ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Ընդ որում` այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, Երեւանի տարբեր վարչական շրջաններում դրանց գինը բարձրցել է։ Գնային նույն պատկերն է նաեւ ՀՀ մարզային քաղաքներում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի միջին գինը հունվարին կազմել է 659 հազար 500 դրամ կամ 1345 դոլար, դեկտեմբերին` 655 հազար 500 դրամ: Իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի համեմատ` այս տարվա նույն ժամանակահատվածում Երեւանի կենտրոնում բնակարանները վաճառվել են մեկ քմ-ն 572 հազար դրամով:
Համաձայնեք, որ մտահոգիչ է մեկ տարվա ընթացքում 87 հազար 500 դրամով թանկացումը: Ավելին, ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների` մեկ ամսվա ընթացքում 4000 դրամով թանկացումը եւս մտահոգող է:
Մայրաքաղաքի մյուս բանուկ թաղամասում` Արաբկիր վարչական շրջանում եւս բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է. այստեղ եթե նախորդ տարվա դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 453 հազար դրամով, ապա հունվարին այն ունեցել է 456 հազար 600 դրամ արժեքը, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարին այն վաճառվել է 390 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի մյուս վարչական շրջաններում նույնպես բնակարանի թանկացում է արձանագրվել: Օրինակ` Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 315 հազար դրամից թանկացել է` դառնալով 317 հազար դրամ, Ավանում 295 հազար 100 դրամից դարձել է 297 հազար դրամ, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում 332 հազար 50 դրամից բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է` դառնալով 334 հազար 500 դրամ, Դավթաշենում 343 հազար դրամից դարձել է 344 հազար 500 դրամ:
Ըստ մասնագետների` անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Իսկ, ահա, երկրորդ պատճառը բանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը:
Չնայած թանկացմանը` նկատենք, որ բնակարանների նկատմամբ իրականացված գործարքների թիվն է զգալի պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հունվարին ընդհանուր Հայաստանում իրականացվել է բնակարանների առուվաճառքի 3332 գործարք, մինչդեռ մեկ ամիս առաջ` դեկտեմբերին, դրանց քանակը կազմել է 5593, այսինքն` 2261-ով պակաս:
ՀՀ մարզային քաղաքների մեծ մասում բնակարանները կա՛մ թանկացել են, կա՛մ էժանացել, կա՛մ էլ պահպանել նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ` Արագածոտնի մարզի Թալինում բնակարանների մեկ քմ-ն ե՛ւ դեկտեմբերին, ե՛ւ հունվարին վաճառվել է 74 հազար 300 դրամով, իսկ Ապարանում, հակառակը, 88 հազար 300 դրամից թանկացել է`դառնալով 89 հազար դրամ:
Գեղարքունիքի մարզի Գավառում բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 58 հազար 600 դրամ: Նույն մարզի Մարտունիում բնակարանի մեկ քմ-ի գինը հունվարին պահպանել է նախորդ տարվա դեկտեմբերի մակարդակը՝ 115 հազար դրամ։
Սահմանամերձ Տավուշի Իջեւանում բնակարանները թանկացել են մեկ ամսվա ընթացքում 1500 դրամով: Դիլիջանում նախորդ տարվա դեկտեմբերին այն կազմել է 123 հազար 200, իսկ այս տարվա հունվարին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 123 հազար 900 դրամ:
Սահմանամերձ Նոյեմբերյանում անշարժ գույքի շուկայում թանկացում է արձանագրվել: Այս քաղաքում բնակարանի մեկ քմ-ն անցյալ տարվա դեկտեմբերին վաճառվել է 74 հազար 200 դրամով, իսկ հունվարին` 75 հազար 200 դրամով: Սյունիքի Գորիսում բնակարանների գները էժանացել են (2019-ի դեկտեմբերին մեկ քմ-ն` 148 հազար 300 դրամ, իսկ հունվարին` 147 հազար 300 դրամ), Մեղրիում, հակառակը, թանկացել է` 106 հազար 500 դրամից դառնալով 107 հազար 300 դրամ:
Հայաստանի հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բնակարանների մեկ քմ-ն դեկտեմբերին վաճառվել է 150 հազար 800 դրամով, իսկ հունվարին` 153 հազար դրամով: Իսկ, ահա, տուրիստական Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն ե՛ւ նախորդ տարվա դեկտեմբերին, ե՛ւ այս տարվա հունվարին 282 հազար 500 դրամ է արժեցել, բայց նույն մարզի Աբովյանում՝ 182 հազար 300 դրամ: Նկատենք, որ Ծաղկաձորի հարակից Հրազդանում բնակարանների մեկ քմ-ն հունվարին վաճառվել է 68 հազար 900 դրամով:
Այն, որ մարզերի զարգացվածությունը շատ փոքր է՝ Երեւանի համեմատ, դա վաղուց հայտնի փաստ է, մինչդեռ Հայաստանի նախկին կառավարությունների ծրագրի գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է եղել: Բայց, արի ու տես, այս ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվում. մարդիկ շարունակում են գյուղերի տները վաճառել եւ բնակություն հաստատել Երեւանում։ Մարզերում նաեխեւառաջ պետք է լուծվի աշխատատեղերի ստեղծման խնդիրը. մարդիկ աշխատանք չունեն, եւ այն գտնելու հույսով նրանցից շատերը իրենց բնակարաններն ուղղակի կողպում են կամ վաճառում: Սա է պատճառը, որ ՀՀ որոշ մարզային քաղաքների անշարժ գույքի շուկայում անգամ թեթեւ ակտիվացում չկա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐ ԵՆ

Մարտի 15-ին Հայաստանի երեք մարզերում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Օրինակ՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում գյուղապետի ընտրությունները թեժ մթնոլորտում են անցել։

Ագարակի համայնքապետի պաշտոնի համար պայքարել են 5 թեկնածու, բայց գյուղապետ ընտրվել է «Ագարակ գրաֆ գազ» ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը՝ հավաքելով 575 ձայն։ ՀՀ Լոռու մարզի Չկալովի համայնքում գյուղապետի ընտրություններին առաջդրվել է մեկ թեկնածու՝ գործող անկուսակցական գյուղապետը՝ Ռոման Շաքարյանը։ Նրան ընտրել է 78 հոգի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս Չկալով համայնքում առաջադրվել էր նաեւ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը՝ Վահե Մխիթարյանը, սակայն նա առաջադրվելուց կարճ ժամանակ անց ինքնաբացարկ է հայտնել։ Իսկ, ահա, Շիրակի մարզի Գեղանիստում պայքարող թեկնածուները երկուսն են եղել՝ համայնքի գործող ղեկավար Աղասի Զազարյանն ու գյուղի անհատ ձեռներեց Սենիկ Մարտիրոսյանը։ Գործող գյուղապետը իր մրցակցից հավաքել է 280 ավելի ձայն։ Նույն մարզի Նահապետավան գյուղում առաջադրված միակ թեկնածուն գործող գյուղապետն է եղել՝ Գոռ Պետրոսյանը, որը հավաքել է 250 ձայն։ Մինչեւ գյուղապետի ընտրությունները, բացի Գոռ Պետրոսյանից, առաջադրվել էր նաեւ գյուղապետարանի տնտեսվարը, որը ինքնաբացարկ է հայտնել։ Բնականաբար, նրա առաջադրումը կրել է արհեստական բնույթ։ Մրցակից չի ունեցել նաեւ Շիրակի մարզի Տուֆաշենի առաջադրված թեկնածուն՝ գործող գյուղապետ Արտակ Եգորյանը. նրան ընտրել է 165 հոգի։ Նկատենք, որ բոլոր առաջադրված թեկնածուներն էլ անկուսակցական են եղել։ Համենայնդեպս, այդպես գրանցվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս