ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Գյումրու քաղաքապետարանում իսկական խուճապ էր, ինչի պատճառը որոշ լրատվամիջոցների տարածած լուրերն էին, թե իբր նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սպառնացել է պայթեցնել քաղաքապետարանի շենքը: Որ քաղաքապետարանում խուճապ եղել է, մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը չհերքեց, ավելին, նրա վստահեցմամբ՝ բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքի չեն եկել: Եգանյանը նշեց, թե չնայած այն բանին, որ շաբաթ օրերը սովորաբար ոչ աշխատանքային են լինում, այնուամենայնիվ, այդ օրը քաղաքապետարանում ակտիվության պակաս չի նկատվում: Նրա  փոխանցմամբ՝ տեղեկության ստույգ աղբյուր ոչ մի տեղ չեն գտել: Տարբեր ենթադրություններ են եղել, բայց ոչ մի հստակ ինֆորմացիա: «Եթե մարդիկ ունեն նման տեղեկություններ, ուրեմն պիտի գիտակցեն, որ ցանկացած բան հրապարակվում է եւ իրավապահների կողմից կարող է դիտվել որպես ահազանգ, եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,-ասաց Զ. Եգանյանն ու ավելացրեց, որ քաղաքապետարանից իրավապահներին պաշտոնապես չեն դիմել, ոստիկանությունից էլ ոչ մի արձագանք չի եղել:
Տարածված խոսակցությունների կապակցությամբ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ինչ-որ մարդիկ, ինչ-որ կայքերի պատասխանատուներ երեւի անչափելի վախ ունեն, որ նման լուրեր են շրջանառության մեջ դնում, ու, ցավոք, այդ լուրերը դառնում են կերակուր որոշ լրատվամիջոցների համար: Ամաչում եմ այդ կարգի մարդկանց համար, որ պարապությունից նստած էդպիսի բաներ են հորինում, երեւի սեփական անձը նշմարելու այլ ձեւ ու տարբերակ չունեն, քան բամբասանքներ տարածելը»:
Իսկ թե նման լուրերի տարածման մեջ ինչպիսի դիտավորություն կա, Լ. Աղեկյանը պարզաբանեց. «Ինչ-որ մարդիկ վախ ունեն, վախի չափման գործիք են երեւի ման գալիս, թող լավ փնտրեն ու իրենց շրջակայքում»: Այնուհետ նա խորհուրդ տվեց պարզապես հետեւել, թե որ կայքերի միջոցով է նման ինֆորմացիա տարածվում ու ըստ այդմ` անել եզրակացություն, թե ով որտեղից է սնվում եւ ինչի համար է դա անում. «Երեւի ինչ-որ մեկը պատվիրել է. մարդիկ չէին հերքում ժամանակին, որ իրենց գումար է տրամադրվել եւ այլն, եւ այլն: Երեւի սա դրա շարունակությունն է: Մեղք են, ուղղակի մթնոլորտն են պղտորում քաղաքում»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս