«ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՐԱՖՖՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե իր համար ընդունելի է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի այն հայտարարությունը, թե միայն իր դիակի վրայով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կերդվի, ասաց. «Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ թող Րաֆֆին մահանա, մենք էլ այդ կրակի վրա ձեռքներս տաքացնենք: Չէ՛, Րաֆֆին չպետք է մահանա, մենք ապրելով պետք է ինչ-որ բանի հասնենք, ոչ թե դիակներ դառնալով»:
-Պարո՛ն Հայրիկյան, փաստորեն, Ձեր առողջական վիճակն օրեցօր վատթարանում է…
-Ուրիշ հարցեր ունե՞ք: Եթե ես ամենաառողջ մարդը լինեմ, բայց Հայաստան չլինի, դժվար թե ինձ երջանկություն պարգեւի այլ բան: Հայաստանի մասին միշտ եմ մտածել, չմտածեի՝ բանտ չէի նստի:
-Եթե առողջական նման լուրջ խնդիրներ ունեիք, ինչո՞ւ չդիմեցիք ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգելու պահանջով:
-Ի՞նչ հետաձգեի. հետաձգեի՝ բոլորի ժամանակն էր հետաձգվում: Հետաձգելով իմ տանջանքները չէին պակասի: Ես սիրում եմ հեքիաթներ, բայց հեքիաթների չեմ հավատում: Ես գիտեի, թե ինձ հետ ինչ էր կատարվում: Այդ պահին պետք էր մարդկանց վախը հաղթահարել, բայց չկարողացա… Ինչեւէ:
-Բայց դրանից Դուք տուժեցիք:
-Ուրիշ հարցեր կա՞ն: Ես ընդամենը տուժել էի կրակոցից, մնացածը մանրուք էր:
-Լավ, Դուք հայտարարել եք, որ պատրաստ եք գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ըստ Ձեզ, եթե ստեղծվի հանձնաժողովը, դրա  ղեկավարի պաշտոնը Ձեզ կվստահե՞ն:
-Պետք է Րաֆֆուց արձագանք ստանամ, որ արդեն նամակ գրեմ: Բանավոր դիմել եմ, պաշտոնական նամակ չեմ գրել ոչ մեկին: Այնուհետեւ ես կպատրաստեմ պաշտոնական տեքստը: Րաֆֆու համաձայնությունն է պետք, որ ինքն իրավիճակը ճիշտ ըմբռնի:
-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք «Ժառանգության» առաջնորդից:
-Ես առաջարկել եմ լուծում, որը շահեկան է բոլորիս համար: Այս պահին ես տեսա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց իր կողմից չճանաչված նախագահի հետ խոսել, իսկ դա շատ ավելին է, քան նրան անձամբ շնորհավորելը: Ես չեմ դատապարտում, ես ուղղակի դա ասում եմ, իսկ Սերժ Սարգսյանն էլ որոշեց արձագանքել, եւ այդ արձագանքի ընթացքում շոշափվեց իմ նախընտրական ծրագրերում նշված սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որին Րաֆֆին պատրաստ չէ, քանի որ ինքը ցանկանում է առօրեական քաղաքականությամբ զբաղվել: Եվ ես մտածեցի, որ այդ գաղափարը կարելի է իրականացնել: Եթե Րաֆֆին համաձայնի, ես կարող եմ այդ հանձնաժողովը ղեկավարել: Իսկ առօրեական ինչ ցանկություններ էլ որ կան, եւ Րաֆֆին դրանցից հետ չի կանգնում, շարունակում է կամ չի շարունակում, դա արդեն իր խնդիրն է: Բայց ես համակարգային փոփոխությունների վերաբերյալ բոլորի ծրագրերն ընդունում եմ, միասին քննարկում ենք:
-Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանը բարեփոխումներ կիրականացնի՞:
-Ես ասել եմ, որ 6 ամսից մինչեւ առավելագույնը 2 տարում կկատարենք: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը կպատրաստենք, կներկայացնենք խորհրդարան, բարի կամքի դրսեւորման դեպքում, որ այսօր Ս. Սարգսյանի կողմից էլ է առկա, Րաֆֆու կողմից էլ, կկարողանանք սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Դա նշանակում է՝ ամենաուշը մեկուկես տարի հետո լինելու է սահմանադրական հանրաքվե, որից հետո էլ տեղի կունենան ե՛ւ նոր խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններ: Այն, ինչ ես իմ նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացնում էի: 
-Ր. Հովհաննիսյանը հայտարարել է, որ միայն իր դիակի վրայով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կերդվի: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենը, ու Ձեզ համար ընդունելի՞ է «Ժառանգության» առաջնորդի ընտրած պայքարի այս ձեւը:
-Հացադուլը բողոքի ցույց է, պայքարի ձեւ չէ: Պայքարը բոլորովին այլ բան է ենթադրում, բողոքի ցույցն ընդամենը շեշտադրում է կատարում այս կամ այն երեւույթի վրա: Բայց ես այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ թող Րաֆֆին մահանա, մենք էլ այդ կրակի վրա ձեռքներս տաքացնենք: Չէ՛, Րաֆֆին չպետք է մահանա, մենք ապրելով պետք է ինչ-որ բանի հասնենք, ոչ թե դիակներ դառնալով:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս