Զինվորական կացարանի հրդեհի ողբերգական դեպքով թմրաբանական փորձաքննության է ենթարկվել սպան. պատասխանը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ Գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը: Մեզ հայտնի դարձավ, որ փորձաքննության եզրակացության պատասխանը նախաքննական մարմինը ստացել է, որտեղ նշված է եղել, որ սպայի մոտ թմրանյութի որեւէ հետքեր չկան: Տեղեկությունը փորձեցինք պարզել նաեւ սպայի փաստաբան Հովսեփ Սարգսյանից, որը հաստատեց տեղեկությունը:

Հիշեցնենք, որ ArmLur.am– ի տեղեկություններով՝ երեկ Այրվածքաբանության կենտրոնում հարցաքննվել է եւ ցուցմունք է տվել հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը:

Գրել էինք, որ ծնողներից մի քանիսն արդեն հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այն, ինչ հրապարակային հայտարարել են ծնողները, նույնը պնդել են նախաքննական մարմնում:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը 15 զինծառայողների մահվան գործով նշանակել է թմրաբանական փորձաքննություն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր անձամբ տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատել էին. «Այո՛, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»:

Բանն այն է, որ սպայի եւ մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե ինչու մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները դուրս չեն եկել այրվող կացարանից եւ փրկել իրենց կյանքը: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել»:

Քնար Մանուկյան 




Լրահոս