Սերժ Սարգսյանի` Սյունիքի մարզ այցից հետո Վաչագան գետը փրփրել է, ձկները` սատկել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ Սյունիքի մարզի Կապանի բնակիչները նկատել են, որ քաղաքի միջով հոսող Վաչագան գետի ջուրը աղտոտվել է եւ փրփրել: Տեղի ունեցածից անհանգստացած Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այդ մասին ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարության մարզային կառույցի ներկայացուցիչներին, ովքեր համապատասխան ստուգումներ են իրականացրել: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ինչու է գետի ջուրն աղտոտվել:

Բնապահպան Լեւոն Գալստյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ կապանցիներն իրեն հայտնել են Վաչագան գետի վերեւի հատվածում առկա ջրավազանների մասին` կատարվածը կապելով այն բանի հետ, որ այդ ավազանները հատուկ քիմիական նյութով մաքրել են, եւ դրանց ջուրը լցվել է գետը:

Սակայն Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեց՝ նշելով, որ ջրավազանների մաքրման համար որեւէ քիմիական նյութ չի օգտագործվել: «Մենք այնտեղ ընդամենն ունենք հանգստյան գոտի, որտեղ է նաեւ «Կարապետ» արհեստական լիճը: Այն ամառվա շրջանում ջրով է լցվում, բայց վաղուց դատարկված է, եւ որեւէ մաքրման աշխատանքներ այնտեղ տեղի չեն ունեցել»: Քաղաքապետի խոսքով` ինքն է նկատել, որ գետն աղտոտված է, ինչի համար էլ անմիջապես ահազանգել է բնապահպանության նախարարության մարզային կառույցի ներկայացուցիչներին: Հայրապետյանի հավաստմամբ` համապատասխան նմուշառումները վերցրվել են, իսկ արդյունքները կներկայացվեն առաջիկայում, քանի որ այս պահին հստակ վերջնական պատասխան չկա:

«Նախնական վարկածների համաձայն՝ աման լվանալու հեղուկ են գցել ջուրը, ինչի արդյունքում էլ գետի ջուրը փրփրել է: Բայց գետից մի փոքր վերեւ ունենք սելավատար, որը թույլ չի տա գետի վարարումները քաղաք թափանցեն: Այնտեղ մենք մաքրման աշխատանքներ իրականում նախատեսել ենք եւ մասամբ կատարել ենք: Բայց այդ մաքրման աշխատանքներին ընդամենը տեխնիկա՝ էքսկավատոր եւ բեռնատար մեքենա է աշխատել, այդ ժամանակ որեւէ քիմիական նյութեր չեն օգտագործվել: Դրա անհրաժեշտությունը նույնիսկ չկա»,- նկատեց Կապանի քաղաքապետ Հայրապետյանը:

Այնուամենայնիվ, կապանցիներից շատերը վստահ են, որ գետի մեջ քիմիական նյութ է լցվել, ինչից անհանգստացած են: Մեր այս դիտարկմանը քաղաքապետն արձագանքեց. «Այնպես չէ, որ դա մեզ չի մտահոգում: Նմուշառումներ են վերցրել, լաբորատոր հետազոտության կենթարկեն, պարզ կլինի: Բայց այս պահին գետի ջուրը մաքուր է: Այդ օրը՝ նոյեմբերի 2-ին, միայն 10-15 րոպե է գետի ջուրը պղտորվել, փրփրել»,- ներկայացրեց Հայրապետյանը` հավելելով, որ Վաչագան գետը Կապան քաղաքով հոսում է եւ միանում Ողջի գետին: Իսկ Ողջին էլ միանում է Արաքսին: Ճիշտ է՝ կապանցիները չեն օգտագործում Վաչագան գետի ջուրը, բայց ոռոգման նպատակով դրանից օգտվում են Կապանի տարածաշրջանի որոշ համայնքների բնակիչներ:

Կապան քաղաքում գործող «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացում» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանի պատմելով՝ մի քանի ժամ շարունակ գետում օճառե փրփուրի նման զանգված է հոսել: «Թե որ մասից էր գալիս այդ փրփրանման զանգվածը, անհասկանալի էր, որովհետեւ արտադրամասեր չկան գետի հարակից տարածքներում: Գետը քաղաքի միջով է անցնում, այն սկիզբ է առնում Խուստուփ լեռան ստորոտից եւ գալիս, միանում է Ողջի գետին: Որքան էլ ուսումնասիրեցինք, բայց միեւնույն է՝ այդպես էլ անհայտ մնաց գետի փրփրելը: Հնարավոր է՝ ինչ-որ պարունակություն նետած լինեն գետը: Իմ աշխատանքային պատմության մեջ սա առաջին դեպքն էր: Չեմ հիշում, որ գետը այդպես փրփուրներով լի լիներ»,- զարմացած նկարագրեց Ղազարյանը:

Իսկ, ահա, Կապանի մեկ այլ բնապահպանական հասարակական կազմակերպության՝ «Մեղու»-ի ներկայացուցիչ Վլադիկ Ղուկասյանը գետի փրփրման այլ պատճառներ նշեց: «Գետը պարզապես մաքրել են մեխանիկական հատուկ սարքավորումներով՝ նախագահի գալուստի նախօրյակին (վերջինս Կապան այցելել է հոկտեմբերի 13-ին):

1444649633_img_20151009_133700

1444649601_img_20151008_144503

Հավանաբար դա է պատճառը, որ գետը փրփրել է, աղտոտվել: Գետը պարբերաբար պետք է մաքրվի, որպեսզի գարշահոտություն չտարածվի, սակայն Վաչագան գետը մի քանի տարի առաջ էր մաքրվել: Եւ քանի որ նախագահը պետք է ներկա գտնվեր Կապանի շատրվանների ու բժշկական կենտրոնի բացմանը, այս պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով մաքրվեց գետի մի հատվածը՝ բժշկական կենտրոնի կողմից մինչեւ Ողջի գետը միացնող մասը: Իսկ ԲԿ-ից վերեւ չի մաքրվել, ինչպես կա, այնպես էլ մնում է»,- ներկայացրեց Ղուկասյանը:

1444649969_img_20151011_125535

Բնապահպանը նաեւ նկատեց, որ գետի որոշ ձկնատեսակներ անհետացել են, մնացել են միայն մանր ձկները: «Հիմա դրանց մի մասը չկան, իրենց ձմեռելու վայրերն էլ են վերացել: Բանն այն է, որ գետում աստիճաններ կային, որոնց տակերում էլ դրանք ձմեռում էին, հիմա դրանք էլ են վերացել: Անհանգստություն կա, որ ձմռանը դրանք էլ չեն ապրի: Մենք այս խնդրի շուրջ բազմիցս դիմել ենք պատկան կառույցներին եւ առաջարկել աստիճանների տակ փոսեր անել, որ ձմռանը նրանք այնտեղ բնակվեն, բայց չարեցին»,- հիասթափված նկատեց Ղուկասյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս