Ադրբեջանը չի տիրապետում իր զորքին, կառավարվում է այլ կետից․ Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակը, ըստ որի՝ հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Այս հայտարարության առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շատ հստակ և կոնկրետ արտահայտել է մեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցի վերաբերյալ: Տևական ժամանակ է` շրջանառվում են ձևավորված սկզբունքներ, որին պայմանականորեն անվանում են Մադրիդյան սկզբունքներ, որոնք ենթադրում են փուլային լուծում, որին մենք դեմ ենք, և առաջարկել ենք մեր առաջնահերթությունները, որոնք այս պահի դրությամբ հետևյալն են՝ Արցախի Հանրապետության անվտանգության և հստակեցված կարգավիճակի խնդիրը: եթե այս խնդիրները երաշխավորված լուծվում են, ապա կարող ենք խոսել հնարավոր փոխզիջման մասին, բայց քանի դեռ այդ երկու խնդիրները մեզ համար հստակեցված չեն, մենք որևէ փոխզիջման չենք գնա։ Լավրովի այն պնդմանը, թե կա փաստաթուղթ, որը քննարկվում է, մեր կողմից բազմիցս նշվել է` խոսքը ոչ թե ինչ-որ փաստաթղթի քննարկման մասին է, այլ տարիների ընթացքում ձևավորված սկզբունքների վերաբերյալ մեկնաբանությունների և փոխադարձ ընկալումների պարզաբանման մասին է:

Շիրակ Թորոսյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը ինքնորոշվել է և պայքարել է ազատ ապրելու իրավունքի իրացման համար, և այսօր մենք շարունակում ենք այս մոտեցումները՝ առաջնահերթությունը տալով ազգերի ինքնորոշման իրավունքին և պետության անվտանգությանը։

«Հակառակորդի երեկվա անօդաչու թռչող սարքի ներթափանցման փորձը չէի կապի Լավրովի հայտարարությունների հետ, նախկինում էլ նրանք պատեհ-անպատեհ նման փորձեր կատարել են։ Ես սա ավելի շուտ կկապեմ Թուրքիայի գործոնի հետ։ Թուրքիան և Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, և կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո համաշխարհային հանրության ուշադրությունը շեղվել է թեժ կետերից, շատ քիչ է խոսվում սիրիական կոնֆլիկտի մասին, որտեղ ակնհայտ երևում են ռուս-թուրքական հակասությունները»,-նկատեց նա։ Պատգամավոի դիտարկմամբ՝ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը չի տիրապետում իր զորքին և կառավարվում է այլ կետից, և երբեմն նրա ագրեսիան կարող է պայմանավորված լինել Թուրքիայի նախաձեռնությամբ Ռուսաստանին ատամ ցույց տալու
գործոնով;

Լիդա Եղիազարյան




Լրահոս