Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այն հիմնականում առաջարկում է փոփոխություններ կատարել տարածքային կառավարման ոլորտում:
Սակայն հետաքրքիր է, որ այս փաթեթներին զուգահեռ գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է «Կուսակցությունների մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, եւ աշխատանքներն էլ համակարգում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Ընդ որում, Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էր, որ առաջիկայում «Կուսակցությունների մասին» օրենքը, հնարավոր է, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար: Սակայն պատգամավորների նախաձեռնությունից զատ, օրենքի նախագծում փոփոխություններ է առաջարկվում նաեւ նախարարության կողմից:
Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նախագծերի փաթեթն ու առանձնացրել այն գլխավոր փոփոխությունները, որոնք կատարվելու են՝ըստ այդ նախագծի: Եվ հետաքրքիր է, ե՛ւ Համազասպ Դանիելյանի, ե՛ւ մյուսներիկողմից մաշկված նախագծում էական տարբերություններ չկան:
Ըստ այդմ, փաթեթով առաջարկվում է 4 000-ից ավելի ընտրողունեցող,ինչպես նաեւ մինչեւ 4000 ընտրողունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի: Գլխավոր փոփոխություններից մեկն այն է, որ 4000-ից ավելի ընտրողունեցող համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության կարգ, որի դեպքում համայնքի ավագանին կկարողանա անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին: Բացի այդ, ներդրվելու է համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգ, որի պարագայում համայնքի ավագանին իր կազմից կկարողանա ընտրել եւ նշանակել համայնքի ղեկավարի: Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է՝ բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը: Միեւնույն ժամանակ, եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքիուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
Փոփոխություններ են կատարվել նաեւ ընտրական գրավի հարցում: Մասնավորապես, մինչեւ 1 000 ընտրողունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից 4000 ընտրողունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ:
Նկատենք, որ, ըստ գործող օրենքի, մինչեւ 500 ընտրող ունեցող համայնքներում չի նախատեսվում ընտրագրավ, 500-1000 ընտրողունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից մինչեւ 2 000 ընտրողունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ: Անդրադառնանք անցողիկ շեմին: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն:
ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կարվի նաեւ 7-րդ բաժնում, որը սահմանում է համայնքի ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի ընտրության անցկացման կարգը: Օրինակ՝ առաջարկվում է անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին քաղաքական կոալիցիա կազմելու եւ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու առաջադրելու հնարավորություն տալ: Եվ առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոսը ստացած կուսակցության ընտրական բոնուսը:
Բացի այդ, առաջարկվում է լրացում կատարել գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածում: Համաձայն վերը նշված լրացման՝ առաջարկվում է օրենքով սահմանել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու այն դեպքերը, երբ լրացել է համայնքի ղեկավարի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը, եւ հերթական ընտրության նշանակման օրը նախատեսված է այդ ժամկետի ավարտից հետո:
Նման իրավիճակներում առաջարկվել է քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների դեպքում՝ ՀՀ վարչապետին, իսկ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների դեպքում մարզպետին վերապահել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավասություն:
Եվ այստեղ հետաքրքիր է, թե ինչու է կրկին նման նախագիծ բերվել, եթե պատգամավորների կողմից նման փոփոխություններ արդեն նախաձեռնվել էին:
Նաիրա Հովհաննիսյան