Ովքեր են հեղափոխությունից հետո մնացել պետական համակարգում. նոր իշխանության հին կադրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր  ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Այսինքն՝  Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ այսօր էլ՝ հեղափոխությունից երկու տարի անց, պետական կառավարման համակարգում դեռեւս շատ են, ինչպես ինքը ձեւակերպեց, «Սերժի մնացորդները», ինչը նշանակում է, որ նախկին իշխանությունները դեռեւս շարունակում են ազդեցություն պահպանել պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում։ Սակայն այստեղ կարեւոր է, թե, ի վերջո, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի որակում տալով, քանի որ հենց կառավարման համակարգի վերին օղակներում եւս կան պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ եղել են այդպիսին նաեւ մինչեւ հեղափոխությունը։

Այսպիսով, նախարարների մեջ էլ կան նախկին պաշտոնյաներ.

Նրանք են՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (մինչ հեղափոխությունը եղել է նախարարի տեղակալ), շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը (վարչապետի օգնական, նախարարի տեղակալ), ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը (երկար տարիներ եղել է նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ), պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (եղել է փոխնախարար, ԱԻ նախարար)։ Այսպիսով, արդյոք խոսքը նրա՞նց մասին է, թե՞, ամեն դեպքում, մեկ կամ երկու աստիճան ցածր գտնվող պաշտոնյաների մասին։ Ինչ իրավիճակ է հենց այս նախարարություններում. օրինակ՝ նույն ֆինանսների նախարարն ունի երեք տեղակալ։ Նախարարի առաջին տեղակալը երկարամյա պաշտոնյա է, զբաղեցրել է պաշտոններ նաեւ դատախազությունում եւ ՊԵԿ-ում, այդ թվում եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ, խորհրդական։ Մյուս տեղակալ Արման Պողոսյանը մինչեւ այժմ տարբեր վարչություններում պետերի պաշտոն է զբաղեցրել, իսկ Արմեն Հայրապետյանը, բացի վարչություններ ղեկավարելուց, եղել է նախարարի տեղակալ։ Ստացվում է՝ Ֆինանսների նախարարության ղեկավար կազմը հին կադրեր են։

Շրջակա միջավայրի նախարարի երկու տեղակալներ՝ Վարդան Մելիքյանն ու Իրինա Ղափլանյանը, ղեկավար պաշտոններ նախարարությունում նախկինում չեն զբաղեցրել, եղել են տարբեր ծրագրերի ղեկավարներ։ Պաշտպանության նախարարի տեղակալներն են Մակար Ղամբարյանն ու Գաբրիել Բալայանը։ Ղամբարյանը երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի տեղակալները երեքն են՝ Արա Նազարյանը, Արկադի Բալյանը եւ Արմեն Հարությունյանը։ Արա Նազարյանը համակարգում ամենեւին էլ նոր մարդ չէ, նա մինչ այս զբաղեցրել է նաեւ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք։ Արկադի Բալյանը 1996-2017 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ օպերլիազորից մինչեւ գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ, 2017-2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակաատարողական հիմնարկի պետի պաշտոնը։ Իսկ, ահա, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ունի 5 տեղակալ։ Նրանցից Ավագ Ավանեսյանը մինչ այս վարչության պետերի պաշտոններ է զբաղեցրել, Վարոս Սիմոնյանը եղել է Եվրոպական միությունում ՀՀ առեւտրային ներկայացուցիչը: Այսպիսով, սա միայն այն նախարարությունների մասով, որոնք ղեկավարում են հենց նախկին իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, սակայն նրանք կան նաեւ այլ համակարգերում։  Օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը եղել է արդարադատության նախարարի տեղակալ, Կամո Արեյանն էլ Երեւանի քաղաքապետարանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից է։

Ի վերջո, ովքե՞ր են «Սերժի մնացորդները», եւ ինչ է սպասվում նրանցից ազատվելուց հետո, արդյոք այդքան կադրային ռեսուրսներ առկա՞ են նրանց փոխարինելու համար։ Կամ ի՞նչ անեն այս եւ չթվարկված «սերժի մնացորդները», ինքնակամ դիմումներ գրե՞ն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս