Ֆուտբոլի մրցաշար`առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 100 երեխաների մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության  բաժինը սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ նախաձեռնել  է ֆուտբոլի մրցաշար`առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8 թիմերի շուրջ 100 երեխաների մասնակցությամբ: Մրցաշարին մասնակից թիմերը Երևանի հատուկ դպրոցների, գիշերօթիկ, խնամքի և պաշտպանության համար 2 հաստատության, «Սոս» մանկական գյուղի և հանրապետական համար 1 կրթահամալիրի սաներն են: Կրթօջախները գործում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ:

«Առանց սահմանափակումների` անսահման սիրով» խորագրով ֆուտբոլի մրցաշարի հիմնական նպատակն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն ու նրանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրումն է: Նշենք, որ շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունը կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիկներն ու մարզիչները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով, իսկ մյուս մասնակիցները` մարզահագուստով և խրախուսական մրցանակներով: Մրցաշարի մեկնարկում մրցել են «Սիփան» և «Զեյթուն» թիմերը: Հաղթողները պարզ կդառնան մայիսի 13-ին:




Լրահոս