Ինչ միջոցներ է ձեռնարկում «Հարավկովկասյան երկաթուղին» կորոնավիրուսի կանխարգելման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանձնարարեց կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

Մասնավորապես դա վերաբերվում է կայարանների և ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղևորների հետ շփվող անձնակազմի (տոմսավաճառներ, հսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ և այլն) անհրաժեշտ դիմակներով և պարագաներով ապահովմանը:

Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության:

– Անհրաժեշտ է բոլոր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ընկերության աշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունն ու կարգապահությունը մեզ թույլ կտան ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցություն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային փոխադրումների ոլորտում, – նշեց Ա.Մելնիկովը:

Նա նաև հանձնարարեց բացառել բոլոր մասսայական միջոցառումների անցկացումը և գործուղումները երկաթուղում՝ շեշտը դնելով կապի միջոցների ավելի լայն օգտագործմանը: Բացի այդ, ղեկավար կազմին հանձնարարված է մշակել զարգացման հնարավոր ծրագրեր՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների տատանման ռիսկերը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից ՀԿԵ-ն կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ Ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոնսերի դիմաց վճարված գումարները:




Լրահոս