![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/cCWHMDxKqqQPQSFu7GTjwFott2Hqd0sDg9c5IMY9.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիության դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը կվնասի թե՛ Եվրոպային, թե՛ հենց ԱՄՆ-ին։ Այս մասին Մակրոնն ասել է CNN-ին տված հարցազրույցում։
«Նախ, մի՞թե Եվրամիությունը ձեր առաջին խնդիրն է: Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Ձեր առաջին խնդիրը Չինաստանն է, այնպես որ դուք պետք է կենտրոնանաք ձեր առաջին խնդրի վրա: Երկրորդ, Եվրոպան ձեր դաշնակիցն է, և եթե դուք ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ զբաղվի ներդրումներով և պաշտպանության ու անվտանգության հարցերով, ինչը, կարծում եմ, ԱՄՆ-ի շահերից է բխում, ապա հարկ չկա վնասելու եվրոպական տնտեսությունը` սպառնալով նրան մաքսատուրքերով», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը շեշտել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև բազմաթիվ ոլորտներում սերտ կապեր կան։
«Շատ ոլորտների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը կբարձրացնի գները և կհանգեցնի գնաճի ԱՄՆ-ում։ Մի՞թե ձեր ժողովուրդը դա է ուզում։ Այնքան էլ վստահ չեմ», – հավելել է Մակրոնը։
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունն ակտիվորեն ԱՄՆ-ից «թվային ծառայություններ» է ձեռք բերում։
«Մենք թվային ծառայությունների շատ խոշոր գնորդ ենք: Չի կարելի հաշվի չառնել թվային ծառայությունները՝ խոսելով առևտրի դեֆիցիտի մասին», – կարծում է Ֆրանսիայի ղեկավարը:
Մակրոնը շեշտել է, որ ԵՄ-ն չպետք է սպասի իրադարձությունների զարգացմանը և արձագանքի դրանց, այլ պետք է գործի՝ ելնելով իր շահերից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԵՄ-ից ներմուծվող բոլոր ապրանքների համար 10% մաքսատուրք սահմանելու հնարավորությունը։ Սակայն ամերիկյան վարչակազմում այս հարցում դեռ ամբողջական համաձայնություն չկա:
Ավելի վաղ Թրամփը 1 ամսով հետաձգել էր Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքերի սահմանումը։ Իսկ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանված 10% տոկոս լրացուցիչ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 4-ին։ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 10-ին։