Ֆավորիտը «Ռեալ»-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները: Մադրիդի «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ պարզապես ջախջախեց Չեմպիոնների լիգայի անցած տարվա հաղթող Մյունխենի «Բավարիա»-ին` 4:0, իսկ մադրիդյան մեկ այլ թիմ` «Ատլետիկո»-ն, նույնպես արտագնա խաղում, 3:1 հաշվով հաղթեց անգլիական «Չելսի»-ին:

Կիսաեզրափակիչ երկու հանդիպումների մասին խնդրեցինք կարծիք հայտնել «Ֆուտբոլ 365» թերթի գլխավոր խմբագիր Գևորգ Բուռնուչյանին:

-«Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն արժանիորեն դուրս եկան եզրափակիչ և մի գլուխ գերազանցեցին իրենց մրցակիցներին պատասխան խաղերում:

Կարծում եմ` «Ռեալ»-ն այս մրցաշրջանում Եվրոպայում լավագույն ֆուտբոլ ցուցադրող թիմն է, իսկ «Ատլետիկո»-ն էլ մի քիչ պահպանողական խաղ է ցուցադրում, բայց կրկին արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ:

Այսինքն` կարելի՞ է եզրակացնել, որ այսօր Եվրոպայում ամենաբարձրակարգը Իսպանիայի առաջնությունն է:

-Եթե հարցադրումն այդպես է արվում, նշանակում է` անցյալ տարի էլ, երբ եզրափակչում հանդիպեցին «Բավարիա»-ն ու «Բորուսիա»-ն, Գերմանիայի առաջնությո՞ւնն էր ամենաբարձրակարգը: Ո՛չ, ուղղակի հանգամանքներն այդպես դասավորվեցին, որ առաջին երկու ուժեղագույն թիմերը ներկայացնում են Իսպանիայի առաջնությունը: Մեկ տարով երկար ժամանակի համար հետևություններ անելը, կարծում եմ, անիմաստ է:

-Եթե մի քիչ ավելի բացենք փակագծերը` ո՞րն էր այդ թիմերի հաջողության գաղտնիքը:

-Ամեն դեպքում «Ռեալ»-ը 12 տարի Չեմպիոնների լիգայում չի հաղթել, մոտիվացիան չափից ավելի մեծ է: Չմոռանանք, որ այս մրցաշրջանից առաջ մոտ 200 միլիոնի ներդրումներ արեցին, գնաց Մոուրինյոն, եկավ Անչելոտին, ով հայտնի է միանգամից, այսպես ասած, նոր թիմ ստեղծելու որակներով:

Ամեն ինչ նորմալ իր հունով ընթացավ, և օրինաչափ էր նրանց` եզրափակիչ դուրս գալը:

Կարծում եմ` ֆավորիտն էլ եզրափակչում հենց «Ռեալ»-ը կլինի: Ինչ վերաբերում է «Ատլետիկո»-ին, ապա նրանք խաղում են այնպիսի ֆուտբոլ, որը չափից շատ էներգատար է, չափից շատ տրամադրվածության կարիք կա: Եվ ոչ մեկն էլ չի կարող ասել, որ հաջորդ տարի «Ատլետիկո»-ն նույն ձևի ֆուտբոլ կարող է խաղալ:

Հիշենք, օրինակ, թե ինչ եղավ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: Այնպես որ, հեռու գնացող եզրահանգումներ պետք չէ անել: Ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա պարզ է, որ թիմը միշտ կմնա Եվրոպայի լավագույն թիմերի շարքում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս