
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից թուրքական ԶԼՄ-ների համար կազմակերպված մեդիատուրի շրջանակներում Հայաստանում գտնվող թուրք լրագրող Բարչըն Յինանչը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների և տարածաշրջանի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարչըն Յինանչը «Ո՞վ է որոշումներ կայացնում. Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «turkeyindepth.com» կայքում, նշել է, որ չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի միջև լավ հարաբերություններին, նրանք ունեն տարաձայնություններ Կովկասում խաղաղության հարցում։
Ըստ հեղինակի՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության գործարքով պայմանավորված, Թուրքիան տարածաշրջանում խաղաղության պայմանագրի կնքումն առաջնահերթ է համարում, մինչդեռ՝ Բաքուն այդ հարցում չի շտապում և թվում է, թե անհանգստացած չէ Ուկրաինայում խաղաղության հաստատման դեպքում Ռուսաստանի՝ տարածաշրջան վերադարձով։
Յինանչը ուշագրավ համեմատություն է արել՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները նմանեցնելով ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին, որտեղ մեծ պետության արտաքին քաղաքականությունը դարձել է փոքրի «պատանդը»։
Այս համատեքստում Յինանչը հետևյալ շեշտադրումներն է արել․
– Ալիևը Հայաստանի հետ հարաբերություններում Անկարային մանևրելու որևէ հնարավորություն չի թողնում։
– Բաքուն թույլ չի տալիս է Անկարային երկխոսություն սկսել Երևանի հետ՝ չնայած Ղարաբաղյան պատերազմի ավարտին և Բաքվի ու Երևանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։
– Թեև Թուրքիան նախապես խոստացել էր զուգահեռ երկխոսություն, սակայն Բաքուն ցանկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան սկսի միայն Բաքու-Երևան վերջնական համաձայնությունից հետո։
Յինանչն անդրադարձել է նաև Անկարայի քայլերին, որոնք Բաքվի կողմից դիմադրության են հանդիպում․
– Թուրքիան հորդորում է Ադրբեջանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սակայն Ալիևն անտեսում է այս կոչերը։
– Թուրքիան Նիկոլ Փաշինյանին տեսնում է որպես կարևոր հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ցուցաբերել։
Տարածաշրջանում երկու երկրների տարբերվող մոտեցումների և շահերի վերաբերյալ թուրք լրագրողը հետևյալ շեշտադրումներն է արել․
– Ուկրաինայում սեփական պայմաններով խաղաղության հասնելու դեպքում Ռուսաստանը կարող է ուշադրությունը թեքել դեպի Կովկաս։ Սակայն սա Ադրբեջանին չի անհանգստացնում, քանի որ վերջինի համար ավելի շահեկան է ունենալ թույլ Հայաստան ՌԴ ազդեցության տակ, քան անկախ արևմտամետ Հայաստան, որը կուժեղանա ժամանակի ընթացքում։
– ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասում Թուրքիայի Հանրապետությունը տարածաշրջանի երկրների՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու քաղաքականություն է վարել՝ առանց թշնամանալու վերջինի հետ։
Ըստ հոդվածի հեղինակի, չնայած վերոնշյալ տարբերություններին, Բաքվի վրա ազդելու Անկարայի լծակները սահմանափակ են, իսկ Թուրքիայի խարխուլ տնտեսությունը Էրդողանին կախվածության մեջ է դնում Ալիևից, որը բավականին մեծ ներդրումներ է արել Թուրքիայում, իսկ պատերազմից հետո մերձիշխանական ընկերություններին ԼՂ-ում շինարարության թույլտվություն է տվել։
Ավելին, էներգետիկ կապերը երկու երկրների միջև չափազանց կարևոր են, քանի որ Թուրքիան ցանկանում է դառնալ էներգետիկ հանգույց։
Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից հայտնել են, որ նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպվել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։