ԼՂ հումանիտար իրավիճակի վատթարացումն սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը. Միրզոյանը՝ Պետքարտուղարության պաշտոնյային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:

Ըստ աղբյուրի՝ նախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումն ինքնին սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ընդգծելով առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ երկուստեք նշվել է իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել շարունակել շփումներն այդ ուղղությամբ: Նախարար Միրզոյանը շեշտել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը:




Լրահոս