ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ինն օր է՝ ադրբեջանական կողմը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պաճառով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ, բացի այդ, Ադրբեջանը խափանել է նաեւ Արցախի գազամատակարարումը:

Արցախում կատարվող իրադարձություններին հետեւում են նաեւ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայ հայտնիները, որոնք համացանցային տիրույթում բարձրաձայնում  են Արցախում տիրող իրավիճակը եւ դիմում միջազգային կառույցներին:

ArmLur.am-ը ստորեւ ներկայացնում է նրանցից մի քանիսին:

Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյան. «Աշխարհում այնքան բան է կատարվում…. Երբեմն այդ ամենը կարող է ճնշող եւ հուսահատեցնող լինել:

Հայաստանում հենց այս պահին հումանիտար ճգնաժամ է սրվում: Արդեն երեք օր է, ինչ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակ է, ինչը խոչընդոտում է ազատ տեղաշարժին եւ մատակարարմանը: Բացի այդ, դադարեցվել է գազամատակարարումը 120 հազար մարդկանց համար ցածր ջերմաստիճանի պայմաններում»:

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյան. «Որքան երկար եք լռում, այնքան երկար է տեւում աղետը: Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում այս հարցում: Սա վերաբերում է ցանկացածին, ում թվում է, թե այս հարցն իր խնդիրը չէ… Բարձրացրե՛ք ձեր ձայնը»:

Ռուս հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյան. «Բոլորը քաջ գիտակցում են, որ մի քանի օր է, ինչ ամբողջությամբ փակված է Հայաստանը Արցախի հետ կապող միակ կյանքի ճանապարհը։ 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մնացել են առանց առաջին անհրաժեշտության դեղամիջոցների, առանց բենզինի եւ դիզվառելիքի, գազամատակարարումն ամբողջությամբ անջատված է։ Որպես բժիշկ եւ որպես մարդ՝ խնդրանքով դիմում եմ բոլոր անհատներին, բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են օգնել՝ ապաշրջափակելու կյանքի ճանապարհը. խնդրում եմ քայլեր ձեռնարկել, կանխել հումանիտար աղետը, որը, ցավոք, արդեն սկսված է»։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՑՈՒՅՑԵՐ

Արդեն իններորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ:

Արցախում կատարվող իրադարձություններից անմասն չեն  մնում եւ իրենց ձայնն են  բարձրաձայնում ոչ միայն սոցիալական հարթակներում, այլ նաեւ անձամբ ներկա են գտնվում բողոքի ակցիաներին:

ArmLur.am-ը ստորեւ ներկայացնում է նրանցից մի քանիսին:

Ծնունդով արցախցի դերասանուհի Տոմա Պետրոսյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներին եւ իր անվերապահ աջակցությունն է հայտնել հայրենակիցներին եւ Արցախին:

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը նույնպես ներկա է գտնվել արցախահայությանն աջակցող բողոքի ակցիային եւ սոցիալական հարթակում կոչ արել իր հետեւորդներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քայլերը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀՖՖ-Ն ԴԱՏԻ Է ՏԱԼՈՒ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատի է տալու Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին:

ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաեւ դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի եւ ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Արթուր Սողոմոնյանը նաեւ քննադատել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը եւ պահանջել էր ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:




Լրահոս