«ՄԵԶ «ՊՈՒՊՈՒՇ» ՂԵԿԱՎԱՐ ՊԵՏՔ ՉԷ». ՇՊՌՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմի մասին  «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ամերիկաբնակ երգչուհի Շպռոտի հետ, որն այս ամիսների ընթացքում իրականացնում է մի շարք մարդասիրական նախաձեռնություններ:

 

«Մեր օգնությունն այստեղից կարող է միայն գումարի տեսքով լինել: Սկզբում, ինչպես բոլորը, օգնում էի միայնակ, ինչպես կարող էի, հետո միացան նաեւ ընկերներս, ապա  երաժիշտ  ընկերներով համախմբվելով՝ Համահայկական հիմնադրամին փոխանցեցինք 59.000$, այնուհետեւ Ինստագրամի միջոցով ինքս հավաքեցի 13.000$, որը կրկին ուղղվեց հիմնադրամին, ապա բիզնեսմեն ընկերներիս հետ միասին գումար հանգանակեցինք նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հետո ծանոթացա Մերիի հետ, ում միջոցով ծանոթացա վիրավոր զինվորների հետ, նրանց մասին նկարներ եւ վիդեոներ տեղադրեցի իմ էջում, որից հետո կրկին մարդիկ ձեռնամուխ եղան նրանց օգնելուն: Հստակ չգիտեմ, թե քանի զինվորի ընտանիքի ենք օգնել, բայց բոլորն էլ ստացել են օգնություն: Ունեմ երկու ընկերուհի, ովքեր մշտապես ամեն ամիս օգնություն են տրամադրում նրանց: Նախ՝ սկզբից փորձում ենք տղաների հետ տեսակապով զրուցել, որից հետո նոր ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը: Ամեն բան արվում է հնարավորինս բարձր մակարդակով եւ, որ ամենակարեւորն է, թափանցիկ: Յուրաքանչյուր փոխանցած գումարի կտրոն  նկարում եւ տեղադրում եմ էջումս, սակայն պետք է նշեմ, որ ես այս պահին այլեւս գումարի հավաքագրմամբ չեմ զբաղվում, բայց շարունակում եմ կապող օղակ լինել այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են օգնել տղաներին:  Ստանում եմ շատ շնորհակալական նամակներ ծնողների, զինվորիների կողմից, որոնք շատ թանկ են ինձ համար»,-նշում է երգչուհին:

Մեզ հետ զրույցում Շպռոտը հիշում եւ վերապրում պատերազմի թողած ծանր հետեւանքներն եւ հոգեվիճակը, որն այսօր զգում է յուրաքանչյուր հերոսացած զինվորի ընտանիք:

«Երբ հայրս զոհվեց, ես ընդամենը 11 տարեկան էի, մենք շատ վատ էինք ապրում: Մեզ, չգիտեմ՝ որտեղից, զանգահարեցին եւ ասացին, որ  երգչուհի Արաքսյա Վարդերեսյանը դրամական օգնություն է տալիս զոհվածների հարազատներին: Հիշում եմ, թե ինչպես էր նա նստած անձամբ գումարները բաժանում: Մայրիկիս հարցեր էր տալիս, իսկ ես, նստած նրա կողքին, նայում էի մատի մատանիին, որը մինչեւ վերջ դրված չէր, քանի որ մատով փոքր էր. նայելով ինձ՝ ասաց. «Անի՛ ջան, սիրել ես մատանին, ասացի՝ այո, ասաց, կարծեմ՝ եղբորս երեխայի մատանին է, փոքր է մատիս….»: Ինչո՞ւ եմ սա պատմում. քանի որ այդ ծանր օրերին մեզ այնքան շատ գումար էր անհրաժեշտ, եւ կար նաեւ մեկ ուրիշ ընտանիք, ով մեզ նույնպես օգնում էր Միացյալ Նահանգներից այդ տարիներին: Մայր եւ աղջիկ էին, երբ ծանրոց էր գալիս, ես եւ քույրս աշխարհով մեկ էինք լինում ուրախությունից: Ցավոք, այդ ընտանիքին կորցրել եմ, շատ եմ ուզում նրանց գտնել»,-հուզմունքով հիշում է նա:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, երգչուհին պատասխանում է. «Ես բացարձակ չգիտեի, որ մեր երկիրը նման բարդ քաղաքական վիճակում է եղել: Կարծում եմ՝ այս պատերազմը գերտերությունների կռիվ է Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար: Ափսոս, որ ուրիշի հողի վրա են իրենք իրենց հարցերը լուծում, նրանց համար՝ ուրիշի, մեզ համար՝ մեր հողի, ուղղակի այս պատերազմում շահող դուրս եկավ Ադրբեջանը: Ես ատում եմ քաղաքականությունը: Արցախի հարցը, փաստորեն, մի անլուծելի խնդիր էր: Շատ խառը եւ վատ դիվանագիտական խաղ էր, որի արդյունքում տուժեց մեր ազգը: Ինչպես հայտնի առածն է ասում, «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը», եւ սա ես իմ անձական կյանքում շատ եմ զգացել, եւ հիմա էլ ազգս է զգում միայնության եւ լքվածության դառնությունն ու ցավը»:

