ԻՐԱՎԱՊԱՀՆԵ՞ՐՆ ԵՆ ՍՏՈՒՄ, ԹԵ՞ ԹԱՂԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական է եւ քաղաքացիների հետ ըստ էության հարաբերվել է փողոցային կանոններով:

 

Նախ ամենասկզբից. 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց եւ Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու եւ մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոման Համբարձումյանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն:

Դատելով իրավիճակից՝ թաղապետի օգնականն այնպիսի վիճակի է հասցրել քաղաքացուն, որ սեփական ձեռքերով են փորձել հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Փոխանակ օրենքը կիրառի, վարչարարությամբ արգելի ապօրինությունը, թաղապետի օգնականը, ըստ էության, խոսակցությունը տեղափոխել է փողոցային դաշտ, այդ բառապաշարով կամ, ինչպես ասում են, «գողական բարքերով» փորձել է հարցին լուծում տալ, թե, իբր, կատարվող շինարարությունն ապօրինի է, ու մինչեւ թույլ չտա փոխթաղապետը, քաղաքացին չի կարող շարժվել հողի վրա: Եւ, ահա, այս պատմությանը հաջորդել են կրակոցները: Սակայն ստացվում է, որ այս կրակոցները առեղծված են մնացել նաեւ Դավիթաշենի թաղապետարանի եւ հատկապես թաղապետ Ռոման Համբարձումյանի համար, քանի որ թաղապետի տեղակալ Հրաչ Հակոբյանը վստահեցնում է, որ թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը քաղաքացու հողակտորի պատմության հետ որեւէ կապ չի ունեցել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ կրակեցին թաղապետի օգնականի վրա։ Ի վերջո, նախաքննական մարմինը պաշտոնապես հայտնել էր, որ դեպքից մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ վիճաբանություն, ու այս իրավճակում հարց է առաջանում՝ թաղապետարանը կամ թաղապետ Ռուման Համբարձումյա՞նն է ինչ-որ բան թաքցնում, թե՞ ՀՀ քննչական կոմիտեն է պաշտոնապես սուտ տեղեկություն տարածում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյուլագարակ բնակավայրի մի խումբ բնակիչների կողմից պարեկային ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Գյուլագարակ գյուղի 24, 41, 23 եւ 34 տարեկան բնակիչներ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ. հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուկագարակ բնակավայրի 24-ամյա բնակիչը, գտնվելով ոչ սթափ վիճակում, համագյուղացիների հետ «Լադա 2170» ավտոմեքենայով փորձել է մուտք գործել «Դենդրոպարկ» բուսաբանական այգու տարածք, սակայն նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները արգելել են ավտոմեքենայով շարունակել ճանապարհը դեպի բուսաբանական այգի:

Ավտոմեքենան կայանելով  այգի բարձրացող ճանապարհի մոտ՝ կայանատեղիում, 24-ամյա երիտասարդը եւ նրա համագյուղացիները պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են ոստիկանության ծառայողներին:

Կասկածելով, որ նշված երիտասարդն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ պարեկները նրա սթափության վիճակը ստուգելու նպատակով իրականացրել են անձի նույնացում, ինչից վրդովվելով՝ այդ անձինք միջամտել են իրավապահների գործունեությանը, սպառնացել են օրինական ծառայողական պարտականությունները կարտարող պարեկներին, բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ:

Անձանց ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով պարեկներից մեկը պղպեղային օդամղիչ է փչել 34-ամյա տղամարդու ուղղությամբ, որից հետո նշված անձինք քաշքշել են Ոստիկանության ծառայողներին, իսկ նրանցից մեկը, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, այն փչել է նրա դեմքին:

Տեսնելով, որ 24-ամյա երիտասարդը շարունակում է ագրեսիվ պահվածքը եւ չի ենթարկվում իրեն ներկայացված պահանջներին՝ պարեկներից մեկը փորձել է ձերբակալել նրան, ինչը տեսնելով՝ 41-ամյա տղամարդը հրել է պարեկին, որի հետեւանքով վերջինս ընկել է գետնին, իսկ 24-ամյա երիտասարդը, օգտվելով այդ հանգամանքից, դիմել է փախուստի: Վերջինս ավելի ուշ հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ միջադեպին մասնակից անձանցից երեքի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Նրանք ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն  ծագած  հիմնավոր կասկածի հիմքով, ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 2-ի մասով բավարարվել է, մեկի մասով՝ մերժվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՐԱՔԱՐՈՒՄ

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել հունիսի 3-ի գիշերը Փարաքարում տեղի ունեցած դանակահարության մասին:

Տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Հունիսի 3-ի գիշերը ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց: Հայտնել են, որ ժամը 1-ին մոտ կտրած-ծակած, թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք են տվել: Պարզվել է, որ կեսգիշերին մոտ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոցում վիճաբանել են տուժածն ու նրա 22-ամյա համագյուղացին: Վեճը վերաճել էր ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ էր հասցրել:

Գիշերվա ժամը 3-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական բացատրություն: Դատարանի՝ հունիսի 5-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԻՑ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ 2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում՝ Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ Ս. Թ.-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում է կայացվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վերջինիս ձերբակալելու մասին:

Ա. Ս.-ն ճանաչվել է տուժող։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են։




Լրահոս