ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻԳՐԱՆԻ ԿԱԴՐԵՐԸ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «կադրեր»-ին կառավարությունից «հեռացնել»: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության արարողակարգի բաժնի պետ Երվանդ Ազարյանը: Ի դեպ, վերջինս կառավարության արարողակարգի բաժնում է աշխատում դեռեւս Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից, սակայն Հ Աբրահամյանը նրա հետ եւս չի ցանկանում աշխատել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն մարդիկ, ովքեր կառավարությունից դուրս գալով մնում են անգործ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է նրանց անգործ չթողնել եւ ջանում է «տեղավորել» բանկերում կամ ֆինանսական տարբեր կազմակերպություններում:

ՄԻԱՅՆ ՉԱՓՈՒՄ ԵՆ

Դեռեւս փետրվարի 20-ի՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ որոշվել էր գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկել էր հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի այդ աշխատանքներով: «Ժողովուրդ»-ը փորձեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիթորինգի եւ ծրագրերի զարգացման վարչության պետ Աբգար Բուդաղյանից պարզել, թե աշխատանքներն ինչ փուլում են գտնվում: Մեր զրուցակիցը նշեց, որ հանձնաժողովը շուրջ երկու ամիս է, ինչ ստեղծվել է, տարբեր մարմինների ներկայացուցիչներ են ներգրավված, եւ այս ընթացքում տարբեր հանդիպումներ են ունեցել, չափագրություններ են անում, որոնց արդյունքները հաստատվում են չափագրության ազգային ինստիտուտի կողմից: Փաստորեն երկու ամիս հանձնաժողովը միայն չափումներով է զբաղված:

«ՈՒՍՏԱ, ՀԱՄՈՆ ՓՈՂԸ ՉԻ ՏԱԼԻՍ»

Չնայած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ նշված է՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձված գումարները վերահաշվարկել ու վերադարձնել մինչեւ ՍԴ որոշումը, սակայն իշխանությունները համառորեն չեն կատարում այդ քայլը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ մի խումբ աշխատակիցներ տեղեկացրին, որ իրենց աշխատավարձերից ինքնաբերաբար հունվար-ապրիլ ամիսներին 5 տոկոսի պահումներ են արել՝ կուտակային կենսաթոշակային համակարգի համար: Եվ երբ օրենքի՝ հակասահմանադրական ճանաչվելուց հետո իրենք պահանջել են վերադարձնել գումարը, հաշվապահությունից պատասխանել են, թե այդ գումարները թեեւ չեն փոխանցվել մասնավոր ֆոնդերին, բայց իրենց մոտ էլ չեն: Աշխատակիցներին տեղեկացրել են, որ այդ գումարները գտնվում են «միջանկյալ կամուրջ»-ում. այսինքն՝ դրանք պահվել էին մինչեւ ՍԴ որոշմամբ պարզ դառնար օրենքի ճակատագիրը: Նշենք, որ միջանկյալ այդ կամուրջը տնօրինում է ՀՀ կառավարությունը. ու, թերեւս, հենց «քյաշ փողի» համար էր կենսաթոշակային համակարգի այս ողջ պատմությունը:




Լրահոս