ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լայպցիգի արհեստագործական պալատի եւ «Մասնագիտական կրթություն եւ ուսուցում (ՄԿՈՒ) -համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում մեկնարկող համագործակցության նոր ծրագրերը: «Բիզնես եւ կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) եւ «Բիզնես եւ կրթություն» ասոցիացիան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի արհեստագործական պալատի հետ 2023 թ. հունվարից նախատեսում են սկսել նոր ծրագրեր՝ ուղղված մասնագիտական կողմնորոշման զարգացմանը եւ շինարարության ոլորտում նոր մասնագիտական ծրագրերի իրականացմանը: «Բիզնես եւ կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանը ներկայացրել է ՄԿՈՒ հաստատությունների հետ նախատեսվող ծրագիրը՝ կարեւորելով նախարարության հետ համագործակցությունը ոլորտային բարեփոխումների շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը կրթության զարգացման կարեւորագույն ուղղություններից է: Ըստ փոխնախարարի՝ ոլորտի զարգացմանը մեծապես կնպաստի «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ հաստատությունների հզորացման համար:

«Մասնագիտական կողմնորոշումը մարդկային կապիտալի եւ հանրային զարգացման ուղիղ գործիքներից է, որի շարունակական բարելավումն ու վերափոխումը կարեւորագույն խնդիր է: Այդ առումով մենք շեշտադրել ենք մի քանի առաջնահերթություն ու մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի զարգացման հարցը դիտարկում ենք իբրեւ ինստիտուցիոնալ խնդիր»,-նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս համատեքստում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում կան դպրոցներ, որտեղ փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրերը:

«Մեր նպատակն է նպաստել սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը՝ ըստ անձի հետաքրքրությունների, կարիքների եւ առանձնահատկությունների: Մենք նաեւ կարեւոր ենք համարում ձեւավորել աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկ՝ հիմքում դնելով մասնագիտական գիտակից ընտրության հնարավորությունը: Մեր համագործակցությունը կարող է միտված լինել ինչպես ընդհանուր համակարգի զարգացմանը, այնպես էլ համապատասխան մասնագիտությունների ներդրմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Ըստ աղբյուրի՝ հյուրերը ներկայացրել են գերմանական փորձը՝ մասնավորապես անդրադառնալով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելին, որը նախ կիրառվել է փորձնական ծրագրերով, այնուհետեւ դարձնել ինստիտուցիոնալ:

Նշվել է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը համակարգային կդառնա նաեւ ՀՀ-ում նոր օրենքի ընդունումից հետո: Միջազգային գործընկերները հետաքրքրվել են նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում առաջարկվող կարգավորումներից ու մեխանիզմներից: ԿԳՄՍՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ ոլորտի բարելավման ու զարգացման համար կատարվել են մի շարք փոփոխություններ, իրագործվել  են փորձնական ծրագրեր, մշակվում են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ: «Օրենսդրական բարեփոխումների հիմքում ընկած է նաեւ միջազգային փորձը, որն իր նպաստը կբերի համակարգի կատարելագործմանը եւ ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը»,- նշել է Արմենուհի Պողոսյանը: Հանդիպմանն ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնմանը միտված մի շարք աշխատանքային հարցեր:

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել։ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ պատճառով նա բանակում չի ծառայել։ Ի պատասխան մեր հարցմանը՝ նշված էր. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է՝ տվյալ ժամանակահատվածում գործող օրենքի պահանջներին համապատասխան»։

 

Մարզպետը, ըստ էության, թաքցրել է բանակում իր չծառայելու պատճառը։ Նա 1990-ական թվականերին չի մասնակցել Տավուշի մարզի սահմանների պաշտպանությանը, թեեւ այդ ժամանակ չափահաս էր։ 2020թ. հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր հայ տղամարդկանց՝ նրանց կոչ անելով զենք վերցնել եւ մեկնել Արցախ։ Առաջիններից մեկն արձագանքեց նրա հարսանիքի քավոր, այդ ժամանակ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը։ Վերջինս հետեւյալ կոչով դիմեց իր հայրենակիցներին. «Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջեւան» կամավորական ջոկատը։ Հայրենիքի առջեւ իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին։ Կոչ եմ անում բոլորիդ համախմբվել եւ միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը։ Վստա՛հ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար»։ Այդ ջոկատը, Տավուշի մարզում մի քանի օր վարժանքների մասնակցելով, Արցախ չմեկնեց, նաեւ չմեկնեց Տավուշի սահմանագոտին պաշտպանելու։ Ջոկատն ինչո՞ւ Արցախ չմեկնեց, չմասնակցեց Տավուշի մարզի սահմանների պաշտպանությանը։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումին Տավուշի մարզպետը պատասխանել է. «Կամավորական սկզբունքով կազմավորվել է ջոկատ, որը հանդերձավորվել, սպառազինվել եւ անցել է նախապատրաստական վարժանքներ x զորամասում։ Կամավորական ջոկատի կիրառման բոլոր հարցերը կոորդինացվել են ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների կողմից։ Ծառայության համար իմ կողմից ստացված ամբողջ գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։ Արցախ մեկնելու համար կամավորագրվածերից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, հայտնեց. «Ես էլ եմ այդ գումարտակից եղել, մի 5-6 օր գնացինք, պարապեցինք, որ պետք է տանեին Տավուշի դիրքեր, հետո ասացին՝ գնացե՛ք, ձեր տներում պատրաստ սպասեցե՛ք, մինչեւ կկանչենք. այդպես էլ չկանչեցին։ Հետո երկու ամսվա համար մի 200 հազար դրամ տվին, չգիտեմ՝ ինչի համար»։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ՄԻ ԿԵՐՊ ԻՐԱՑՐԵԼ ԵՆ

2022 թվականի աշնանը Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնել էր, որ Բերդ համայնքի Չինարի եւ Այգեձոր գյուղերում մոտ 50 տոննա կորոլյոկի (արքայանարնջի) բերք կա, սակայն այն չի իրացվում, անգամ կիլոգրամը 200 դրամով գնորդներ չկան։ Վարչական ղեկավարն ասել էր, որ կորոլյոկի բերքը չիրացվելու դեպքում գյուղացիները դրանից օղի են թորելու։ Ս. Սաղոյանին հարցրի, թե գյուղացիներին աշնանը հաջողվեց արդյոք կորոլյոկի բերքը ծախել, նա ասաց, որ գյուղացիները կորոլյոկի բերքի մի մասն էժան՝ կիլոգրամը 100-150 դրամով վաճառեցին գյուղ եկած գնորդներին, մի մասը տարան Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս, Մարտունի, եւ այնտեղ փոխանակեցին կարտոֆիլի հետ։ Ս. Սաղոյանն ասաց՝ սահմանամերձ Չինարիում չրի երկու արտադրամաս կա, որոնց տերերը գնեցին գյուղի կորոլյոկի բերքի մի մասը։ Այնուամենայնիվ, բերքն ամբողջությամբ չի իրացվել, եւ մնացած կորոլյոկը այգետերերը տեղավորել են տակառներում, որպեսզի գարնանը կորոլյոկի օղի թորեն։ Կորոլյոկի օղին գյուղացիների շրջանում լավ համբավ եւ պահանջարկ ունի։

 

 

 

 

ԶՈՐԱՀԱՎԱՔ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում (tavush.mtad.am) տեղադրված է հայտարարություն այն մասին, որ փետրվարի 7-ին նշանակված է Տավուշի մարզխորհրդի նիստ։ Նիստի օրակարգի 4-րդ հարցը հետեւյալն է. «2022 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2023 թվականի գարնանային զորահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին։ Զեկուցող՝ Գ. Մատինյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստական բաժնի վարիչ»։

Մասնակի կամ ընդհանուր զորահավաք հայտարարում են պատերազմի ժամանակ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկերն ու հարսանիքի քավորն է. մարզպետը գուցե ինչ-որ բան գիտի գարնանը սպասվող պատերազմի մասին: Կարելի է նաեւ ենթադրել, որ «զորահավաք» բառն օգտագործելը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային անփութության հետեւանք է։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս