Ո՞Ր ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին շրջանում մի քանի ապրանքատեսակների գնաճ է գրանցվել, եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ապրիլի 3-ին՝ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տված խորհուրդը, հնարավոր է, չօգնի: «Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա, որպես սպառողներ, մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են»,- ասել էր նախարարը:

Նշենք, որ վերջին շրջանում գների բարձրացումն այնքան էլ կապ չունի կորոնավիրուսի վարակի տարածման, փակ սահմանների ու տնտեսական դժվարությունների հետ։ Դրանք նախատեսված էին շատ վաղուց՝ ԵԱՏՄ պայմանների թելադրմամբ։ Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացել են, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Եվ թերեւս ստեղծված իրավիճակն էր պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացատրեց իրավիճակը։ Եվ արդեն դրանից հետո պարզ դարձավ, որ ԵԱՏՄ շրջանակներում բանակցությունների միջոցով հնարավոր է եղել հասնել նրան, որ 600 ապրանքների մաքսատուրքերը, որոնք բարձրացել էին այս տարվա հունվարի 1-ից, վերադառնան նախկին մակարդակին՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Համապատասխան որոշումը երեկ կառավարության նիստում ընդունվելուց հետո ուղարկվեց խորհրդարանին՝ արագ վավերացնելու համար, եւ այն կսկսի գործել հենց պաշտոնական հրապարակման օրվանից։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս  գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացումը հանգեցրել էր գնաճի հետեւյալ ապրանքների շուկայում՝  մսամթերք՝ 15-25 տոկոսով, ձեթ, կարագ` 15, դեղորայք` մինչեւ 6.5 տոկոս, կաթնամթերք՝ 15 տոկոս, ցորեն , գարի, եգիպտացորեն՝ 5 տոկոս, լոբի, բրինձ՝  6 տոկոս, եւ այլն։ Եվ այս որոշման արդյունքում ստացվում է՝ հակառակ երեւույթը պետք է տեղի ունենա, եւ այս ապրանքախմբերի գինը վերադառնա նախկինին, որն առկա էր մինչեւ հունվարի 1-ը։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ծանուցում է ուղարկել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու եւ քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ ՀՀ քնչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ Վիգեն Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն, ստանալով պատասխանը, դեռեւս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել։ Ասել է թե՝ Քննչական կոմիտեն դեռ չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար, եւ գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին ՀՀ քննչական կոմիտե՝ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Եւ հիմա էլ՝ այս շրջապտույտից հետո, նախաքննական մարմինը ծանուցում է ուղարկել Վիգեն Սարգսյանին` ներկայանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, ինչին ի պատասխան՝ ՔԿ լրատավական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Մինչ քրեական գործը ՀՔԾ ուղարկելը ՀՀ քննչական կոմիտեն Վիգեն Սարգսյանին քրեական գործի շրջանակներում ծանուցում է ուղարկել որպես վկա հարցաքննության ներկայանալու համար: Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

 

 

 

 

 

 

Եկող շաբաթը ծանր է լինելու իշխանությունների համար: Կառավարությունը երկուշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 14-ից կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել, թե ավարտել: «Ժողովուրդ» օրաթերթը իշխանական աղբյուրներից փորձեց պարզել, թե ինչ գիտեն ԱԺ պատգամավորները ՀՀ-ում  արտակարգ իրավիճակը երկարաձգելու կամ ընդհատելու վերաբերյալ: Պարզվեց, որ իշխանական թիմում էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում: Մի շարք հաշվարկներ կան դեռ անելու, որպեսզի հասկանան` կորանվիրուսի տարածումն արդեն վերահսկելի է, թե պետք է երկարացնել սահմանափակումները: Թեեւ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է որոշ ոլորտների սահմանափակումները հանել, եթե արտակարգ դրությունն, այնուամենայնիվ, շարունակվի; «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել՝ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, թե ոչ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա նշեց. «Դեռ որեւէ որոշում չկա։ Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը՝ մինչ սահմանված ժամկետի ավարտը, նոր որոշում կլինի»։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը եւ մեր երկրի ազգային ավիափոխադրողը, սնանկ է ճանաչվել։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 10-ից: Ի դեպ, ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ Միխաիլ Բաղդասարովի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Նարեկ Նազարյանը: Նշենք, որ Միխաիլ Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Վահե Խաչատրյան անունով քաղաքացի։ Պարզվում է՝ Բաղդասարովին քաղաքացին դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին տրամադրել է 70 մլն դրամ գումար։ Բաղդասարովն այն խոստացել է հետ վերադարձնել հոկտեմբերի 31-ին, սակայն չի կատարել ստանձնած պարտավորությունը։ Վահե Խաչատրյանը դիմել է դատարան եւ խնդրել Բաղադսարովին ճանաչել սնանկ։ Ի դեպ, Բաղդասարովը փետրվարի 17-ին ստացել է դիմումի պատճենը եւ սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Հիշեցնենք, որ 2012 թվականին էլ սնանկացել էր Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Երեւանի քաղաքապետարանը: Դրանից տարիներ առաջ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր եւ ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Իսկ հետագայում Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկացել են։

 




Լրահոս