Անդամակցում են դեռևս գոյություն չունեցող կառույցին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ըստ ամենայնի, վաղը Սահմանադրական դատարանից կուղարկվի Ազգային ժողով, որտեղ էլ ֆորմալ քննարկումներից հետո իր ավարտին կհասցվի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` մեկ գիշերվա մեջ ընդունված եւ ողջ ժողովրդին պարտադրված ՀՀ նեոգաղութացման այս խայտառակ գործընթացը:

Այն, որ Հայաստանի Ազգային ժողովն առանց որեւէ խոչընդոտի կվավերացնի այս պայմանագիրը, կասկածից դուրս է: Ընդ որում, ակնհայտ է, որ այս անգամ դա կարվի սովորականից ավելի մեծ թվով կոճակսեղմիչների կողմից, այդ թվում եւ ոչ իշխանական ուժերի, որոնցից անգամ «Ժառանգությունում» այլեւս այս հարցի շուրջ չկա միասնական մոտեցում: Եվ ինքնին հասկանալի է, որ Աժ-ում պայմանագրի քննարկումները կրելու են զուտ ֆորմալ, եթե չասենք՝ թատերականացված բնույթ, քանզի ամեն բան արդեն վճռված է, եւ դեռ շատ վաղուց` հայտնի մեկ գիշերվա ընթացքում:

Ուստի, մեղմ ասած, այլեւս կարեւոր չէ, թե ինչ են ասում փաստաթղթի վերաբերյալ Աժ այս կամ այն ուժի ներկայացուցիչները, բայց նրանք կարող են գոնե մի փոքր զուսպ լինել ռուսահաճության իրենց դրսեւորումներում եւ չհայտարարել բաներ, որոնց սնանկությունը պարզ կդառնա արդեն կարճ առաջիկայում:

Երեկ, օրինակ, Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը Ղարաբաղի հետ կապված որեւէ մտահոգություն չի կարող առաջ բերել։ «Ազատության» հետ զրույցում նա վստահեցրել է, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ Հայաստանի մաքսակետերում օտարերկրացի մաքսավոր կհայտնվեն: Հիշեցնենք, որ այդ մասին ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ավելին` ԵՏՄ ներկայացուցիչների մաքսային աշխատողների խումբն արդեն Հայաստանում է:
Մինչդեռ Այվազյանը շարունակում է պնդել. «Ո՛չ պայմանագիրը, ո՛չ քաղաքական համաձայնությունը որեւէ նման նորմ չի դիտարկում։ Չկա այն մտահոգությունը, որ կլինի հանկարծ ինչ-որ մաքսային սահման, այլ մաքսավորներ եւ այլն։ Նման որեւէ մեխանիզմ մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական համագործակցության ընդհանուր պայմանագիրը չի նախատեսում»:

Զավեշտալի է, սակայն դեռեւս գոյություն չունեցող կառույցին` ԵՏՄ-ին, ՀՀ անդամակցությունն իրականանում է այնպիսի անհասկանալի, խառնաշփոթ գործընթացով, որ անգամ իշխանության երկու թեւերի կարկառուն ներկայացուցիչների հայտարարություններն են մեկը մյուսին հակասում: Ուստի ակնհայտ է, որ այս իրավիճակում Սերժ Սարգսյանից ցածր մակարդակով ՀՀ իշխանությունների ցանկացած ներկայացուցչի՝ անգամ վարչապետի կամ Աժ նախագահի հավաստիացումները Ղարաբաղի սահմանին մաքսակետեր տեղադրելու մասին գրոշի արժեք չունեն: Իսկ Սարգսյանն էլ իր ասելիքն արդեն ասել է անցած հունիսին` Ծաղկաձորում:




Լրահոս