ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս վերջերս վերադարձել է Հայաստան: Նա ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Այստեղ հաշվառված չէ: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կարող է դիմել բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, որպեսզի կարողանա հաշմանդամության կարգ ստանալ: Ուզում եմ իմանալ, թե ընդհանրապես ինչպե՞ս է իրականացվում հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:

Դոլորես Մկրտչյան (49 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 193836 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում 8171 հաշմանդամ երեխա, 1-ին խմբի` 11053 կամ 5,7%, 2-րդ խմբի՝ 86886 կամ 44,8%, 3-րդ խմբի՝ 87726 կամ 45,3%: Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության 6 %-ը:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, անվանափոխության, ՔԿԱԳ-ի գրառումների ուղղումների կամ լրացումների կատարման, ՔԿԱԳ գրառումների վերականգնման ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը ինչքան է կազմում:

Գոհար Մարուքյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը՝ առավելագույնը երկու ամսով: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ ԱՆ անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում 50.000 դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում 30.000 դրամ, 10 աշխատանքային օրվա ընթացքում 20.000 դրամ: ՔԿԱԳ գրառումներում ուղղումների, լրացումների կամ փոփոխությունների կատարման, ՔԿԱԳ գրառումների վերականգնման վերաբերյալ դիմումը նշված մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ Ան-ն՝ առավելագույնը երկու ամսով: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ Ան ՔԿԱԳ վերականգնման վերաբերյալ կամ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունների եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30.000 դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 20.000 դրամ, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 10.000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված վճարները բավականին ահռելի թվեր են, բայց փաստ է, որ դրանք գործում են օրենքի սահմաններում: Ստացվում է, որ անձը կլորիկ գումարներ պետք է ծախսի անվանափոխություն կատարելու եւ ցանկալի անուն ձեռք բերելու համար:

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին համապատասխան քայլեր չի ձեռնարկում վերացնելու հեթանոսական ժամանակների քրիստոնեականացված ծեսերը:

Անի Դանիելյան (24 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաքելական եկեղեցին նման՝ հեթանոսական ժամանակների քրիստոնեականացված ծեսեր չունի: Հայերիս մոտ կան հեթանոսական ժամանականերից մնացած ազգային սովորույթներ, որոնք ոչ մի կապ չունեն կրոնի եւ եկեղեցու հետ եւ հակառակ չեն քրիստոնեությանը, դրանք պարզապես ազգային սովորույթներն են: Բոլորս էլ ունենք նման սովորույթներ, պարզապես, հաճախ, չենք գիտակցում, որ դրանք հեթանոսական շրջանից են մնացել: Եթե նկատի ունեք քրիստոնեական տոների մեջ առկա հեթանոսական ծագում ունեցող տոները, ապա այդպիսիք չկան: Չեն կարող քրիստոնեության մեջ հեթանոսական ծագում ունեցող տոներ լինել: Իսկ եթե նկատի ունեք Վարդավառը, Տեառնընդառաջը, ապա պետք է հստակեցնել, որ այդ տոների մեջ առկա են հեթանոսական ժամանակներից պահպանված ժողովրդական ավանդույթներ, որոնք հեթանոսական հավատալիքների հետ ոչ մի կապ չունեն, դրանք պարզապես ժողովրդական սովորույթներ են եւ պահպանվում են միչ այժմ: Քրիստոնեությունն ու հեթանոսությունն արմատապես իրարից տաբեր կրոններ են եւ հնարավոր չէ մեկի տոները լինեն մյուսի տոների հիմքում: Վարդավառը կամ Տեառնընդառաջը հեթանոսական ծագում չունեն, այլ բան է, որ այդ տոնակատարությունների ժամանակ պահպանվել են հեթանոսական ժողովրդական սովորույթներ:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ քրիստոնյաներն ունեն այնպիսի տոներ, որոնք ընդամենը շատ նման են հեթանոսական տոներին: Որքան էլ պատասխանում նշվում է, թե այդ տոների հիմքում ոչ թե հեթանոսական հավատալիքներն են, այլ ժողովրդական սովորությունները, ակնհայտ է, որ դրանք, ըստ էության, նույն բանն են, քանի որ քրիստոնեությունից առաջ Հայաստանում եղել է հեթանոսություն, հետեւաբար ժողովրդական սովորություններն էլ ձեւավորվել են այն ժամանակվա հավատալիքների հիման վրա:




Լրահոս