ԱՐԹԻԿՈՒՄ ՋՈՒՐԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին ահազանգած արթիկցիների պնդմամբ` Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մուշեղ Թուրինջի Պետոյանի պատճառով իրենք հայտնվել են լուրջ խնդիրների առաջ:
աս
Տեւական ժամանակ է՝ քաղաքում ընկել է խմելու ջրի ճնշումը, եւ ջուրը ծորակներից շատ բարակ շիթով է հոսում: Մեզ դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ խմելու ջրի սակավացման պատճառը Մուշեղ Պետոյանի կառուցած հէկ-ն է: «Հայ-Ջրմուղ կոյուղու» Արթիկի կենտրոն-արեւմտյան տարածքային մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց. «Այնտեղ հիմա ցուրտ է, սպառումը մեծացել է, դրա համար էլ թաղամասեր կլինեն, որտեղ ճնշումը կնվազի: Դա է պատճառը: Ջրի սակավության մյուս պատճառներից է այն, որ ներքին աղբյուրներն են նստում նաեւ, դրա պատճառով էլ ջուրը պակասում է: Բացի այդ, ճիշտ է, քանակը քիչ է, բայց որակն է բարձր»:
Ինքը` ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց. «Ի՞նչ կապ ունի այդ հէկ-ն ինձ հետ: Ես՝ որպես պատգամավոր, հետաքրքրվել եմ այդ խնդրով, ինձ նույնպես ահազանգել են: Սա Արթիկի ջրագծի հետ կապված է այնքանով, որ խմելու ջրագծի ջուրը պտտվում է հէկ-ում ու վերադառնում: Ջրի կորուստ չի լինում: Այդ խնդիրը մեր մոտ երկար ժամանակ է, ինչ կա: Այդ պատճառով էլ մարզպետարանում, խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված, շտաբ էր ձեւավորվել»:
Այնուամենայնիվ, զրուցեցինք հէկ-ի տնօրեն Սուրեն Սահակյանի հետ, որը նախկինում` 13 տարուց ավելի, եղել է Արթիկի «Ջրմուղ»-ի տնօրեն: «Ձեզ թյուրիմացության մեջ են գցել, հէկ-ը բացարձակ կապ չունի ջրամատակարարման հետ: Ես ինքս 13 տարի «Ջրմուղ»-ի տնօրեն եմ աշխատել ու ամեն ինչը օտ ի դո գիտեմ: Հիմա հէկ-ը չի աշխատում, նույնիսկ փորձարկված էլ չէ: Եկե՛ք ու կտեսնեք, որ այն թերկառուցված է»,-վրդովված նկատեց Սահակյանը, որի համոզմամբ՝ անցնող տարին սակավաջուր տարի էր:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս