Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Աշոտյանը լուսանկար հրապարակեց հանդիպումից ու նշեց, թե Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ, ԵԺԿ նախագահի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում:
Տարակուսելի է այն, թե ինչպես է Սերժ Սարգսյանին հաջողվել հասնել Եվրոպա, քանի որ նրա հետ կապված դատաքննություն է ընթանում, եւ վերջինս ստորագրությամբ է ազատության մեջ գտնվում: Պարզվում է՝ դատարանն է թույլատրել Սարգսյանին գնալ Եվրոպա հանդիպումներ ունենալու համար: Երեկ էլ դեռեւս հանդիպումները շարունակվում էին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ նպատակով են եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենում:
-Պարո՛ն Աշոտյան, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Նախ՝ խնդրում եմ նշեք, թե հրավերը որ կողմից է եղել, արդյոք ՀՀԿ-ն է նախաձեռնել այդ հանդիպումը, եւ հանդիպման գլխավոր նպատակը որն է: Որո՞նք են այն առանցքային հարցերը, որոնք քննարկում եք եվրոպացի ձեր գործընկերների հետ:
-Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ մենք կապը վաղուց ու մշտապես ենք պահում. հիշեցնենք, որ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2009 թվականից, անդամ ենք դարձել 2011 թվականից, եւ մշտական համագործակցային հարթակներ եղել են, ու հիմա էլ բացառություն չի, իսկ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել պլանավորված էր վաղօրոք:
-Արդյոք Եվրոպայում հանդիպումները նպատակ ունե՞ն ներկայացնելու Հայաստանում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ կապված դատավարությունները: Ներկայացվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի հետ կապված դատավարական գործընթացը, խոսե՞լ եք եվրոպացի Ձեր գործընկերների հետ. եթե այո, ապա ի՞նչ դիրքորոշում են հայտնել իրենք:
-Հանդիպումների ժամանակ քննարկվել է հարցերի շատ լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին, ժողովրդավարությանը սպառնացող վտանգներին եւ այլ խնդիրներին անդրադարձ կատարվել է: Անդրադարձ կատարվել է նաեւ տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարեւորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության եւ բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա:
-Խոսե՞լ եք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ, ի՞նչ տեսակետ են հայտնել իրենք: Ի՞նչ արդյունք եք ակնկալում Ձեր հանդիպումներից, աջակցություն խնդրե՞լ եք՝ Ս. Սարգսյանի դատավարության գործընթացի հետ կապված:
-Ես արդեն Ձեր հարցերին պատասխանեցի:
-Տեսակետ կա, որ դատավորը սխալ որոշում է կայացրել, եւ չպետք է Սերժ Սարգսյանը դուրս գար ՀՀ-ից, քանի որ մտավախություն կա, որ Ս. Սարգսյանը գուցե այլեւս չվերադառնա ՀՀ պատասխանատվություն կրելու համար: Խնդրում եմ, նշե՛ք Ձեր դիրքորոշումը այս հարցերի վերաբերյալ: Արդյոք նման մտադրություն ունի՞ Ս. Սարգսյանը:
-Ինչ վերաբերում է նման խոսակցություններին, թե իբրեւ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է չվերադառնալ, դա կա՛մ զավեշտ է, կա՛մ պարզունակ շահարկում, որովհետեւ նախագահի կենսագրությունը ապացուցում է, որ ինքը բոլոր ծանր ժամանակներում եղել է Հայաստանում, Արցախում, ոչ թե բացակայել է ՀՀ-ից կամ Արցախից: Հայաստանի ծանր ժամանակներում բացակայողներին, օրինակ, այսօր կարող եք գտնել կառավարության մեջ, դրանք շատ ավելի շատ խոսուն փաստեր են: Փարատեմ Ձեր անհանգստությունը. Սերժ Սարգսյանը ուշ երեկոյան վերադառնալու է Հայաստան: Սերժ Սարգսյանը առ այսօր իր առաքելությունը, պատասխանատվությունը կրում է Հայաստանի եւ Արցախի համար, ոչ թե իր դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում: Պատասխանատվության բառի ընկալումը մեզ համար, իր համար, երկրի, ժողովրդի հանդեպ ստանձնած պատասխանատվության ընկալում է: Շինծու քրեական գործով պատասխանատվության ընկալման խնդիր մենք ընդհանրապես չունենք:
ՈՒԶՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԻՐԵՆՑ ԳՐՊԱՆԸ ԴՆԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խորհրդարանում ստեղծված լարված մթնոլորտը իշխանությունները փորձում են հարթել: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այդ հարցը քննարկել է իր թիմի ներկայացուցիչների հետ ու հայտարարել, որ պետք է ամեն քայլի դիմել, որպեսզի խորհրդարանի ամբիոնը չդառնա «ռազբորկաների» դաշտ:
Նշենք նաեւ, որ նախորդ Աժ հերթական նստաշրջանի ընթացքում էլ լարվել էին ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փոխհարաբերությունները, եւ գործը հասել էր անգամ բռունցքների: Հայրենի իշխանության ներկայացուցիչները իրենց խմբակցության նիստի ժամանակ որոշել էին «ստոպ տալ» ու այլեւս ԲՀԿ-ականների հետ թեժ քննարկումների մեջ չմտնել, միմյանց չվիրավորել: Այս նստաշրջանում, կարծես թե, իմքայլականների թիրախում էին հայտնվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Ըստ մեր տեղեկությունների՝ այս ընդհարումները դուր չեն գալիս ո՛չ խորհրդարանի ղեկավարությանը եւ ո՛չ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար հատվածին, քանի որ, վերջիններիս կարծիքով, պետք չէ այս ժամանակահատվածում լարվածությունը մեծացնել՝ իրենց գործունեության հետ կապված:Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից պարզել, թե ինչու է իշխանական պատգամավորների եւ իրենց միջեւ լարվածություն առաջացել:
-Ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստանը» օրեցօր ուժեղանում է, ու մենք հայտն ենք ներկայացրել այլընտրանք ուժ դառնալու, եւ սա, կարծես թե, դուր չի գալիս իշխանությանը, որովհետեւ իրենք միշտ մտածել են, որ եթե մենք գործընկերային ենք իրենց հետ, կառուցողական ենք, փոխհամագործակցող ենք, ապա դա նշանակում է, որ մենք իրենց գրպանում ենք, կամ մենք պետք է աչք փակենք իրենց սխալների համար: Սա դուր չի գալիս իշխանություններին, եւ քանի որ «Իմ քայլը» իր վարքագծային բրենդն է դարձրել քննարկել անձերին եւ ոչ թե գաղափարները, ժամանակ առ ժամանակ մեզ փորձում են անձնային մակարդակով հիշեցնել ինչ-որ անցյալ, ինչ-որ գործողություններ, որոշումներ, որը նշանակում է՝ իրենք ասելիք չունեն: Դրա վառ օրինակը Գեւորգ Պապոյանի ելույթն էր, երբ պարզ էր, որ ինքն իրեն վնաս հասցրեց, որովհետեւ դրա արդյունքում պարզվեց, որ ինքը ոչ մեկ է, իսկ մեր մարդիկ անցել են ինչ-որ ճանապարհ:
-Տեղեկություն կա, որ Աժ նախագահ Արարատ Միզոյանը փորձում է հարթել իրավիճակը՝ Ձեզ հետ հանդիպելով, խոսելով. կա՞ նման բան:
-Մենք քննարկում չենք ունեցել, «Լուսավոր Հայաստանը» չէ, որ ստեղծում է լարվածություն խորհրդարանում, դա ստեղծում է «Իմ քայլը» խմբակցությունը, իրենք էլ թող հարթեն վիճակը: Եթե Արարատ Միզոյանը խնդիր ունի ԱԺ-ում ապահովելու համագործակցային մթնոլորտ, հանգիստ մթնոլորտ, ապա ես կարծում եմ, որ ինքը պետք է շատ լուրջ զրույց ունենա «Իմ քայլը» խմբակցության հետ, քննարկեն իրենց գործելաոճը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի: Ինչպես հայտնի է, նա երեկ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ նա կնշանակվի Պն ռազմական կրթության բաժնի պետ, իսկ թե կոնկրետ որ, այժմ Պն-ում մի քանի տարբերակ են քննարկում, եւ դեռ վերջնական որոշում չկա: Վերջինս գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՈՎ
Ինչպես հայտնի է, մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել: Ինչպես հայտնի է, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, եւ հարց է առաջացել, թե ինչ հիմքով է դատարանը թույլատրել նրան գնալ: Դատավոր Միսակյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ որեւէ կասկած չկար, որ նա չի վերադանա Հայաստան, քանի որ դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ նշված է եղել, որ Սերժ Սարգսյանին հրավեր է ուղարկել անձամբ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը: Ավելին՝ Սերժ Սարգսյանը գնացել է չարտերային չվերթով: Անգամ դատարան ներկայացված միջնորդության մեջ ներկայացված է եղել հետդարձի տոմսը, եւ թե քանի օրով է նա դուրս գալիս Հայաստանից: Մեզ հայտնի դարձավ, որ նա երեք օրով է լքել Հայաստանը: Այս հիմնավորումները տեսնելուց հետո դատավորի մոտ որեւէ կասկած չի եղել, որ նա չի վերադառնա Հայաստան, եւ թույլ է տվել նրան գնալ Բրյուսել: