2013թ.-ին տնտեսական աճը կազմել է 3.5 տոկոս. Ա. Ջավադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր  Ազգային ժողովում ներկայացրեց  բյուջեի կատարողականի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը: Նրա խոսքով՝ 2012-ին սկսված տնտեսական աճի բարձր տեմպերը 2013-ի առաջին եռամսյակում շարունակվեցին, իսկ երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվությունն էապես դանդաղեց՝ պայմանավորված արտաքին և ներքին մակրոմիջավայրում դրսևորված ռիսկերի ազդեցությամբ:

« Գազի և էներգիայի աճը հանգեցրեց մի կողմից՝ տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների ծախսերի աճին՝ կրճատելով ներդրումների համար նախատեսված միջոցները, մյուս կողմից՝ գների ընդհանուր մակարդակի աճի միջոցով նվազել են իրական սպառման ծավալները՝ անդրադառնալով տնտեսական ակտիվության դանդաղման վրա»,- ասաց նա:

Ա. Ջավադյանի խոսքով՝ 2013-ին տնտեսական աճը կազմել է 3.5 տոկոս: Դրան հիմնականում նպաստել են ծառայությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության ճյուղերում արձանագրված իրական աճերը: Անկում է արձանագրվել շինարարության ոլոտում:

Ջավադյանը նշեց, որ գնաճային միջավայրը բնութագրվում էր տարեսկզբին՝ ցածր և կայուն գնաճային միջավայրով, տնտեսական բարձր ակտիվությամբ, որի պարագայում նաև ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն էներգակիրների գների բարձրացումն էապես փոխեց մակրոտնտեսական քաղաքականության միջավայրը:

«Կուզեի փաստել, որ 2014 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում մենք երկու անգամ անդրադարձել ենք պայմանների մեղմմանը և երկու անգամ տոկոսադրույքին՝ մեղմելու ուղղությամբ: Պետբյուջեի եկամուտների ոլորտում քաղաքականությունը նշանավորվել է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարձր մակարդակի ապահովմամբ: Տարվա արդյունքներով պետբյուջեի ընդհանուր եկամուտները ՀՆԱ-ի 25.1 տոկոսն են կազմել, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նույն պատկերը հարկային եկամուտների մասով է. վերջինս կազմել է 23.5 տոկոսը՝ նախորդ տարվա 22 տոկոսի դիմաց»,- ասաց նա:

Ջավադյանը նշեց, որ պետբյուջեի ծախսերն ավելացել են 13.6 տոկոսով, որ արձանագրվել է ընթացիկ ծախսերի աճի հաշվին:




Լրահոս