«ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նամականիշերի զարմանահրաշ աշխարհում» պատկերազարդ եւ գունագեղ գիրքը մանուկներին պատմում է նամականիշի ստեղծման մասին, պատասխանում այն հարցին, թե ինչ է ֆիլատելիան, ովքեր են ֆիլատելիստները, ինչ արժեք ունեն նամականիշերն ու ինչ դեր են խաղում յուրաքանչյուր պետության զարգացման գործում:

 

Յուրահատուկ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 6-ին «Զանգակ» գրատանը:

«Հայփոստ»-ի ֆիլատելիայի վարչության ղեկավար Շուշան Ալեքսանյանը շնորհանդեսին ներկա դպրոցականներին տեղեկացրեց, որ նամականիշը պետական խորհրդանիշներից մեկն է, ուստի նամականիշի վրա երբեք ոչ մի պատահական պատկեր չի հայտնվում: Այն ներկայացնում է պետությունը, պատմությունն ու մշակույթը:

«Նամականիշը փոստային վճարամիջոց է: Նամականիշի առկայությունը նամակի վրա խոսում է այն մասին, որ նամակի համար արդեն վճարել են»,-ասաց Ալեքսանյանն ու հավելեց՝ ճամփորդելով ամբողջ աշխարհում՝ նամականիշերը ներկայացնում են հային եւ Հայաստանը, ուստի Հայաստանի փոքրիկ դեսպաններն են աշխարհում:

Ալեքսանյանը պատմեց՝ երբ նամականիշեր դեռ չկային, նամակի համար պետք է վճարեր հասցեատերը, որը երբեմն հրաժարվում էր դա անել՝ պատճառաբանելով, որ ինքը չի խնդրել, որ իրեն նամակ ուղարկեն: Այդ երեւույթը խնդիրներ է առաջացրել: «Ռոլանդ Հիլ անունով անգլիացի գիտնականը որոշեց ծրարի վրա նամականիշ փակցնել, ինչը կվկայի, որ նամակի համար վճարված է: 1840 թվականին տեղի ունեցավ նամականիշի գյուտը, որն իսկական հեղափոխություն էր հեռահաղորդակցության ոլորտում, փոստային բնագավառում»,-շեշտեց Ալեքսանյանը:

Առաջին նամականիշը թողարկել է Անգլիան: Նամականիշը կոչվում է «Սեւ պենի», որի վրա պատկերված է Վիկտորիա թագուհին: Այն  աշխարհի ամենաթանկարժեք ու հայտնի նամականիշերից է:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը 1992 թվականին է թողարկել առաջին նամականիշը: Հայտարարվել է մրցույթ, որում 400-ից ավելի աշխատանքներ են ներկայացվել: Հաղթել է Հարություն  Սամուելյանը: Նամականիշի վրա պատկերված է եռագույնը՝ Արարատի ֆոնին:

«19-րդ դարում նամականիշ հավաքելը դարձել է մարդկանց սիրած հոբբիներից մեկը: Նամականիշեր հավաքելը համարվում է ինտելեկտուալ հոբբի, քանի որ նամականիշերը պարունակում են տեղեկություններ, որոնք այլ աղբյուրներից հնարավոր չէ ստանալ: Նամականիշեր հավաքողներին անվանում են ֆիլատելիստներ, իսկ գիտությունը, որ համախմբում է ֆիլատելիստներին, նամականիշերը, դրանց ուսումնասիրությունը կոչվում է «Ֆիլատելիա»: Այն հունարեն բառ է եւ նշանակում է սեր նամականիշերի նկատմամբ»,-ասաց Ալեքսանյանն ու շեշտեց՝ նամականիշերի արժեքները երբեմն կախված են նրանից, թե երբ են թողարկվել:

Այսօր աշխարհի ամենաթանկ նամականիշը «Վարդագույն Գվինեա» է կոչվում, որից մի քանի օրինակ կա: Վերջերս նամականիշի օրինակներից մեկն աճուրդում վաճառվել է 9 մլն դոլարով:

Աշխարհում կա 40 միլիոնից ավելի ֆիլատելիստ, իսկ Հայաստանում նրանք 300-ից ավելի են: Հայտնի ֆիլատելիստներից են եղել Ջոն Լենոնը, Ֆրեդի Մերկուրին, Եղիսաբեթ երկրորդ թագուհին եւ այլք:

Շուշան Ալեքսանյանը, դիմելով դպրոցականներին, ասաց՝ եթե նրանք լավ նկարում են, ունեն նամականիշ ստեղծելու գաղափարներ, կարող են իրենց աշխատանքներն ուղարկել փոստ: Չի բացառվում, որ այդ աշխատանքը թողարկվի: Այդպես հեղինակը կմնա պատմության մեջ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նամականիշերի ներկայությունը գրքի տեսքով հրաշալի գաղափար համարեց: Դիմելով դպրոցականներին՝ նա ասաց, որ նրանք այն տարիքում են, որ ճանաչում են աշխարհը, նոր շերտեր բացահայտում այդ աշխարհում, իսկ այդ գործում մեծ դեր կարող է խաղալ գրականությունը, ինչպես նաեւ մանկական ֆիլատելիային նվիրված գիրքը:

«Մենք շատ փոքր ենք, բայց մեզ շրջապատող աշխարհը շատ մեծ է, նույնքան մեծ պետք է լինեն ձեր մտքերը»,-շեշտեց Պողոսյանը:

«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանն էլ ասաց, որ առաջին անգամ են թողարկում մանկական ֆիլատելիային նվիրված պատկերագիրք: «Նախորդ տարի մենք մեծ աշխատանք ենք կատարել Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի հետ. բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, ուշադիր ենք եղել գրքի բոլոր դետալների նկատմամբ: Նամականիշեր հավաքելը հատուկ մշակույթ է ձեւավորում, եւ մարդը յուրաքանչյուր գործ անելիս սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին, ձգտում է կատարյալին»,-նշեց Աբրահամյանը:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը հավաստիացրեց՝ ֆիլատելիան զարգանում է այն երկրներում, որտեղ զարգանում է մանկական ֆիլատելիան:  Նա եւս ասաց՝ ինչպես դրոշը, զինանշանը, դրամը, այնպես էլ նամականիշը պետական խորհրդանիշ է:

Մուսայելյանը դպրոցականներին տեղեկացրեց, որ երկրների նախագահները, վարչապետները, այլ պետական այրեր տարբեր երկրներ պաշտոնական այցերի ժամանակ միմյանց նամականիշերի հավաքածուներ են նվիրում, որովհետեւ դրանց միջոցով պատկերացում է ստեղծվում տվյալ երկրի պատմության, մշակույթի կարեւորագույն իրադարձությունների մասին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ «Հայփոստ»-ը 2024-ին թողարկելու եւ շրջանառության մեջ է դնելու Ակսել Բակունցին, Պարույր Սեւակին, Շառլ Ազնավուրին, Սերգեյ Փարաջանովին նվիրված նամականիշեր:

 

 

ՀԱՅՏԸ ՀԱՂԹԵԼ Է

Կառավարությունը պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացնում է 279 միլիոն 954 հազար 300 դրամ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մրցաշարի հանդիպումները անցկացնելու համար։

Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ներկայացվող նախագծով թե՛ Կառավարության ծրագրի, թե՛ սպորտի զարգացման ռազմավարությամբ կարեւոր քայլ ենք իրականացնում, որտեղ առանձնահատուկ շեշտադրվում է խաղային մարզաձեւերի զարգացման կարեւորությունը։

Հենց այդ նպատակով 2024-26 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախորդ տարի արդեն հաստատել ենք մարզերում երկու ֆուտբոլային ստադիոնների նախագծման եւ կառուցման աշխատանքները, իսկ ակադեմիական քաղաքի հատակագծում տեղ է գտել Ազգային ստադիոնը»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես հաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որը վարկանիշային առումով տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների շարքում եւ նախորդ տարի առաջին անգամ մտել է էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ։ Անդրեասյանը նշեց, որ ընտրական փուլում պաշտոնական հանդիպումներում յոթ անընդմեջ հաղթանակ է գրանցվել, իսկ ընդհանուր խաղերը, նաեւ ընկերական խաղերը հաշված, հավաքականը 10 անընդմեջ հաղթանակ է տարել:

«Այժմ արդեն խաղային մարզաձեւերի զարգացման նոր հնարավորություն է ձեւավորվում, քանի որ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երեւան քաղաքում նախատեսվում է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի եւ Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում։

Այսպիսով, առաջին անգամ որեւէ խաղային մարզաձեւի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։

Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» եւ «Պալմա Ֆուտզալ»-ը, ինչպես նաեւ պորտուգալական «Սպորտինգ»-ը եւ «Բենֆիկան»։

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, եզրափակիչը եւ 3-րդ տեղի հանդիպումը՝ մայիսի 5-ին։

Նախատեսվում է, որ այս իրադարձությունները կհանդիսանան նաեւ զբոսաշրջային զգալի հոսքի առիթ՝ հաշվի առնելով մրցաշարի հեղինակությունն ու մրցող թիմերի երկրպագուների բանակը։

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Պետք է նշել նաեւ, որ նախատեսվում է համապատասխան բարեկարգումներ իրականացնել հատկապես լուսային հատվածի ու հանդերձարանի մասով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել Կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացնել 279 միլիոն 954 հազար 300 դրամ»,- եզրափակեց Անդրեասյանը։




Լրահոս