Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում և Իտալիայում:
Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, կարևորել իշխանությունների համակարգված ու հավասարակշռված գործողությունների և քաղաքացիների պատասխանատու և կարգապահ պահվածքի անհրաժեշտությունը:
Սերջիո Մատարելլան ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը, վարակի հետագա տարածման կանխարգելման, հիվանդների բուժման և կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասների նվազեցման և վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը:
Իր զորակցությունը հայտնելով Իտալիայի նախագահին և Իտալիայի ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նույնպես ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածման դիմակայմանը: Նախագահն ընդգծել է, որ նման համաշխարհային առումով վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում, երբ համաճարակների արագ տարածման ռիսկը ավելի մեծ է, անհրաժեշտ է գտնել համընդհանուր լուծումներ, փորձի և տեղեկատվության արագ փոխանակում:
Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ, պետություններից յուրաքանչյուրում իրականացվող միջոցառումներից անկախ, երկրների և համապատասխան կառույցների միջև համագործակցությունը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից նույնպես կարող է իր նպաստը բերել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Նախագահները պայմանավորվել են հետագայում ևս պարբերաբար տեղեկատվություն փոխանակել: