COVID-19 կորոնավիրուսը շարունակում է տերորի ենթարկել ողջ Եվրոպան։ Վերջին երկու օրվա ընթացքում սարսափելի համաճարակը տարածման նոր թափ է ստացել։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 120.000-ը, եվրոպական առաջատար երկներից շատերում հայտարարված է կարանտին, մեկուսացված են 150.000-ից ավել մարդ։ Ամեն ինչ քաոսային է նաեւ սպորտում։ Արդեն հետաձգվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, 6 շաբաթով դադարեցվել են թենիսի ATP-ի մրցաշարերը, հետաձգված է նաեւ բասկետբոլի NBA-ի կանոնավոր առաջնությունը, դադարեցված են ֆուտբոլի թոփ 5 առաջնությունները։ Այս ամենը դոմինոյի էֆեկտով հասավ նաեւ Հայաստան։ Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են։ Մեր օրերի ժանտախտը արդեն խլել է հազարավորների կյանքերը, խառնել ողջ աշխարհն ու ստեղծել քաոսային վիճակ։
Թոփ սպորտային իրադարձություններից թերեւս մնացել էր միայն ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգան, որտեղ որոշում էր կայացվել հանդիպումները անցկացնել առանց հանդիսականների, սակայն վերջին որոշման համաձայն՝ Գերմանիայի Բունդեսլիգան նույնպես հետաձգվեց։ Այսպիսով, նվազագույնը մինչեւ մյուս շաբաթվա վերջ սպորտային հասարակությունը կմնա «ձեռնունայն»։
Հիմա անդրադառնանք այն հավանական տարբերակներին կամ սցենարներին, որոնք կարող են լինել Եվրոպայի թոփ 5 առաջնություններում։ Ըստ ամենայնի, տարածված համաճարակը առաջիկա շաբաթներին դժվար թե նահանջի, ինչից էլ կարելի է ենթադրել, որ նվազագույնը մի քանի շաբաթ թոփ 5 լիգաներում հանդիպումներ չեն լինի։ COVID-19 կորոնավիրուսի նահանջից հետո առաջնությունների վերսկսումը կարող է անհնարին լինել, քանի որ թիմերից շատերը պայքարում են մի քանի ճակատներով, եւ նեղ գրաֆիկով հանդիպումներ անցկացնելը ուղղակի կարող է «ոչնչացնել» ֆուտբոլիստներին։ Ըստ բրիտանական մի շարք պարբերականների՝ Անգլիայի Պրեմիեր լիգան ամբողջապես կկասեցվի, եւ երկրի ներքին առաջնությունը կմնա առանց չեմպիոնի։ Սա ամենաանարդար որոշումը կարող է լինել, քանի որ առաջատար «Լիվերպուլը» երկրորդ տեղով ընթացող «Մանչեստեր Սիթիի» նկատմամբ ունի 25 միավորի առավելություն։ Եթե որոշումը կայացվի, ապա մերսիսայդցիները կարող են զրկվել Պրեմիեր լիգայի իրենց առաջին չեմպիոնությունից։ Նմանատիպ որոշում կարող է կայացվել նաեւ Բունդեսլիգայում, որտեղ նույնպես կա ընդգծված առաջատար՝ Մյունխենի «Բավարիան», ով էլ իր հերթին 25 խաղերից հետո 4 միավորի առավելություն ունի «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։ Իսպանական Լա լիգայի ղեկավարությունը դեռեւս չի կողմնորոշվում, սակայն առաջնության ամենահավանական շարունակությունը նեղ գրաֆիկով հանդիպումներ անցկացնելն է, որին կարող են դեմ լինել շատ ակումբներ։ Եթե իսպանական թիմերը դեմ լինեն այդ որոշմանը, ապա առաջնությունը կավարտվի առանց հանդիպումներ անցկացնելու, եւ չեմպիոն կհռչակվի կատալոնական «Բարսելոնան», որովհետեւ հենց նրանք են ընթացիկ մրցաշրջանի առաջատարը։ Ֆրանսիայի Լիգա 1-ը նույնպես կարող է ստանալ նույն սցենարը. այստեղ առաջատարը փարիզյան ՊՍԺ-ն է։ Ստեղծված իրավիճակում մյուս առաջնություններից ցանկանում է տարբերվել իտալական Ա Սերիան, որտեղ ամենահավանական տարբերակը փլեյ-օֆֆ փուլ անցկացնելն է։ Առաջնության առաջին 4 հորիզոնական զբաղեցնող թիմերը կբաժանվեն երկու զույգի ու կիսաեզրափակչի եւ եզրափակչի օգնությամբ կորոշեն երկրի չեմպիոնին։ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին քառյակում են՝ Թուրինի «Յուվենտուսը», Հռոմի «Լացիոն», Միլանի «Ինտերն» ու Բերգամոյի «Ատալանտան»։
Եվրագավաթային մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլերը կարող են անցկացվել մեկական հանդիպումով եւ չեզոք դաշտում։
Ֆուտբոլային գերատեսչությունները վերջնական որոշումներ կկայացնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Ցավալի է, բայց փաստ է՝ COVID-19 կորոնավիրուսը այս շրջափուլում գրոհեց ու հաղթեց համաշխարհային սպորտին։ Բոլոր այս իրադարձությունները, որոնց մասին խոսեցինք, անչափ կարեւոր են, սակայն մարդկային կյանքը՝ է՛լ ավելի։
Վերջում հավելենք, որ ամռանը նախատեսված երկու գլխավոր սպորտային իրադարձությունները՝ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունն ու Տոկիոյի Օլիմպիական խաղերը նույնպես կարող են հետաձգվել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ «ԵՎՐՈ-2020»-ը կկայանա աշնանը, իսկ օլիմպիական խաղերը՝ 2022 թվականին։
Համաշխարհային սպորտը տագնապած է, բայց վստահ է, որ կհաղթի մեր ժամանակների ժանտախտին։ «Մենք կհաղթենք քեզ». պետք է կրկնել այս խոսքերն անդադար…
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՅՍՈՒՀԵՏ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ
Հանրապետության հրապարակում՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմացի հատվածում, այսուհետ թույլատրվելու է տուրիստական ծառայություններ մատուցող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների կայանումը, այլ տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է մեքենան կայանել հիշյալ հատվածում: Հիշեցնենք, որ տուրիստական միկրոավտոբուսների վարորդները օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում շարունակել կայանել իրենց ավտոմեքենաները:
ՌԴ-Ն ՄՈՒՏՔԸ ՓԱԿԵՑ
Ռուսաստանի իշխանությունները երեկ փակել են մուտքը Իտալիայից ժամանողների համար եւ մուտքի արտոնագրեր չեն տրամադրում այդ երկրի քաղաքացիներին: Կարանտինը խախտած մոտ հարյուր չինացի ուսանողներ արտաքսվում են Մոսկվայից: Քաղաքապետ Սոբյանինը հայտարարել է Նոր Մոսկվայում հատուկ հիվանդանոցի կառուցման մասին: Իտալիայում, որտեղից նոր կորոնավիրուսի համաճարակը սկսեց տարածվել ամբողջ Եվրոպայում, իրավիճակը բարդ է մնում: Վերջին մեկ օրում 189 մարդ է մահացել: Մահացությունների ընդհանուր թիվը գերազանցեց հազարը, գրեթե 13 հազար մարդ հիվանդ է: Չինաստանը, որտեղ համաճարակն սկսել է անկում արձանագրել, Իտալիային օգնություն է խոստացել:
ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, որի մասին հայտարարել են, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին է: Զ. Բաթոյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չկա: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը նախօրեին ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել Երեւան: