«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է 2012 թվականի ընթացքում արձանագրած իր մի քանի ձեռքբերումները՝ տեղեկացնելով, թե ինչ արդյունքներ է գրանցել եւ քանի շարքային քաղաքացու բարձրացրած կենցաղային հարցերի լուծմանն է նպաստել թերթի հրապարակումների միջոցով: Նշենք, որ օրաթերթը, լույս տեսնելով 2011 թվականի փետրվարի 1-ից, ուներ ընդամենը 1500 տպաքանակ, իսկ այսօր «Ժողովուրդ»-ի տպաքանակը հասել է 4000-ի, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ օրաթերթն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել մեծ լսարան:
Հուլիսի 11-ի «Հարկային ահաբեկչություն Հրազդանում» վերնագրով հրապարակման մեջ ներկայացվել էր, որ Կոտայքի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը հերթով հրավիրել է Հրազդանի գործարարներին եւ պարտադրել «նախկին հաստատագրված վճարի փոխարեն, որը հարկայինին վճարում էին ամեն ամսվա սկզբին, ապրիլի 1-ից վճարել 3 կամ 6 ամսվա կանխիկ գումարը միանամից՝ կանխավճարով»: Սեփականատերը հրաժարվել է գործարքի գնալ: Որպես հետեւանք՝ «օբյեկտը փակ է»: ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը մեզ հետ զրույցում նշեց, որ, իսկապես, Հրազդանում իրականացվում է կոշտ քաղաքականություն, քանի որ հարկերի վճարման ցուցանիշով նշված համայնքը մյուսների համեմատությամբ գտնվում է ցածր աստիճանում. «Դուք հնչեցնում եք լուրջ հիմնախնդիր, եւ եթե բողոքողներն առարկայական մոտեցում ցուցաբերեն, մենք պատրաստ ենք իրականացնել ծառայողական քննություն եւ անհրաժեշտության դեպքում հեռացնել կառույցի ղեկավարին»: Ի վերջո, «Ժողովուրդ»-ը հասավ նրան, որ Հրազդանում տիրող նման «բարքերին» վերջ դրվեց:
Հուլիսի 17-ի «Լոտոն կտրեց նպաստը» հոդվածում տեղեկացրել էինք, որ 67-ամյա կենսաթոշակառու Սուսաննա Նավասարդյանը լոտո էր գնել ու շահել, որից հետո Արմավիրի սոցիալական ծառայության տարածքային գործակալության տեսուչ Ռուզան Գրիգորյանը կանչել էր տիկնոջն ու ասել, որ այսուհետ նա զրկված է նպաստից, քանի որ արդեն լրացուցիչ եկամտի աղբյուր ունի: «Ժողովուրդ»-ի շնորհիվ տիկնոջ նպաստը վերականգնեցին:
Օգոստոսի 3-ի «Թումանյան փողոցի ջրագծերի վերանորոգում» հրապարակման մեջ ներկայացրել էինք, մի պապիկի դժգոհություն, որ գրեթե 4 օր է՝ Թումանյան փողոցի ջրագծերից ջուր է հոսում, եւ ամբողջ փողոցը փնթի վիճակում է: Ինչո՞ւ ոչ ոք չի հետեւում: Մենք դիմեցինք «Երեւան ջուր» ՓԲԸ, որտեղից տեղեկացրին, թե իրականում վթարված էր բնակիչներին պատկանող ներքին ցանցի ջրագիծը, որը երկու օր անց վերականգնվեց:
Իսկ օգոստոսի 16-ի «Ընդդեմ կրծողների» հոդվածում անդրադարձել էինք Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 108 շենքում հակասանիտարական վիճակին: «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել նշված շենքի բնակիչները: Մեր հեռախոսազանգից հետո համատիրության նախագահ Հայկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ անձամբ եղել է շենքի նկուղում, ուսումնասիրել տարածքը եւ կազմակերպել նկուղի մաքրման աշխատանքներ:
Օգոստոսի 23-ի «Սահմանապահ գյուղերը մարզպետին չեն հուզում» հոդվածում արձանագրել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից կրկին տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղերի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղերի ուղղությամբ: Այգեպարի ղեկավար Անդրանիկ Այդինյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ արդեն հոգնել են լարված, կիսապատերազմական վիճակներից, կառավարության անտարբերությունից, ԵԱՀԿ հանձնախմբի կեղծ խոստումներից: Գյուղապետը նշել էր, որ մոտ 3 ժամ տեւած գնդակոծության հետեւանքով վնասվել են բազմաբնակարան 4 շենքի տանիքները, իսկ 70 առանձնատներ էլ մասնակի վնասվել են: Այդինյանը նշել էր, որ որ հրշեջ հրամկազմի կանչը դառնում է վտանգավոր, քանի որ հաճախ գնդակոծվում են նաեւ օգնության շտապող մեքենաները: «Ժողովուրդ»-ը զրուցել էր ԱԻ նախարար Արմեն  Երիցյանի հետ, որը հանձնարարել էր խնդրի լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնել եւ արվեցին:
Իսկ սեպտեմբերի 12-ի «Վերանորոգումը շենքի հոսանքազրկման պատճառ» նյութի մեջ նշել էինք, որ առանց էլեկտրասնուցման էր մնացել Երեւանի Թամանյան 3 շենքը, որի բնակիչներն ահազանգով դիմել էին «Ժողովուրդ»-ին: Նրանք անհանգստացած էին, որ իրենց շենքի հոսանքագծերն անօրինական տեղափոխում են նոր հարեւանի՝ ՀՀ նախկին վարչապետ  Արմեն Սարգսյանի բնակարանի վերանորոգման պատճառով: Բնակիչների տեղեկացմամբ՝ Արմեն  Սարգսյանը գնել էր Թամանյան 3 շենքի 5-րդ հարկում գտնվող թիվ 3 բնակարանը, որի տանիքը քանդելով՝ տարածքի մակերեսով մեկ կառուցում է 6-րդ հարկ:  «Ժողովուրդ»-ին «Էլցանցեր»-ից  տեղեկացրին, որ նշված բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնում շենքի բնակիչների կողմից ոչ մի ահազանգ չի ստացվել: Ավելի ուշ խմբագրություն զանգահարեց մեզ դիմած բնակիչներից  Գագիկ  պապը եւ  տեղեկացրեց, որ արդեն լույս ունեն:
Սեպտեմբերի 27-ի համարում գրել էինք, որ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել շաքարով հիվանդ մի կին եւ ասում էր, որ իրենց տարածքային պոլիկլինիկայից շաքարի համար ստանում է «Անիմալ» կոչվող դեղը, որն այդ ամիս չէր ստացել: Պոլիկլինիկայից պատճառաբանել էին, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չի ստանում տվյալ դեղից: Մեր ահազանգից հետո ԱՆ-ն խոստացավ եւ տիկնոջը տվեց իր հասանելիք դեղերի քանակը:
Պարզ է, որ չենք կարող ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքը  ներկայացնել, քանի որ այն իսկապես ծավալուն է: Ներկայացրինք միայն ստացված մի քանի հեռախոսազանգերի հետքերով արված հրապարակումներն ու ստացված լուծումները: Իսկ թե մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքի վրա ազդող ինչ հրապարակումներ են եղել, թերեւս ավելորդ է մատնանշել:  Միայն հավելենք, որ այս ընթացքում «Ժողովուրդ»-ի դեմ ներկայացվել է 3 դատական հայց: Օրերս նաեւ «Ժողովուրդ»-ն է դատական հայցով  դիմել դատարան՝ ընդդեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի՝ Վալենսիայի Խաչիկի, օրաթերթի լրագրողուհուն «պրաստիտուտկա» անվանելու համար:

Պատրաստեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս