Ժողովուրդ.Անդաշնակից .Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն, որ  սաֆարովյան գործարքին միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր, տեսանելի դարձավ մարդասպանի ազատ արձակմանը հետեւած առաջին իսկ օրերից: Ընդ որում, հատկանշական է, որ այդ անհամարժեքությունը դրսեւորվեց հենց մեզ դաշնակից համարվող  գերտերությունների կողմից: Նախ` այդպես էլ մինչ օրս որեւէ բառ չասաց մեր ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում անունն անմիջականորեն կապվում էր այս գործարքի հետ` վերջինիս կուրսեցի միլիարդատիրոջ միջոցով: Իսկ ՌԴ պաշտոնական արձագանքն էլ ոչ միայն ուշացած էր, այլեւ  ցուցադրաբար մեղմ ու  երրորդական  կարգի պաշտոնյայի միջոցով հրապարակված: Առանձնապես շատ խիստ չէր նաեւ մեր մյուս դաշնակից գերտերության` Ֆրանսիայի արձագանքը, որի երկակի մոտեցումն էլ ավելի ակնհայտ դարձավ սեպտեմբերի  17-ին, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունեց ընամենը մի քանի օր առաջ եվրոպական արժեքների վրա հրապարակայնորեն թքած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Իսկ տարածաշրջանում մեր մյուս բարեկամ երկիրը` Իրանը, այս հարցի հետ կապված  ընդհանրապես որեւէ ծպտուն չհանեց: Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջանը  վերջին շրջանում արդեն բացահայտ կերպով  ցույց է տալիս իր  ոչ բարեկամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ:  Բայց  եթե Իրանի դեպքում իրավիճակը ոչ միանշանակ էր,  քանի որ ի թիվս այլ գործոնների,  այդ երկիրը նաեւ  գաղափարական հակասություններ ունի արեւմտյան արժեհամակարգի հետ, ապա դա ամենեւին այդպես չէր Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող / համենայն դեպս ֆորմալ առումով/ Վրաստանի դեպքում: Սերժ Սարգսյանի ձեռամբ ՀՀ բարձրագույն պարգեւին արժանացած  Վրաստանի նախագահը ոչ միայն որեւէ կերպ չարձագանքեց կատարվածին, ոչ միայն այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես չեկավ, այլեւ  երեկ նախընտրական այդ  խառը իրավիճակում Միխեիլ Սահակաշվիլին ամենայն շուքով ընդունեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Ինչ խոսք` Սահակաշվիլի-Օրբան զույգի դեպքում տեղին է կիրառել` նմանը զնամանին գտանե հայտնի իմաստությունը, սակայն այդուհանդերձ, այդ քայլով Վրաստանի իշխանություններն ըստ էության ցույց տվեցին, թե ինչպիսի վերաբերմունք ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ: Ամփոփելով վերը նշվածը` ստիպված ենք արձանագրել, որ սաֆարովյան այս ողջ պատմության մեջ միակ երկիրը, որի արձագանքը համարժեք էր իր հայտարարած արժեհամակարգին, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են: Եվ որքան էլ որոշ փորձագետներ եւ ռուսամետ քաղաքական գործիչներ փորձեն  համոզել, թե  պետք չէ հավատալ ԱՄՆ  հայտարարություններին, թե դրանով ամերիկացիները պարզապես փորձում են  ցույց տալ, որ իրենք կապ չունեն ադրբեջանահունգարական գործարքի հետ, փաստը մնում է փաստ, որ ԱՄՆ-ը  գոնե հայտարարությունների մակարդակով  առնվազն չի վիրավորում մեր ազգային արժանապատվությունը, այնպես,  ինչպես դա արեցին Ֆրանսիան, Վրաստանը եւ ի վերջո` նաեւ Ռուսաստանը:  




Լրահոս