«ՓՈՂ ՏԱՄ, ՊՐԾՆԵՄ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների երկարաժամկետ լուծման, մասնավորապես՝ բնակարանային ապահովման համար շնչին հատկացնել 3 մլն դրամի ԲԳՎ/սերտիֆիկատ (անչափահասներին անհատույց, չափահասներին՝ գումարի վերադարձի պայմանով)։

 

«Ընդ որում՝ բնակարանների գնման վկայականները տրվելու են 5 տարվա ընթացքում։ Եթե լուծումը սերտիֆիկատն էր, հարց է՝ ինչու էին 6 ամիս մտածում. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որոշումն ընդունեին, գնային առաջ, մանավանդ որ նման փորձ ունեն։ Պետք է փաստել, որ արցախցիների ու նրանց ներկայացուցիչների հետ խնդիրների լուծման քննարկումներ կառավարության կողմից չի եղել։ Միայն վերջերս Տիգրան Խաչատրյանը հրավիրել էր որոշ ներկայացուցիչների՝ ասելու այն, ինչ ասաց երեկ Պ. Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Կառավարությունը հաշվի չի առել ո՛չ միջազգային խորհրդատվական կազմակերպության ներկայացրած առաջարկները, ո՛չ արցախյան որոշ շրջանակների կողմից ներկայացված առաջարկները։

Ես հարցին նայում եմ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից եւ գտնում եմ, որ արցախցիների մեծ մասի բնակարանային խնդիրների լուծումը պետք է տրվեր ՀՀ թերբնակեցված մարզերում նոր բնակֆոնդի կառուցման ու ընտանեկան տնտեսությունների ստեղծման ճանապարհով՝ զարգացման նոր խթան հաղորդելով այդ մարզերին եւ վստահություն ներշնչելով տեղում բնակվող մարդկանց։ Սակայն կառավարության «փող տամ, պրծնեմ» քաղաքականությունը բերելու է հակառակ արդյունքների. խնդիր ունեցող մարզերից դեպի Երեւան եւ երեւանամերձ մարզեր արտագաղթ է սկսվելու։

Կառավարությունում բացակայում է նախաձեռնողականությունը, օպերատիվությունը, ռազմավարական մտածելակերպը։ Եվ սա մի՛ նայեք արցախցիների բնակարանային խնդրի լուծման տեսանկյունից, սա նայե՛ք ՀՀ ժողովրդագրական խնդրի լուծման, տարածքային համաչափ զարգացման, անվտանգության տեսանկյունից։

Առանց լուրջ բնակարանաշինության, անիմաստ թանկանալու է մարզերում գտնվող երկրորդային շուկայի տները։ Ինչպես Արցախի վերաբնակիչների սերտիֆիկատների պարագայում գյուղական տները 3-4 միլիոնից արհեստականորեն բարձրացան 10 միլիոնի, հիմա էլ թանկացման նոր ալիք է սկսելու։ Սա նաեւ հնարավորություն է տալու հայաստանյան մարզերի ընտանիքներին հնարավորինս բարձր գնով վաճառել իրենց տները, տեղափոխվել Երեւան կամ արտագաղթել Հայաստանից։ Մեծ հաշվով, լավագույն դեպքում մենք ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով՝ փոխանակ այդ մարզերում բնակչության թիվն ավելացնենք։

Բյուրոկրատական սնոբությունը հաղթահարել չկարողացող, ընթացակարգերի մեջ խճճված կառավարությունն այլ արդյունքներ չի էլ կարող ակնկալել։ Վկան՝ Շուռնուխում կառուցվող 13 առանձնատները, որոնք կառուցվում են 3 տարուց ավելի։

Կարճ ասած՝ կառավարությունը ձախողել է ոչ միայն պաշտպանության ու անվտանգության հարցերը, այլ նաեւ ժողովրդագրության, մարզերում կյանքը քիչ թե շատ հրապուրիչ դարձնելու քաղաքականությունը։ Գյուղամիջյան կամ միջգյուղական ճանապարհների ասֆալտապատումը հաշիվ չեն, մինչեւ Արցախի կորուստը Արցախում 4-5 գյուղ էր մնացել, որ ասֆալտ չուներ, նույնիսկ 10-15 աշակերտ ունեցող գյուղերն էլ էին ասֆալտապատ»,-գրել է նա։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԾԱՂԻԿՆԵՐ՝ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՄՈՏ

Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը։ Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հայկական ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ ծաղիկներ խոնարհվեցին։

 

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ Սումգայիթի հայկական ջարդերով փաստացի սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտության արյունալի էջը, որը տեւում է շուրջ 35 տարի։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին, որպեսզի նաեւ արձանագրենք, որ այդ ջարդերից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականությունը կրել է շարունակական բնույթ, եւ հենց դրա հետեւանքով 2023 թվականին ավելի քան հարյուր հազար հայեր բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից։ Այդ մարդիկ ունեն իրավունքներ, որոնք ոտնահարվել են, եւ պետք է, ի վերջո, այդ իրավունքները վերականգնվեն»,- ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ իրավական առումով մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման եւ փոխհատուցման համար կան որոշակի դժվարություններ։ Երբ նախաձեռնվում է իրավական գործընթաց, ապա ձեռքի տակ եղած տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ եւ պատշաճ։ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միությունը իրականացնում է բավականին ծավալուն աշխատանք, որպեսզի այն տեղեկատվությունը, որը գույքագրվել է տասնամյակներ առաջ, եւս մեկ անգամ ճշգրտվի, ինչից հետո կորոշվի, թե ինչպիսի իրավական մեխանիզմներ են օգտագործվելու հետագայում։

«Ինչ վերաբերում է դեռ այն ժամանակ բռնագանձված գույքին եւ մեր հայրենակիցների փոխհատուցմանը, որոնց տեղահանումից հետո փաստացի տեղի է ունեցել ունեցվածքի թալան, ապա պետք է ասել, որ փոխհատուցման գործընթացը բավականին երկարատեւ ու ծավալուն աշխատանք է, որն իրականացվում է, եւ հույս ունենք, որ որոշակի արդյունքներ արձանագրելու ենք։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ պետության աջակցությունը, որովհետեւ մեր հայրենակիցների իրավունքների վերականգնմանն ուղղված քաղաքականությունը նախեւառաջ պետք է որդեգրի Կառավարությունը։ Մենք փորձում ենք պետությանն աջակցել եւ համագործակցել Կառավարության հետ, որպեսզի քննարկումների ժամանակ գտնենք համատեղ ուղիներ առկա խնդիրների լուծման համար, եւ Հայաստանն էլ՝ որպես սուբյեկտ, իր քաղաքականության մեջ որդեգրի ու պատշաճ կերպով ադրբեջանահայերին առնչվող հարցերը ներկայացնի միջազգային կառույցներին»,- ասաց Գաբրիելյանը։

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԷԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ

«Այնպես չէ, որ բոլոր դպրոցներում ժամանակին եւ որակյալ են ընթանում աշխատանքները: Կան դպրոցներ, որտեղ աշխատանքները արագացնելու խնդիր կա»,- փետրվարի 28-ին՝  կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցին, թե ինչու են  Ներքին Գետաշեն համայնքում դպրոցի շինարարական աշխատանքները ձգձգվում, ինչի պատճառով երեխաների մի մասը ստիպված են 3 կմ քայլել եւ այլ դպրոց հաճախել, մյուս մասի համար  էլ դասապրոցեսը մասնավոր առանձնատանն է իրականացվում՝ սահմանված չափորոշիչների էական խախտումներով:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահին հանրապետությունում տասնյակ դպրոցներ եւ մանկապարտեզներ են կառուցվում, եւ դրանց շինարարությունը տարբեր տեմպերով է ընթանում՝ կախված նրանից, թե կապալառու ընկերություններն ինչ հզորություն ունեն եւ ինչպես են կարողանում իրենց վերցրած պայմանագրերը կառավարել: Նա չհերքեց, որ դպրոցներից շատերում աշխատանքները արագացնելու խնդիր կա:

«Վերջին տարիներին պետությունը էապես ավելացրել է կապիտալ ծախսերի միջոցները, միայն այս տարվա համար ԿԳՄՍ նախարարության բյուջետային հատկացումների շրջանակներում շուրջ 120 մլրդ դրամի կապիտալ ծախսեր կան, որոնք հենց դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությանն են ուղղված: Պարզ է նաեւ, որ մենք դաշտի կարողությունների զարգացման էական խնդիր ունենք, որպեսզի այս ծավալի շինարարության տեմպերը եւ որակը լինեն բավարար: Դա շարունակական ու հետեւողական աշխատանք է»,-հավելեց ԿԳՄՍ նախարարը:

Նա հույս հայտնեց նաեւ, որ Ներքին Գետաշենի դպրոցում շուտով կկարողանան ավելի մեծ թափով աշխատանքները շարունակել, քանի որ նաեւ մոնիթորինգի մեխանիզմն են վերանայել: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մարզպետարանների հետ միասին պարբերաբար հսկողություն է իրականացվում, եւ փորձում են հետեւել, որ ժամկետների եւ որակի խնդիր չունենան:

Արման Ղազարյանի մյուս հարցին, թե երբ են սկսվելու Ներքին Գետաշենի մանկապարտեզի շինարարության աշխատանքները, որի մրցույթը դեռեւս նախորդ տարի էր ավարտվել, նախարարը առաջարկեց գրավոր պատասխանել համայնքի հետ ժամկետները եւ աշխատանքի ընթացակարգը ճշտելուց հետո:

 




Լրահոս