Ռուսաստանից եկած փողի որոշակի հատված նորից հետ է տարվել. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, Այսօր ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին կոչ էր արել բացահայտել 500 մլն դոլար ռուսական վարկի տրամադրման մասին մանրամասներ։ Պատգամավորի խոսքով` այդ վարկի հետ կապված «մութ պատմություններ» կան:

«Այդ բազմաչարչար վարկի տրամադրման հարցը երբ բերվեց խորհրդարան, ԲՀԿ-ն չքվեարկեց, որովհետև մեզ ասվեց, թե 500 մլն դոլարի վարկ ենք վերցնելու, բայց հետո կներկայացնենք, թե ի՞նչ ուղղություններով է ծախսվելու այն»,– արդեն լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, որ այդ ծախսերի մասին հաշվետվությունը խորհրդարան այդպես էլ չբերվեց.

«Ու, բնականաբար, որոշակի կասկածելի շղարշով պատվեց այդ վարկի էպոպեան: Այսօր էլ,ես հղում արեցի մամուլին, որտեղ հրապարակվեց, որ վարկից լրջագույն գումարներ տրվել են ռուսաստանաբնակ հայ գործարարների՝ նախորդ կառավարության ինչ- որ մի անհասկանալի որոշմամբ, որի իրավունքը, մասնագետների պնդմամբ, չունեին: Այսինքն՝ Ռուսաստանից եկած փողի որոշակի հատված նորից հետ է տարվել Ռուսաստան: Ուստի վարկի հետ կապված անորոշությունները այդպես էլ մնացին: Ոճը՝ նորից պատմել այն, ինչ թղթում գրված է, նորից վերակարդալ, պետք է վերացվի, որպեսզի ճշգրիտ, հասցեական լինեն քննարկումները», – ընգծեց նա:

Ն. Զոհրաբյանն հավելեց, որ պետական բյուջեի կատարողականների ժամանակ բովանդակային քննարկումներ չեն լինում՝ անընդհատ ընկնում են թվերի հետևից, իսկ արդյունավետությունը մնում է երկրորդ պլանում:




Լրահոս