ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՋՐԵՐԸ ՆՈՒՅՆ ՀՈՒՆՈՎ ՉԵՆ ՀՈՍԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծավալվող քաղաքական հակամարտությունը նոր թափ է ստացել: Ի պատասխան Ռուսաստանի կողմից տարբեր ուկրաինական ապրանքների ներկրման արգելքի եւ վերջին օրերին այդ երկրի դեմ ուղղված ՌԴ վարչապետի սպառնալիքների՝ երեկ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ տրանսպորտային երթեւեկությունն արգելափակելու մասին: Նշված երկրներից այժմ թույլատրելի է միայն հետիոտների մուտքը, իսկ բելառուսական կամ ռուսական բեռնատարները կարող են Ուկրաինա մուտք գործել միայն միջպետական միջազգային անցակետերով, որոնց թիվը սահմանափակ է: Կիեւում այդ քայլը բացատրել են աֆրիկյան ժանտախտով: Սակայն, փորձագետների կարծիքով, դա շատ տարօրինակ զուգադիպություն է, որն իրականում ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառ: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:
-Պարո՛ն Քոքոբելյան, կարծես թե Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերությունները էլ ավելի են սրվում: Ի պատասխան ռուսական տարաբնույթ ճնշումների՝ Ուկրաինան էլ իր կողմից է փորձում «պատժամիջոցներ» կիրառել ՌԴ-ի դեմ` փակելով ճանապարհը: Ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը եւ ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:
-Կարծում եմ` Ուկրաինայի իշխանությունների եւ ժողովրդի համար անսպասելի չէր այն, ինչ արվեց ՌԴ-ի կողմից, որովհետեւ ռուսական կողմը վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով բացեիբաց հայտարարություններով էր հանդես գալիս՝ նշելով, թե իրենք ինչպիսի վնասներ կարող են հասցնել Ուկրաինային: Եվ ես գտնում եմ, որ այն որոշումը, որը կայացվեց, մենք չէ, որ պետք է գնահատենք: Քաղաքական երանգներն էլ մի կողմ թողնելով՝ զուտ տնտեսական առումով ամենամեծ ճնշումներին կգնա ՌԴ-ն, բնական է, որ դրանից կտուժի ուկրաինական տնտեսությունը, բայց դա կլինի կարճաժամկետ, որովհետեւ մյուս կողմից Ուկրաինան մեծ հնարավորություններ կստանա եվրոպական շուկա մուտք գործելու ու դրանով ոչ միայն կկոմպենսացնի այդ բացթողումը, այլեւ ավելի շահած դուրս կգա: Դա շատ պարզ տնտեսական հաշվարկ է, եւ այստեղ կա շատ էական խնդիր:
-Ո՞րն է այդ խնդիրը:
-Պատկերացրե՛ք՝ 21-րդ դարում հասել ենք մի աստիճանի, որ սլավոնական մի ժողովուրդ մեկ այլ սլավոնական ժողովրդի առջեւ ճանապարհների փակմամբ է զբաղված: Հավատացա՛ծ եղեք, որ այստեղ կտուժի նաեւ ՌԴ-ն: Ոչ միայն միջազգային ասպարեզում իր վարկանիշի անկման տեսանկյունից, այլեւ զուտ տնտեսական՝ ուկրաինական ապրանքների մուտքը սահմանափակելու առումով: Բացի այդ, կան նաեւ ռուսական ապրանքներ, որոնք վաճառվում են ուկրաինական շուկայում, եւ Ռուսաստանը կտուժի նաեւ այս մասով: Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանի` ՌԴ-ի հետ հարաբերություններում, նկատի ունեմ ՄՄ-ի հետ կապված, ոչ թե տնտեսական խնդիր է դրված, այլ քաղաքական, իսկ ուկրաինական եւ ռուսական հարաբերությունների հիմքում, քաղաքական հիմքից բացի, կան նաեւ խիստ տնտեսական հիմքեր: Եթե ուկրաինական տնտեսությունը կտրվի ՌԴ-ից, իսկ վերջինս ամեն կերպ դրան է գնում, դա չի կարող ռուսական տնտեսության վրա բացասական ազդեցություն չունենալ: Ուկրաինական տնտեսությունը, բնական է, որ կտուժի, բայց էլի եմ նշում՝ դա կկոմպենսացվի եվրոպական շուկայի կողմից: Սակայն այստեղ մենք գործ ունենք ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական պայքարի հետ: Իհարկե, ռազմական գործողությունների մասին խոսելն աբսուրդ է, բայց եթե հիշենք, որ կային բազում խնդիրներ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջեւ, ապա կհասկանանք, որ ռուսական եւ ուկրաինական ջրերն առաջիկայում չեն կարող նույն հունով հոսել:
-Կարծես թե այս անգամ Ուկրաինան լուրջ է տրամադրված եւ գնալու է մինչեւ վերջ: Ըստ Ձեզ, ի վերջո, ինչպե՞ս կհանգուցալուծվի այս իրավիճակը:
-Բնականաբար լուրջ են տրամադրված, եւ ակնհայտորեն իրենք ցանկացած միջոց կգործադրեն, բայց ես վստահ եմ, որ դա անպատասխան չի մնա, եւ այսօրվա համաշխարհային հանրությունը չի կարող դա իր ուշադրության կենտրոնում չպահել եւ համապատասխան կերպով չարձագանքել: Եվ ես այն կարծիքին եմ, որ այս ամենից կտուժի ռուսական կողմը:
-Հայաստանը եւս որոշել է անդամակցել ՄՄ-ին, իսկ մեր հարեւան Վրաստանը կողմնակից է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, հնարավոր համարո՞ւմ եք…
-Նախ՝ մի բան ասեմ, որ միջազգային հարաբերություններում այնպես չէ, որ ով ինչ ցանկանում է, դա պետք է անի: Բնականաբար, մտնելով ՄՄ՝ մենք կունենանք լուրջ խնդիրներ, քանի որ մեր սահմանը Վրաստանի հետ կլինի ոչ թե հայ-վրացական, այլ վրացա-Մաքսային միության սահման, այսինքն՝ վրացիները գործ կունենան ՄՄ-ի տիրույթում գտնվող երկրի հետ: Բայց ես վստահ եմ, որ վրացական կողմը երբեք չի գնա այնպիսի գործողությունների, որոնք կվնասեն հայ-վրացական հարաբերությունները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս