ՔԱՂՄԱՍԻՑ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Տերյան փողոցի բնակիչները 35-ամյա Աննա Հակոբյանին լավ են ճանաչում: Բաց-դեղին գույնի մազերով, ոչ այնքան լավ հագնված միջահասակ տիկինը ձեռք է պարզում անցորդներին, որպեսզի կարողանա իր երկու տղաների համար ուտելիք գնել:Աննայի «աշխատանքային ժամերը» սկսվում են ժամը 12.30-ից մինչեւ երեկոյան 20.00-ն: «Արդեն 6-7 տարի է Նորքում եմ ապրում վարձով իմ 2 տղաների հետ` ամսեկան 30.000 դրամ տալով»: 35-ամյա կինը գոհ է անցորդների տված գումարներից. «Ժողովուրդը խղճում, տալիս ա, բայց քաղմասը թույլ չի տալիս, ասում ա էս փողոցում  մի կանգնի, Մալաթիա, 3-րդ մաս գնա կանգնի: Բայց ես ոնց կարամ Նորքից ամեն օր գնամ- հասնեմ Մալաթիա: Չգիտեմ, ոնց բացատրեմ»: Աննան աշխատանքի համար  շատերին է դիմել, սակայն ոչ ոք չի օգնել. «Համ էլ ես լուրջ հիվանդ եմ ու ծանր գործ չեմ կարա անեմ: Եթե երկար ժամով  աշխատեմ, բա իմ 2 տղաներին ո՞վ պիտի տիրություն անի, մենք ոչ մի բարեկամ չունենք, իրանց պապան էլ մեզ թողել, գնացել ա, մենակ ես եմ ու իմ էրեխեքը»:  35-ամյա կինն ամսեկան ընդամենը 8000 դրամ թոշակ է ստանում, շատերին է դիմել իրեն օգնելու նպատակով, սակայն. «Ով ա ինձ բանի տեղ դնում, ուր էլ գնացել եմ, դուրս են հանել առանց լսելու, ոչ մեկն էլ մեր նմաններին չի օգնի, անապահով ենք, ուրեմն արժանի չենք անգամ հաց ուտելուն»: Աննան իր  երկու տղաներին` 6-րդ դասարանում սովորող Գոռին եւ նախադպրոցական տարիքի Վահեին  դպրոց ճանապարհելուց անմիջապես հետո շրջում է Կենտրոնի փողոցներով. «Թե չէ եթե նստեմ տանը, ո՞վ ա մտածում մեր մասին, ո՞վ փող կտա երեխեքիս համար ուտելու բան առնեմ: Հո չե՞մ թողնի երեխեքս սովից մեռնեն, էս պետությունը մեկ ա, ոչ մեկիս մասին չի մտածում. կարող ա՞ սուտ եմ ասում, դե ասեք»: Ճարահատյալ մուրացկանությամբ զբաղվող մայրը վստահեցնում է, որ չի նահանջելու եւ դիմանալու է ոստիկանների ճնշումներին ու ամեն քայլի դիմելու է`  իր երկու անչափահաս որդիներին կերակրելու համար: Բայց միաժամանակ շատ է վախենում ոստիկանությունից: Դա երեւաց այն պահին, երբ նրան խնդրեցինք թույլ տալ  լուսանկարել իրեն. «Չէ, էդ մեկը չեմ կարա անեմ, կճանաչեն ու շատ խնդիրներ կունենամ ոստիկանների հետ, իբր թե քիչ են ամեն օր տանում քաղմաս, հիմա էլ դրա համար խնդիրներ կունենամ, իսկ ես ընդամենն ուզում եմ իմ ընտանիքի համար մի կտոր հաց վաստակել»:  Փաստորեն, մեր երկրում նույնիսկ մուրացիկներն են սարսափում քաղմասից. տեսնես այդ ի՞նչ է անում Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որ մայրաքաղաքի սրտում հանցագործությունների թիվը գնալով շատանում է, իսկ անօթեւան ու մուրացիկ կյանքով ապրող մարդիկ` ահաբեկվում են քաղմասի անունը լսելիս:   ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս