Բերդի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի Պառավաքար, Տավուշ գյուղերի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է: Պառավաքարի եւ Տավուշի գյուղապետեր Ռոլանդ Մարգարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ խնդիրը լուծվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միջամտությունից հետո: Նրանց ներկայացմամբ՝ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում բոլոր տարաները լցված են եղել, եւ խաղող ընդունելու հնարավորություն չի եղել:

Տավուշ համայնքի ղեկավարը հայտնեց, որ հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառավաքարի խաղողագործները մինչեւ գիշերվա ժամը 1-ը Բերդ քաղաքում խաղող են հանձնել: Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 320 տոննա հումք են տեղափոխել գործարանի Այգավանի մասնաճյուղ, որպեսզի կարողանան վերսկսել խաղողի ընդունումը: Տնօրենը նշեց, որ ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի՝ իրենք պետք է ընդունեին 4100 տոննա խաղող, սակայն ընդունել են իրենց համար ռեկորդային քանակության՝ 5078 տոննա խաղող: Գործարանի տնօրենը վստահեցրեց, որ Բերդի տարածաշրջանում խաղողի ողջ բերքն արդեն հավաքված է: Բերդի մասնաճյուղում խաղողի դիմաց գումարը տրվում է 3 օրվա ընթացքում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս