Դրամահավաքներ մանկապարտեզներում. ծնողներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնական տարվա ավարտը հայտնի է ինչպես իր դրական ու հաճելի, այնպես էլ բացասական ու ինչու ոչ նաեւ վնասող կողմերով: Դպրոցներում՝ «Վերջին զանգ»,  մանկապարտեզներում «Ավարտական հանդես»-ներ․ առաջին հայացքից լուսավոր ու վառ հիշողություններ խոստացող այս միջոցառումները բազմիցս են աչքի ընկել ընթացքում տեղի ունեցող դրամահավաքությամբ:

Վերջին շրջանում ArmLur.am-ը պարբերաբար բողոքներ է ստանում ծնողներից: Վերջիններս ահազանգում են, որ պետական մանկապարտեզներում ավարտական հանդեսների համար տեղի է ունենում դրամահավաքություն, որը մեծ չափերի է հասնում: Ծնողների խոսքով՝ իրենք չեն կարող գումարը չտալ, որովհետեւ այդ տարբերակի դեպքում խնդիրներ կառաջանան երեխաների համար, իսկ դա ցանկալի չէ որեւէ ծնողի համար:

Վերջերս մեծ աղմուկ հանեց նաեւ այն դեպքը, երբ ծնողներից մեկը անանուն կերպով հանրայնացրել էր, որ «Ավանի 53 մանկապարտեզի տնօրենը ամեն երեխայից 45000 դրամ է հավաքում ավարտական խմբերի միջոցառման համար: Ավելի կոնկրետ՝ 20000 դրամը՝ շորեր կարելու եւ խմբային ավարտական նկարի՝ «վինետկայի», 25000-ը՝ «դաստիարակին վերաբերմունք ցույց տալու» համար: ArmLur.am-ը կապ հաստատեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք իրենք տեղյակ են այս դեպքերից ու եթե այո՝ զգուշացվե՞լ է որեւէ մեկին կամ այլ քայլեր ձեռնարկվե՞լ է:

«Աղմուկ բարձրացրած այդ դեպքը, որեւէ առնչություն չունի իրականության հետ: Մանկապարտեզի տնօրինությունը պատրաստ է բոլոր ծնողների ստորագրահավաքով ապացուցել, որ գումար հավաքելու որեւէ նախաձեռնություն մանկապարտեզի տնօրինության ու անձամբ տնօրենի կողմից չի եղել: Գրեթե հաստատված փաստ ունենք, որ դա եղել է ծնողներից մեկի նախաձեռնությունը: Որպեսզի այլ ծնողների հետ որեւէ խնդիր չառաջանա ու ինքն էլ անանուն մնա՝ անարդարացիորեն վերագրել է մանկապարտեզի տնօրինությանը: Տնօրենը որեւէ նախաձեռնություն չի ունեցել տվյալ հարցում: Սովորաբար հենց այս սխեմայով էլ տեղի են ունենում նման դեպքերը»:

Վարչությունից տեղեկացրին, որ Երեւանի քաղաքապետարանը ցանկացած պարագայում դրամահավաքությունը խստագույնս դատապարտում է, սակայն փորձը ցույց է տալիս, որ բողոքների մեծամասնությունը ոչ թե մանկապարտեզի տնօրինության նախաձեռնությամբ է տեղի ունենում, այլ հենց նույն ավարտական խմբերի ծնողների:

«Որպես կանոն, հենց խմբի ծնողներն են մեծամասամբ գաղափար տալիս շորեր գնելու կամ կարելու, վինետկա նկարվելու: Վերջում այդ խմբից որեւէ ծնող, ով համաձայն չի լինում այդ ամենին, դա որակում է որպես դրամահավաք տնօրինության կողմից»:

Կրթության վարչությունից պնդում են, եթե հստակ փաստեր ու ապացույցներ կան, վարչության անդամները հետեւում են ամեն մի ահազանգին ու գնում են դրա հետեվից: Այս պահին որեւէ ապացուցող փաստ չկա, որ դրամահավաքը կատարվել է մանկապարտեզի ու մանկապարտեզի տնօրինության կողմից: Վարչությունից նաեւ տեղեկացրին, որ անկախ ամեն ինչից, բոլոր մանկապարտեզները եւս մեկ անգամ խիստ զգուշացվել են, որ ցանկացած դրամահավաք բացառվի եւ եթե հստակ փաստերով հաստատվի, որ դրամահավաքը տեղի է ունեցել տնօրինության կողմից, վարչական խիստ պատասխանատվության կենթարկվեն բոլոր մեղավորները:

Մարիամ Ղազարյան




Լրահոս