ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ` ՄԻՆՉԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ժամը 18:45-ի սահմաններում, կալանավորվել է մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով դանակով ներխուժած եւ հրազենային վնասվածք ստացած 25-ամյա Վրեժ Գալստյանը: Թեեւ ի սկզբանե պաշտոնական բոլոր աղբյուրները տեղեկացրին, որ նա հոգեկան խնդիրներ ունի, այնուամենայնիվ, կարծես թե պաշտոնապես հերքվեց պաշտոնական տեղեկությունը: Գոնե առայժմ:
Նախ նշենք, որ Վ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Իսկ եթե փորձագիտական եզրակացությամբ պարզվի, որ Վ. Գալստյանը հոգեկան խանգարումներ ունի, այդ դեպքում հնարավոր է` նա տեղափոխվի հոգեբուժարան: Եթե մարդը հոգեկան հիվանդ է, ապա նրան ոչ թե պետք է կալանավորել, այլ ուղարկել հարկադիր բուժման, քանի որ նա համարվում է անմեղսունակ:
Հիշեցնենք նաեւ, որ Վ. Գալստյանի` հոգեկան հիվանդ լինելու վարկածի հետ կապված՝ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Մասիս քաղաքի ղեկավար Սաշա Հակոբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր. «Տղան հոգեկան խնդիրներ ունի: Տեղեկացել եմ, որ նրա մայրն էլ հոգեկան խնդիրներ ունի: Հայրը տաքսու վարորդ էր աշխատում, որին մի քանի օր առաջ աշխատանքից ազատել են»: Հոգեկան հիվանդության վարկածը նաեւ դատախազությունն էր հաստատել:
Տեղեկացանք նաեւ, որ Վ. Գալստյանը մի քանի ամիս բուժում է ստացել Նուբարաշենի հոգեբուժարանում: Փորձեցինք զրուցել հոգեբուժարանի տնօրենի հետ՝ պարզելու համար, թե ինչ հիմքով են Վ. Գալստյանին դուրս գրել հիվանդանոցից, եւ ինչ աստիճանի հոգեկան խնդիրներ ունի երիտասարդը: Սակայն տնօրենն ամեն կերպ խուսափեց մեզ հետ զրուցելուց: Մեր հարցերին պատասխանեց միայն հերթապահ բժիշկ Կարինե Փայլակովնան, որն էլ նշեց, թե ինքը Վ. Գալստյանի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունի: Միայն հավելեց, որ եթե Վ. Գալստյանն իսկապես հոգեկան խնդիրներ ունի, ապա «ամեն ինչ կկատարվի օրենքի սահմաններում». «Կարող է հիվանդ է, բայց մեղսունակ է, ու նա կկրի իր համապատասխան պատիժը»:
Այս իրավիճակն առավել քան մտահոգիչ է, քանի որ գործող իշխանությունը, ըստ էության, հաստատեց այն իրողությունը, որ մեր երկրում բնակչության մեջ առկա դժգոհությունն այն աստիճանի է խորացել, որ ցանկացած ոք կարող է վերցնել դանակն ու մտնել ԱԺ: Սա ավելի քան լուրջ մարտահրավեր է գործող իշխանությանը, ինչից նրանք պետք է հետեւություններ անեն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս