ԲՀԿ-Ն ԹԻՄՈՎ Է ԳՆԱԼՈՒ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այո-ի քարոզարշավը ԲՀԿ-ն ինչ-որ մեկի վրա չի թողնելու, իրենք աշխատելու են թիմով. մարզեր են գնալու միասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդանյանը նաեւ անդրադարձավ իր` կուսակցական գործերից մեկուսանալու մասին խոսակցություններին:

-Պարո՛ն Վարդանյան, հոկտեմբերի 10-ից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը: ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխություններին կողմ ուժերի շարքում է: Ինչպե՞ս եք մասնակցելու այո-ի քարոզարշավին:
-Ես անպայման մասնակցելու եմ քարոզարշավին, բայց որեւէ պարտավորություն մեկի վրա դրված չէ, բոլորս էլ մարզեր ենք գնալու, որպեսզի հանրությանը բացատրենք, խոսենք, թե իրենից ինչ է ներկայացնում այս հանրաքվեն:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում Դուք կուսակցական աշխատանքներին չեք «խառնվում» ու այս դեպքում եւս որեւէ գործունեությամբ չեք զբաղվելու: Արդյո՞ք դա այդպես է, արդյո՞ք այլեւս կուսակցական աշխատանքներին չեք մասնակցելու:
-Կուսակցությունում մի հոգու վրա դրված չի լինելու այդ ամենը, կուսակցության քաղխորհրդի անդամները, ակտիվիստները, հնարավոր է՝ խմբերի բաժանվեն եւ մասնակցեն ամբողջ գործընթացին: Այնպես չէ, որ այս գործը կարող է իրականացնել մի հոգի, ու հենց այդ մի հոգուն էլ վստահվելու է ամբողջ աշխատանքը: Կուսակցությունում ամեն մեկն իր աշխատանքն է կատարում, բոլորն էլ իրենց մասնակցությունն ունեն: Չգիտեմ՝ որտեղից են այդ տեղեկությունները, բայց մենք աշխատում ենք միասին՝ ամեն մեկս մեր գործը կատարելով: Կուսակցությունում այդ հարցի հետ կապված որեւէ խնդիր, կոնֆլիկտ չկա, մարզային հանդիպումներին էլ ես մասնակցում եմ, ու պարտադիր չէ, որ բոլոր հանդիպումներին բոլորը ներկա գտնվեն: Խմբերով մասնակցում ենք հանդիպումների, օրինակ՝ մի քանի օր առաջ հանդիպում ենք ունեցել ԲՀԿ բոլոր կառույցների ղեկավարների հետ, խորհրդի անդամների հետ: Չկա նման բան, որ կուսակցությունում ինչ-որ տարաձայնություններ լինեն՝ հանդիպումների, մարզեր գնալու հետ կապված:
-Նշվում է, որ ԲՀԿ-ում որոշում է կայացվել Թամար Պողոսյանին վստահել ողջ մարզային աշխատանքը, ինչի պատճառով Դուք որոշել եք այլեւս կուսակցական գործունեությամբ չզբաղվել: Արդյո՞ք կուսակցությունից նեղացել եք:
-Ո՛չ ես, ո՛չ էլ Թամար Պողոսյանը անփոխարինելի չենք, մենք մեզ մոտ աշխատում ենք թիմային սկզբունքով, թիմային կազմակերպվածությամբ, մենք թիմով էլ կգնանք ու քարոզարշավը կանցկացնենք: Շատ հնարավոր է՝ բաժանումներ լինեն, ամեն մեկս մի մարզում լինենք, սա նշանակում է, որ քարոզարշավը չի դրվելու ինչ-որ մի անձի վրա: Ես չեմ տեսնում կուսակցությունում միակին, որը մենակով կկարողանա այս խնդիրը կարգավորել: Միանձնյա քարոզարշավ չի լինում, դա թիմային աշխատանք է, որը պետք է իրականացնել միասին՝ արդյունք ունենալու համար, ի վերջո, մենք պետք է միասին հանրությանն ասենք, թե ինչի համար են անհրաժեշտ այս փոփոխությունները: Կուսակցական աշխատանքը դա է, երբ մենք միասին ենք ու թիմով ենք անում այն, ինչը պետք է: Միայնակ որեւէ մեկը, որեւէ մարզ, գյուղ, քաղաք չի գնալու, գնալու ենք թիմերով, իսկ հարկ եղած դեպքում բոլորս միասին ենք գնալու:
-Իսկ ի՞նչ եք կոնկրետ Դուք անելու քարոզարշավի ժամանակ, ո՞րն է լինելու այն տարածքը, որտեղ պետք է այո քարոզեք:
-Ես չեմ կարծում, որ կուսակցությունում կոնկրետ անձի վրա ինչ-որ պարտավորություն դնեն, ու հենց այդ մեկն էլ պատասխան կտա: Մենք ունենք թիմ, անում ենք թիմային աշխատանք, բոլորս էլ միասին կփորձենք աշխատել, բոլորս էլ կաշխատենք այնպես, որ հանրությունը տեղեկանա, թե ինչի համար է պետք հանրաքվե իրականացնել: Պետք է ժողովրդին ասենք, թե որն է այս Սահմանադրության առավելությունը, մենք դա ենք ներկայացնելու: Պառլամենտական մոդելն ավելի արդյունավետ կաշխատի, ժողովրդի վիճակն էլ կլավանա, մենք ներկայացնելու ենք դրական կողմերը, իսկ եթե կլինեն բացասական կողմեր, կխոսենք նաեւ դրա մասին: Մենք ներկայացնելու ենք այն, ինչ կա, մենք խոսելու ենք այնպես, որ բոլորի համար հասկանալի լինի, թե իրենից ինչ է ներկայացնում նոր Սահմանադրությունը, ու ինչու ենք ցանկանում, որ այն փոփոխվի:

 

 

 

 
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԿԱՏԱՐԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ

Դեռեւս հոկտեմբերի 10-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Սյունիքի մարզ մեկնել: Տեղեկացրել էինք նաեւ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանձնարարվել է ամենայն պատասխանատվությամբ հետեւել իրավիճակին, որպեսզի որեւէ սյունեցի չմոտենա՝ Սերժ Սարգսյանին հարց ուղղելու համար: Սակայն երեկ Սյունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով Սերժ Սարգսյանը Գորիսի հրապարակի բացման արարողությանը չի մասնակցել:

Եւ այսպես, Գորիսի մամուլի ակումբի տեղեկացմամբ` երեկ առավոտվանից գորիսեցիները սպասում էին, որ Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կկատարեր Գորիսի Գր. Տաթեւացու անվան վերակառուցված հրապարակի բացումը: «Սակայն, չնայած մարդիկ առավոտից սպասում էին այդ հանդիսավոր արարողությանը, ՀՀ նախագահը հրապարակում կանգ առավ մի քանի րոպե, այդ ընթացքում նրան մոտեցան մի քանի քաղաքացիներ, որից հետո Սերժ Սարգսյանը նստեց ավտոմեքենան եւ հեռացավ՝ թողնելով հավաքված տասնյակ մարդկանց անորոշ ու զարմացած հայացքներ»,-նման տեղեկություն էր տարածել Գորիսի մամուլի ակումբը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից պարզել, թե ինչ միջադեպի մասին է խոսքը, սակայն մարզպետի հեռախոսին պատասխանում էր Արտակ անունով մի երիտասարդ, որն անընդմեջ հայտարարում էր, թե Սյունիքի մարզպետը զբաղված է:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե իրականում ինչ միջադեպ է տեղի ունեցել Գորիսում, սակայն վերջինս վստահեցրեց, որ որեւէ միջադեպ չի եղել` հավելելով, թե ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտրամադրվի Ս. Սարգսյանի` Սյունիք կատարած այցի վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ երեկ՝ մինչեւ ուշ երեկո, Սերժ Սարգսյանը մարզպետարանում քննարկումներ է անցկացրել եւ գիշերել է Սյունիքում: Նա Երեւան կվերադառնա այսօր:
Հ. Գ. Ամեն դեպքում, Գորիսի մամուլի ակումբի տարածած տեղեկությունը խոսում է այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին չի հաջողվել Ս. Սարգսյանի այցը հարթ ու անխոչընդոտ կազմակերպել, իսկ թե դա ինչպիսի հետեւանքներ կունենա մարզպետի համար, կերեւա առաջիկայում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԱՆՈՌՈԳԵԼԻ
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կհաստատի 2015 թվականի հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ հաշվետվությունը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ: Այսպիսով, մեր հանրապետությունն ունի 2 մլն 974 հազար 300 հեկտար հողատարածք, որից 208 հազար հա-ը ոռոգվում է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2 մլն 45 հազար հա մակերես, որից ոռոգվում է միայն 154 հազար հա-ը: Իսկ վարելահողերի մակերեսը 446 հազար հա է, որից ոռոգվող հողերը կազմում են 119 հազար հա: Հանրապետությունում այգիները կազմում են ընդամենը 34 հազար հա, դրանցից 33 հազար հա-ը ոռոգվում է: Վերը բերված տվյալները եւս մեկ անգամ ապացուցում են, որ մեր հանրապետության գյուղատնտեսության առանցքային եւ օրհասական խնդիրը՝ ոռոգումն է: Կասկածից վեր է, որ վերը բերված ոռոգվող տարածքների մեծ մասը գտնվում են Արարատյան դաշտավայրում: Իսկ լեռնային շրջանների հողատարածքների մեծ մասում, վստահաբար կարող ենք ասել, մարդիկ հողը մշակելիս պետք է հույսները դնեն բնության բարեհաճության վրա:

 

ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Մոտ մեկ ամիս է, ինչ մեր հանրապետությունում չի կարգավորվում խաղողի մթերման գործընթացը: Երեկ «Ժողովուրդ»-ին ահազանգած խաղողագործները տեղեկացրեցին, որ Այգեստան գյուղում գործող Պռոշյանի կոնյակի գործարանի աշխատակիցները իրենց զգուշացրել են, որ այլեւս խաղող չեն մթերելու, քանի որ այլեւս տեղ չունեն: Արդյունքում խաղողագործները երեկ կրկին փակել էին Երեւան-Երասխ ավտոճանապարհը: Այս անգամ խաղողագործների հետ բանակցելու էր գնացել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ նրանց համոզել էր բացել ճանապարհը, իսկ խաղողով բեռնված ավտոմեքենաներին ուղեկցել էր Քաղցրաշենի գինու գործարան: Ի դեպ, Երեւանի կոնյակի գործարանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» բոլոր մասնաճյուղերը դադարեցրել են խաղողի մթերումը:

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ»-ը նկատել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը շրջում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Նրանից փորձեցինք պարզել, թե ինչն է նրան դատարան հասցրել: Մկրտչյանը պատասխանեց, որ դատարանում նոր համակարգ է տեղադրվել, եւ ինքը փորձում է դրա գործունեության հետ ծանոթանալ: Բայց նա այդպես էլ չմանրամասնեց, թե այդ ինչ նոր համակարգի մասին է խոսքը: Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀԺԱՄ կուսակցությունից բռնագանձել 240 հազար դրամ: Վահրամ Մկրտչյանը այս կուսակցության նախագահն էր՝ մինչ ՀՀԿ-ական դառնալը: Ի դեպ, ՊՈԱԿ-ը հետագայում հայցից հրաժարվել էր:




Լրահոս