ԴԻՏՈՐԴԻ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է, ՔԱՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ՞ՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության վերջին 20 տարիների ընթացքում երեկ առաջին անգամ ԵԱՀԿ համանախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը վտանգավոր է եվրոպացիների կյանքի համար: ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը երեկ Trend-ին տված հարցազրույցում նշել է.«Յուրաքանչյուր մարդու մահը ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար: Ես եւ իմ թիմը պարբերաբար մոնիթորինգ ենք անցկացնում: Ես նաեւ անհանգստանում եմ իմ թիմի անվտանգության համար, քանի որ ավելացող լարվածությունը վտանգավոր է կյանքի համար»: Ստացվում է, որ շուրջ 20 տարի, երբ նույն սահմանին, հրադադարի խախտման դրսեւորումներով նույն դիտորդների կողմից արված մոնիթորինգի պայմաններում հայ զինվոր էր զոհվում, լարվածություն չկար, իսկ այսօր կա, քանի որ այն սպառնում է եվրաչինովնիկների կյանքին: Իհարկե, չի բացառվում, որ Կասպրշիկի այս հայտարարությունը կարող է նաեւ բոլորովին այլ, գաղտնի ենթատեքստ ունենալ, որը, միգուցե, պարզ դառնա առաջիկայում՝ ԼՂ խնդրի շուրջ սպասվող զարգացումների ֆոնին:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, մի կողմից՝ անուղղակի քննադատելով Տիգրան Սարգսյանի գործունեությունը, վերհանելով նախորդ կառավարության վատ կողմերը, մյուս կողմից՝ ծածուկ կրկնօրինակում է իր նախորդի «լավ» կողմերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի նման արտերկրյա այցերը կազմակերպում է չարտերային չվերթերով: Բնականաբար, այդ չարտերային չվերթի ողջ գումարը վճարվում է ՀՀ պետական բյուջեից: Մեզ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չարտերային չվերթով մայիսի 30-ին մեկնել էր Մինսկ՝ հանդիպելու իր պաշտոնակցին եւ այդ այցը ՀՀ քաղաքացիներիս գրպանին արժեցել է մոտ 17 մլն դրամ կամ 41 հազար դոլար: Նշենք, որ չարտերային չվերթը նա իրականացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը պատկանող «Էյր Արմենիա» ընկերության միջոցով: Ստացվում է, որ վարչապետն ու իր աշխատակազմի ղեկավար-նախարարը «պասերով» աշխատում են:

 

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանն իր համար կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան չունի: Իշխանական կուլիսներում դեռ շարունակում են քննարկել այդ պաշտոնում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Յուրի Վարդանյանի նշանակման հարցը: Այս առիթով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետաքրքիր մեկնաբանություն արեց. «Ընդհանրապես, եթե հետեւենք վերջին մի քանի տարիների տարբեր դիվանագիտական նշանակումներին, ապա տպավորությունն այնպիսին է, որ ում ուզում են լավություն անել՝ «գործուղում» են տվյալ պահին առաջին պատահած թափուր տեղը»: Ըստ պատգամավորի, այսօր դեսպանները հիմնականում զբաղվում են իրենց բիզնեսների բարգավաճմամբ. «Ձեռքի հետ էլ տարվա մեջ երկու միջոցառում են կազմակերպում` սեպտեմբերի 21-ի ֆուրշետը ու ապրիլի 24-ին տեղի համայնքի հետ գլխիկոր կանգնում են Ցեղասպանության հուշահամալիրի առաջ»:

 

Երեկ Եռաբլուր պանթեոնում հողին հանձնվեց Սմբատ Այվազյանի դին: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատարի հոգեհանգստի արարողությանը, հուղարկավորությանը ներկա էր իշխանական ու քաղաքական գրեթե ողջ էլիտան: Սմբատ Այվազյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին այս շաբաթ մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ, իսկ հոգեհանգստին ներկա էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Միակ բարձրաստիճան պաշտոնյան, ով ոչ մասնակցեց սգո արարողություններին, ոչ էլ որեւէ ցավակցական ուղերձ հղեց՝ Սերժ Սարգսյանն էր: Ու սա այն դեպքում, երբ Սարգսյանն առիթ բաց չի թողնում ցանկացած դժբախտ պատահարի կամ որեւէ մեկի մահվան առիթով ցավակցական ուղերձ հղել՝ այդ թվում եւ օտարերկրացիների: Փաստորեն ոչ միայն ուղերձ չեղավ, այլ անգամ նրա գերեզմանի տեղը խնդիրներ առաջացրեց,մինչեւ որ ազատամարտիկները կտրականապես չդրեցին հարցը, եւ Սմբատ Այվազյանը հուղարկավորվեց Մոնթեի կողքին:




Լրահոս