ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է «Զվարթնոց» օդանավակայանում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հորդորում է քաղաքացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ մնալ նման վերաբերմունքից։ Ակնհայտ է, որ քաղաքացիները դիմակները օգտագործելուց հետո նետել են գետնին։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Առեւտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունն արդյոք կարո՞ղ է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել, թե՞ ոչ:

Նաիրա Պետրոսյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.7 հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը:

Նշված հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը։

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Եթե երեխայի ավագ եղբայրը կամ քույրը հաճախում են տվյալ դպրոց, ապա նրան որեւէ արտոնություն տրվո՞ւմ է։ Արտերկրում գտնվողն ինչպե՞ս պետք է առցանց գրանցվի։

Էլեն Եղիազարյան (32 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` ցանկացած ծնող իրավունք ունի երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը եւ կրթության ձեւը: Հետեւաբար, որեւէ չափանիշ՝ ներառյալ բնակավայրին կամ աշխատանքի վայրին մոտ գտնվելու կամ տվյալ դպրոց հաճախող քույր կամ եղբայր ունենալու փաստը, չի կարող որեւէ երեխայի գրանցման համար առաջնահերթություն ապահովել։ Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան սովորի հենց Ձեր նախընտրած դպրոցում, ապա հարկավոր է հնարավորինս շուտ գրանցվել առցանց համակարգի միջոցով, քանի դեռ տվյալ դպրոցի համար սահմանված տեղերը չեն սպառվել:

Հայտնում ենք նաեւ, որ եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես՝ հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի եւ ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրվում է հաշվառվելու դեպքում անձնագրային բաժինների կողմից:

ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր ծնող, անկախ իր գտնվելու վայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել հանրակրթական դպրոցներում առաջին դասարան հաճախելու համար:

 




Լրահոս