4 տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանության գեներալ-մայորը չի բացառում վերադարձը համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում ընթացող զարգացումներին չի հետեւում ու, առհասարակ, չի հետաքրքրվում երկրում տեղի ունեցող իրադարձություններով: Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին չի ցանկանում աշխատել, բայց առաջիկայի համար նման պլաններ կան: Հովհաննես Թամամյանը հայտնեց, որ ներկայումս գտնվում է Ծաղկաձորում եւ հանգստանում է իր ընտանիքի անդամների հետ:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 26-ին Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվեց կադրերի ռեզերվում:

Իսկ արդեն 2012 թվականի մարտին Թամամյանը դատապարտվեց չորս տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից: 2013 թվականին, սակայն, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներումը տարածվեց նաեւ 2011-ի մարտից անազատության մեջ գտնվող Հովհաննես Թամամյանի վրա:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք նա չի պատրաստվում կրկին վերադառնալ ոստիկանության համակարգ:

-Պարո՛ն Թամամյան, ազատազրկումից հետո հայտարարեցիք, որ որեւէ գործունեությամբ չեք զբաղվելու, հանգստանալու եք, որից հետո միայն կորոշեք, թե ինչ աշխատանքով եք ցանկանում զբաղվել: Արդեն բավական երկար ժամանակ է անցել, որոշում կայացրե՞լ եք, թե ինչով եք զբաղվելու առաջիկայում, արդյո՞ք ցանկանում եք կրկին աշխատել համակարգում:

-Ես 39 տարի աշխատել եմ, իրավունք ունեմ մեկ տարի էլ, երկու տարի էլ, հինգ տարի էլ հանգստանալ: Ի՞նչ է՝ երիտասարդ թոշակառու չի՞ լինում: Ես աշխատել եմ 39 տարի, բայց, իհարկե, աշխատելու պլաններ կան, առողջ մարդը մշտապես աշխատելու հետ խնդիրներ չի ունենում, աշխատում է հաճույքով:

-Այսինքն՝ չե՞ք բացառում վերադարձը ոստիկանության համակարգ, նման ցանկություն ունե՞ք:

-Ես որեւէ բան չեմ որոշել, ես դեռեւս շատ ժամանակ ունեմ: Այս պահի դրությամբ, բացի իմ ընտանիքից, բացարձակապես ոչնչով չեմ զբաղվում եւ կարծում եմ` դրա իրավունքն ունեմ: Այսօրվա մեր ժամանակակից կյանքում ոչինչ բացառել հնարավոր չէ:

-Պատկերացո՞ւմ եք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ձեր աշխատանքը, արդյո՞ք կկարողանաք նրա հետ աշխատել:

-Վլադիմիր Գասպարյանի հետ մենք լավ ընկերներ ենք, ու կարծում եմ, որ դա մեր աշխատանքին չի խանգարի: Ես նորից եմ կրկնում, ես համակարգում բացարձակ խնդիր չունեմ, չեմ ունեցել:

-Իսկ արդյո՞ք կկարողանաք «լեզու» գտնել իշխանությունների հետ: Կարծում եք՝ Ձեզ ներե՞լ են, որպեսզի թույլատրեն կրկին համակարգում աշխատել:

-Ես որեւէ գործընթացի չեմ հետեւում, ես այսօր Ծաղկաձորում եմ, հանգստանում եմ, հասկացեք՝ ես հանգիստ չեմ ունեցել տարիներ շարունակ: Ես վերջին ժամանակահատվածում միայն հանգստանում եմ եւ որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ է տեղի ունենում, բացարձակ չեմ հետաքրքրվում այն ամենով, ինչ կատարվում է:

-Ոստիկանությունը սովորություն ունի ներել համակարգում աշխատող ոստիկանների արարքները՝ բավարարվելով նկատողություններով, վերջերս էլ նկատողություն է տրվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանին, գուցե՞…

-Այդ հարցի պատասխանը թող իր վարչության պետը տա, իր վարչությունը տա, թողե՛ք, ես այդ հարցի պատասխանը չտամ: Այդ հարցի պատասխանը թող գործողները տան: Ես այժմ որեւէ գործունեությամբ չեմ զբաղվում, կրկնում եմ՝ ես Ծաղկաձորում հանգստանում եմ, զբաղբում եմ իմ ընտանիքով, իմ երեխայով, փոքրիկ ունեմ…. մյուսները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում, երեւի ժամանակը կգա, կա՛մ կզբաղվենք, կա՛մ չենք զբաղվի: Այսօր հանգստանում ենք: Շնորհակալություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս