել նաև, որ Ջերմուկում ցանկացած պայթյուն արգելված է և անգամ նոր շենք կառուցելու համար Ջերմուկում պայթեցում չեն անում` հանքային ջրի հոսքերը չվնասելու համար: Իսկ Ամուլսարը շահագործելիս պայթյունները ուղղակի կործանարար են լինելու Ջերմուկի համար:
Այսօր այսքանը:
Վստահ եմ, որ «от имени народа» «Լիդիան Արմենիան» պատասխան նամակ է հրապարակելու ու շաղ տալու մամուլով:
Ուստի , մնացած փաստերը` ուրանի, ցիանիդի ու մնացյալի մասին` հաջորդիվ:
Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու»: