ՔԱՇՎԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ ամառային այս շոգ օրերին քաղաքական դաշտն ու պետական գրեթե ողջ  ապարատը արձակուրդում է, եւ հերթական դասախոսությունը կարդալու այլ հարմար ամբիոններ չկան, երկշաբաթյա հանգստից արդեն վերադարձած վարչապետ Տիգրան Սարգսյանը ստիպված է իր դասախոսական եռանդն ուղղել ուսանողական շրջանակներին: Վարչապետը երեկ «Հայկական աշխարհի» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել «Լույս» հիմնադրամի ուսանողների առջեւ: Նա կրկին անդրադարձել է  մեր երկրի առջեւ կանգնած արտաքին մարտահրավերներին` մասնավորաբար հարեւան երկրների հետ ունեցած մեր խնդիրներին ու Հայաստանի անբարենպաստ աշխարհագրական դիրքին. «Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը տնտեսության համար ստեղծում է բարդ պայմաններ, բարձրացնում քաղաքական ռիսկերը եւ այլն: Այսինքն՝ մենք պարտավոր ենք մեր տնտեսական մոդելը քննարկելու ժամանակ հաշվի առնել այս օբյեկտիվ միտումները»: Սա իհարկե անվիճելի պնդում է, խնդիրն այն է, սակայն, որ  ո՛չ այդ իրավիճակն է նոր, ո՛չ էլ դրա առաջացրած քաղաքական ռիսկերը: Դրանք, ընդ որում անհամեմատ ավելի սուր կերպով, կանգնած էին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական կնքահայրը` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ձայնակցում էր իշխանություններին ծառերից կախելու դաշնակցականների կոչին: Եւ ո՛չ այդ տարիներին, ո՛չ էլ դրանից հետո Տիգրան Սարգսյանն առանձնապես չէր առարկում: Սակայն «Լույս» հիմնադրամի ուսանողները դեռ պատանիներ են, եւ, ըստ ամենայնի, անտեղյակ ոչ հեռավոր անցյալի պատմությանը: Եւ ուրեմն` նրանց առջեւ կարելի է հերոսանալ` խոսելով այն մասին, թե որքան դժվար է կառավարել Հայաստանի նման  երկիրը. «Ներկայում քիչ երկրներ կան, որոնք գտնվում են այնքան բարդ իրավիճակում, որքան Հայաստանը, որը չունի ծով, երկու հարեւանների` Ադրբեջանի ու Թուրքիայի  հետ չունի  դիվանագիտական  հարաբերություններ, Իրանի դեմ կիրառվող միջազգային սանկցիաներն էլ դժվարացնում են Հայաստանի իրավիճակը»: Իսկ ի՞նչ է առաջարկում վարչապետը` այս խնդիրները հաղթահարելու համար. «Մենք պետք է շեշտադրում կատարենք երկրի ներքին ռեսուրսները եւ «Հայկական աշխարհի» ներուժն ավելի լավ կազմակերպելու վրա»: Ասել է թե` քաշվանք: Ներքին ռեսուրսներից, ինչպես հայտնի է, հարուստ չենք, եղածն էլ  անխնա թալանում են մի քանի օլիգարխներ` նույն վարչապետի հարազատ կուսակցությունից ու մերձավոր շրջապատից: Միակ հույսներս մնում է «Հայկական աշխարհի» միֆը: Բայց ինչքան էլ որ մեր ժողովուրդը սովոր է դարեր շարունակ ապրել միֆերով,  վարչապետի ասած «տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում արագորեն փոքրացող ներկայիս  աշխարհում» (խոսքը իրական, ոչ թե «Հայկական աշխարհի» մասին է)  միֆերով ժողովրդին երկար չես խաբի: Շատ շատ` մինչեւ հաջորդ փետրվար:




Լրահոս