ՆՈՐԱՑՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերանորոգումից հետո վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ այցելուներին ներկայանալով նորացված մշտական ցուցադրությամբ:

 

Թանգարանի մշտական ցուցադրության բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստասեր հանրություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին եւ նշել, որ Արամ Աբրահամյանի 125-ամյակի հոբելյանական տարվան ընդառաջ թանգարանն այցելուներին է ներկայանում վերանորոգված, նոր լուսավորությամբ եւ նորացված մշտական ցուցադրությամբ:

«Թանգարանների ոլորտներում պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է թանգարանների արդիականացումն ու թանգարանային միջազգային չափանիշներին համապատասխան ցուցադրությունների կազմակերպումը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը կարեւորում եւ խրախուսում է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորում ենք Ռուսական արվեստի թանգարանի եւ «ԴԻ Սի Փարթներ» ընկերության միջեւ համագործակցությունը»,- ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ համագործակցության եւ վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար:

Նախարարի տեղակալը նշել է՝ հատկանշական է, որ դեռեւս նախորդ տարի Ռուսական արվեստի թանգարանի եւ Պետական Տրետյակովյան պատկերասրահի միջեւ սկիզբ առած համագործակցության շրջանակում թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի մշակման ու էքսպոզիցիոն աշխատանքներում ներգրավվել է Տրետյակովյան պատկերասրահի գիտական աշխատակազմը. «Այս համագործակցության արդյունքում 2024 թվականին Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նախարարության աջակցությամբ պատկերասրահում կցուցադրվեն Արամ Աբրահամյանի աշխատանքները»:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ օրը տոնական է, քանի որ վերանորոգված թանգարանն իր դռներն է բացել այցելուների առջեւ նորացված մշտական ցուցադրությունով. «Նորացված ցուցադրության բացմամբ մեկնարկում է Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Տարվա ընթացքում կկազմակերպվեն տարբեր ցուցահանդեսներ, միջոցառումներ, իսկ հոբելյանական տարին կամփոփվի Տրետյակովյան պատկերասրահում Արամ Աբրահամյանին նվիրված ցուցահանդեսի բացմամբ»։

Նշենք, որ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր՝ Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Այն անգին նվերն է իր պատմական հայրենիք Հայաստանին։

Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաեւ համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարեւոր եւ առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի եւ բեմանկարչության վարպետների գործերը։

Ցուցադրված են այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Կ. Սոմովը, Վ. Բորիսով-Մուսատովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Բ. Կուստոդիևը, Ա. Բենուան, Ն. Գոնչարովան, Կ. Պետրով-Վոդկինը, Ն. Ռերիխը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Մ. Սարյանը, Զ. Սերեբրյակովան, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը եւ այլք։

Հեղինակները ներկայացված են ըստ անդամակցած արվեստի միությունների՝ «Արվեստի աշխարհ», «Երկնագույն վարդ», «Բուբնովի վալետ», «Ավանակի պոչ», «Ռուս նկարիչների միություն» եւ այլն:

Ռուսական արվեստի թանգարանն իր նշանակությամբ կարելի է դասել ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների շարքին։

 

 

 

 

 

ԲՐԵԴ ՓԻԹԸ ՊԱՏՄՈՒՄ Է

Դերասանը կատաղել է դստեր ծննդյան տարեդարձը շնորհավորելու անկարողության պատճառով։

 

Նա վստահ է, որ նախկին կինը միտումնավոր է որոշել իրեն զայրացնել. «Բրեդը շատ էր ցանկանում Շայլոյի ծննդյան տարեդարձն անցկացնել նրա հետ, բայց բանը նույնիսկ դրանում չէ: Իհարկե, նա ապացույցներ չունի, բայց դերասանը վստահ է, որ Անջելինան տարել է դստերը, որպեսզի զայրացնի իրեն», – կիսվել է Փիթի շրջապատի աղբյուրներից մեկը:

Հոլիվուդյան մաչոն շատ է անհանգստացած, բայց դեռ ոչինչ անել չի կարող։ Նախկին ամուսինների խնամակալության հետ կապված վարույթը շարունակվում է, մինչդեռ զույգի երեխաներից երեքն արդեն չափահաս են դարձել։ Փիթն այժմ սպասում է, որ նույնը տեղի ունենա մնացած երեխաների հետ. հայտնում է OK!-ը։

Փիթն ու Ջոլին բաժանվել են 2016թ.-ին։ «Զբոսաշրջիկ» ֆիլմի աստղը ցնցող մանրամասներ է բացահայտել ամուսնու մասին։ Ըստ Էնջիի՝ նա ձեռք է բարձրացրել անգամ երեխաների վրա։ Ինքնաթիռով չարաբաստիկ թռիչքի ժամանակ դերասանն իբր վնասել է կնոջ մեջքը՝ նրան աթոռի վրայից գցելով։

Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է, սակայն խնամակալության եւ ունեցվածքի բաժանման հետ կապված վարույթը դեռ շարունակվում է։ Ընդ որում՝ ո՛չ Փիթը, ո՛չ Ջոլին մտադիր չեն զիջումների գնալ։

Շայլոն վերջերս համարձակ կերպարանափոխություն է արել։ Դերասանների դուստրը սափրել է գլուխը։

 

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է Նիդեռլանդներում անցկացված Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ. հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Իսպանացիները նվաճել են գավաթը։

Ռոդրին մասնակցել է Իտալիայի դեմ կիսաեզրափակիչին (2:1) եւ Խորվաթիայի դեմ եզրափակիչին (0:0, 11մ՝ 5:4)՝ դիպուկ իրացնելով հետխաղային 11-մետրանոցը։ Նա ճանաչվել էր նաեւ Իտալիայի դեմ հանդիպման լավագույն խաղացող։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում Ռոդրին ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչի եւ մրցաշրջանի լավագույն խաղացող։

Իսպանիայի հավաքականը 2012թ. Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո առաջին անգամ տիտղոս նվաճեց։

 

 

 

ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ

Նարեկ Նիկողոսյանը (71 կգ) նվաճեց Ալբանիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալը։

Արծաթե մեդալակիրներ դարձան Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գեւորգյանը (55 կգ), Սաշա Պետրոսյանը (51կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) եւ Հենրիկ Հայկյանը (110 կգ), բրոնզե մեդալ նվաճեցին Վլադիմիր Ազարյանը (65 կգ) եւ  Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ). հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի հավաքականը հաղթեց թիմային պայքարում: Այս հաջողությանը Հայաստանի  ոչ մի տարիքային խմբի հավաքական չէր հասել։

 

 

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ

Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը եւ կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։

Այս մասին հայտնում է  ակումբի մամուլի ծառայությունը: Ռուսաստանցի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի աշնանը։

Խուրցիձեն «Ուրարտու»-ի կազմում 31 հանդիպման է մասնակցել  ու 4 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտու»-ի  հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

 




Լրահոս