Շպռոտի դիտարկմամբ՝ այսօր մեր երկրում չկա այնպիսի քաղաքական ուժ, թեկնածու, ով կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին:

«Զզվում եմ քաղաքական բոլոր ուժերից ու ոչ մի ուժի չեմ վստահում: Փոխանակ լծվեն երկրին օգնելու ծանր գործին, զբաղված են գոռգոռալով: Հիմա մեզ պետք են հայրենասերներ, ոչ թե աթոռասերներ: Հայրենասիրությունը գործով է երեւում, այլ ոչ թե գոռալով: Սա է իմ միակ սպասելիքը քաղաքական ուժերից: Հիմա, եթե Նիկոլը գնաց, ուրիշ թեկնուծու ունե՞նք. եթե կա, թող գա, իսկ ո՞վ կարող է մեզ այս իրավիճակից հանել: Ես համոզվեցի, որ մեր երկրում դեմոկրատիա չկա, մենք մնացել ենք սովետի ազդեցության տակ: Մեզ  «պուպուշ» ղեկավար պետք չէ, մեզ ուժեղ դիկտատոր է պետք, բայց հայրենասեր, ով չի լափի ժողովրդի փողերը, սրտացավ կլինի իր ազգի նկատմամբ: Ես ինքս ռուսամետ եմ, կարծում եմ, որ  ռուսը, իր դիրքերն ամրացնելով մեր տարածքում, գոնե մեր կողքին կլինի: Ես լավատես մարդ եմ, քանի որ մենք շատ ուժեղ ժողովուրդ ենք, մեզ միայն պակասում է սերն ու քաղաքակրթությունը, որն էլ մեզ կօգնի լինել ավելի ուժեղ եւ խորագետ: Թող Աստված օգնի մեր ազգին»,-հավելում է երգչուհի Շպռոտը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԱՍՏՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը մի շարք միջոցառումներ էր նախատեսել՝ հարգանքի իր տուրքը մատուցելու համար Ռոբերտ Սահակյանցի 70 եւ Ռուբեն Գեւորգյանցի 75-ամյա հոբելյաններին։ Որոշում է կայացվել, սակայն, հետաձգել բոլոր միջոցառումները. հայտնում է միության ֆեյսբուքյան էջը։

 

«Մասնավորապես՝ նախատեսվում էին հոբելյանական հանդիսություններ Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում, որտեղ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ բացվելու էին հանրահայտ ռեժիսորների աստղերը, եւ հետահայաց կինոցուցադրումներ Կինոյի տանը:

Սակայն իրավիճակը, COVID-19 համավարակի օրեցօր վատթարացումը մեզ պարտադրում են խնայել մեր հանրությանը, որեւէ կերպ չվտանգել նրանց առողջությունը ու լինել չափազանց զգուշավոր:

Տեղեկացնում ենք, որ ընդառաջելով նաեւ ռեժիսորների ընտանիքների անդամների խնդրանքին՝ բոլոր միջոցառումները կհետաձգվեն եւ տեղի կունենան այն ժամանակ, երբ առանց զգուշանալու կարող ենք հավաքվել մի վայրում: Շնորհակալ ենք ըմբռնման համար…»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԽԱՂԻՆ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:  Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Աստանա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կայսար»-ին եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 87-րդ րոպեին: Այս տուրից հետո «Աստանա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է եւ ունի 30 միավոր:

 

 

ԽՈՍԵԼ Է ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻՑ

Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին: «Մենք խաղալու ենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի հետ եւ գիտակցում ենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում: Իհարկե, Մեսին չի մասնակցելու հանդիպմանը, սակայն առանց Մեսիի «Բարսելոնան» կկարողանա ավելի լավ պաշտպանվել: Այնուամենայնիվ, մտադիր չենք առանց միավորի հեռանալ խաղադաշտից»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

 

 

ԴՈՒԲԼ Է ՁԵՎԱԿԵՐՊԵԼ

Ղազախստանի առաջնության 20-րդ տուրում «Աստանան» տանը 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Կայսարի» նկատմամբ: «Աստանայի» կազմից դուբլ ձեւակերպեց Պիերոս Սոտիրիուն, գոլի հեղինակ դարձավ Մարին Տոմասովը: «Կայսարի» միակ գոլը խփեց Մաքսիմ Ֆեդինը: Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ է դուրս եկել «Աստանայի» մեկնարկային կազմում եւ խաղադաշտում անցկացրել է 87 րոպե: Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակում «Աստանան» այժմ 30 միավորով երրորդ տեղում է:՛

 

 

ՄՈՒՏՔԸ ՍՏԱԴԻՈՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է

Անգլիայում հանդիսականները կրկին հնարավորություն կստանան ստադիոնից հետեւել իրենց սիրելի թիմերի հանդիպումներին: Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն թույլատրել է հանդիսականների մուտքը ստադիոն, սակայն այն տեղի կունենա մի քանի փուլով: Առաջին փուլում ստադիոն կկարողանան մուտք գործել միայն 4000 հանդիսական, այնուհետեւ այդ թիվը մի քանի անգամ կմեծանա: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդիսականների մուտքը ստադիոն արգելվել էր մարտից:

 




Լրահոս