Ծառուկյանը մեծ կռվի է պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առավել քան վճռական է տրամադրված եւ մտադիր է հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի մարդաշատությամբ սկսել Սերժ Սարգսյանին գահընկեց անելու երկար սպասված գործընթացը:

Սա, թերեւս, հասկանում են կամ արդեն տեղյակ են նաեւ գործող իշխանությունները, դրա համար էլ շարքային քաղաքացուն վախեցնելու հստակ քայլեր են իրականացնում՝ անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Երեկ ԱԺ-ի դիմաց կայացած ակցիայից հետո դարձյալ ակտիվ մասնակիցներից մի քանիսին հրավիրել էին ոստիկանություն՝ հարցաքննելու՝ որպես վկա: Մարդիկ ցուցմունքներ են տվել, թե ինչ են տեսել կամ լսել Տիգրան Մեծի փողոցում, երբ սեպտեմբերի 23-ին ցուցարարները փակեցին այն:

«Ժողովուրդ»-ը նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ Գագիկ Ծառուկյանն ակտիվացել է տարբեր ուղղություններով եւ ցանկանում է հասարակության տարբեր շերտերի հետ համագործակցելով հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը: Մի կողմից՝ երիտասարդներին են «փնջերով» ԲՀԿ-ական դարձնում, լրատվական քարոզչությունն են ակտիվացրել, մի կողմից՝ ուժային մասն են ցանկանում ապահովել՝ ազատամարտիկների միավորումներով, մյուս կողմից էլ քաղաքական ու իշխանական դաշտից են մասեր պոկում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի:
Եվ որպեսզի մարդիկ հավատան Ծառուկյանի անկեղծությանը, որ նա իսկապես ցանկանում է Հայաստանն ազատագրել ղարաբաղյան կլանից, ԲՀԿ նախագահը յուրօրինակ բան է ասել, օրինակ, ազատամարտիկների հետ հավաքի ժամանակ: «Եթե ես հետ կանգնեմ իմ խոսքից, չգնամ մինչեւ վերջ, ինձ գլխից խփեք. լավ ա՞»,- ահա այսպես կտրուկ է արտահայտվել Ծառուկյանը, ինչն ընդունվել է ծափողջույններով: Եվ հենց այս հայտարարությամբ էլ պայմանավորված էր ԲՀԿ-ական ազատամարտիկ պատգամավորների՝ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի կողմից հաջողությամբ ստեղծված միությունները:

Բայց, ամեն դեպքում, առավել քաղաքական շրջանակները համոզված են, որ X պահից Ծառուկյանը հետ կկանգնի պայքարից, եթե իշխանական ողջ մեքենան սկսի մեծ թափով նրա դեմ աշխատել:

Ինչեւէ, դառնանք հոկտեմբերի 10-ի ճակատագրական հանրահավաքին, որի առնչությամբ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի, ապա նաեւ «Ժառանգության» հետ քննարկում է մի քանի տարբերակներ:

Դրանցից մեկի համաձայն, այս հանրահավաքի ժամանակ պետք է քննարկել ու բարձրաձայնել բացառապես սահմանադրական բարեփոխումների թեման՝ մարդկանց բացատրելով, որ դա չարիք է, անթուլատրելի է եւ որ այդ փոփոխությունները ոչնչով չեն նպաստի շարքային քաղաքացու բարեկեցությանը: Ինչպես նաեւ ընթացիկ քննադատություններ՝ ուղղված երկրի ղեկավարության հասցեին:

Տարբերակներից մեկով եռյակը մտադիր է կտրուկ պահանջել 12 կետանոց պահանջների իրականացում՝ դնելով հստակ ժամկետներ՝ դրա իրականացման համար:
Եվ երրորդ տարբերակը, որն առավել կտրուկ է. չի բացառվում, որ եթե 30 հազարից ավելի մարդ փողոց դուրս գա, եռյակն անմիջապես որոշի նստացույց անել՝ պահանջելով ցրել ՀՀԿ-ի մեծամասնությամբ ձեւավորված խորհրդարանը:
Թե նշված տարբերակներից որը կընտրեն եռյակի անդամները, դժվար է ասել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, նույնիսկ եռյակի ներսում են դժվարանում կողմնորոշվել՝ պատճառաբանելով, թե ամեն ինչ կախված կլինի հանրահավաքի մարդաշատությունից:

Տեղեկացանք, որ մի բան, այնուամենայնիվ, եռյակի լոկոմոտիվ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է. առաջիկայում կհայտարարի, որ մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ: Եվ բոլոր այն ուժերը, որոնք հրապարակավ կամ ստվերային կերպով սատարում են Ծառուկյանին, պետք է լծված լինեն մեկ գործի՝ ինչպես Ծառուկյանին «անփորձանք» նախագահ դարձնել: Առայժմ միայն կարծես թե ՀԱԿ-ն է պատրաստ հստակ քայլերով գնալ դեպի «Գագիկ նախագահ» կարգախոսի իրագործմանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի մտադրությունների մասին լուրերը ճշտել նրա խոսնակ Իվետա Տոնոյանից: Վերջինս թեեւ խոստացավ ճշտել ու պատասխանել, բայց այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին:

Ալբերտ Խուրշուդյան




Լրահոս