«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ամիսներ ի վեր փորձում է հասնել «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամների հետ տեսակցության: Սակայն Աժ պատգամավորի՝ օրենքով վերապահված այդ իրավունքը խախտվում է առանց պատշաճ հիմնավորմամբ:

-Տիկի՛ն Փոստանջյան, օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Սասնա ծռեր»-ի գործով տասներկու կալանավորների հետ տեսակցությունների արգելքը վերացվել է: Այսպիսով՝ ստացվում է, որ մինչ այդ՝ օգոստոսի սկզբից ի վեր, կալանավորների հարազատները ոչ մի անգամ չեն կարողացել տեսակցել նրանց: Որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ` ի՞նչ քայլեր եք իրականացրել կամ ծրագրում մարդու իրավունքների ոտնահարման նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ:
-Նախ պետք է ասեմ, որ ինքս անդրադարձել եմ «Սասնա ծռեր»-ի խնդրին: Եւ ընդհանուր առմամբ, բացի խմբի անդամներից՝ անդրադարձել եմ նաեւ ապստամբության ժամանակ բանտախցերում հայտնված մյուս անձանց իրավուքների խախտմանը: Երկուշաբթի օրը իմ հայտարարության նախագիծը դրվեց քվեարկության, եւ ընդամենը տասը պատգամավոր կողմ քվեարկեց: Արդյունքում այն օրակարգ չմտավ եւ չքվեարկվեց: Եվ, իհարկե, ես դատապարտում էի նախ այն, որ այդ մարդիկ ապօրինի հայտնվել են բանտախցերում, եւ նշում, որ այդ բոլոր մարդիկ կարող էին լինել ազատության մեջ: Միանշանակ է, որ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում: Որովհետեւ, երբ հարազատները, անչափահաս երեխաները չեն կարողանում հաշտվել իրենց հարազատի` բանտախցում գտնվելու իրականության հետ, կամ ծնողը, լինելով տարեց մայր, չի կարողանում շփվել իր որդու հետ, կինը հնարավորություն չի ունենում տարրական շփում ունենալ ամուսնու հետ, քանի որ շփումը տեղի է ունենում տեսախցիկների միջոցով, նրանց միջեւ արգելապատնեշ է դրված: Այդտեղ ոչ մի խնդիր չկա վարույթն իրականացնող մարմնի հետ կապված, քանի որ այդ շփումը նույնիսկ արտաքին աչքի համար տեսանելի է, հետեւաբար սա հետապնդում է, բանտախցում գտնվող մարդու վիճակն ավելի վատթարացնելու նպատակ:
Եվ այս պահին, որ գիտենք` նախաքննությունն ավարտված է, այլեւս հնարավոր չէ ձեռք բերել լրացուցիչ ապացույցներ, եւ նույնիսկ այս պարագայում ոմանց նկատմամբ արգելանքը պահպանվում է, սա արդեն իսկ խտրական մոտեցում է, որը նույնպես մարդու իրավունքների խախտում է: Եվ այստեղ մի քանի խախտում կա` մեկը՝ անմարդկային վերաբերմունք, մյուսը` ապօրինի արգելանք եւ երրորդը` խտրական մոտեցում: Բացի այդ՝ հասկանում ենք, որ այս մարդիկ, որոնք գտնվում են կալանքի տակ, բուժօգնության կարիք ունեն, սա եւս անմարդկային վերաբերմունք է:
-Իսկ Աժ Մարդու իրավունքների հանձնաժողովը` նախագահի գլխավորությամբ, որեւէ քայլ ձեռնարկե՞լ է այդ բոլոր խախտումների վերացման ուղղությամբ:
-Ես կարող եմ իմ անունից ասել` ինչ եմ արել: Խնդրել եմ ինձ թույլ տալ` հանդիպելու կալանավորվածներին:
-Ե՞րբ եք դիմել:
-Դա եղել է ամիսներ առաջ, սակայն անհիմն պատասխաններ եմ ստացել, որտեղ չկան օրենքին հղումներ:
-Կոնկրետ ինչպե՞ս էին պատճառաբանում մերժումը, տիկի՛ն Փոստանջյան:
-Կարող եմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պատասխանը տրամադրել: Գիտեք` արդեն քանի ամիս է` այս վեճը շարունակվում է: Ես` որպես Ազգային ժողովի պատգամավոր, հնարավորություն չունեմ նրանց տեսնելու կալանավորվելու առաջին իսկ օրվանից: Դիմել եմ ե՛ւ արդարադատության նախարարությանը, ե՛ւ վարույթն իրականացնող մարմնին, ե՛ւ քրեակատարողական վարչության պետին: Ուղղակի արգելում են, եւ վերջ:
-Բայց արգելքի հիմքը ո՞րն է:
-Նախաքննական մարմինը արգելանք է դրել: Այսքանը: Բայց դա հիմք չէ, քանի որ դա չի վերաբերում Ազգային ժողովի պատգամավորին: Եթե հարազատների նկատմամբ դա կարող է տարածվել, ապա ԱԺ պատգամավորի դեպքում իրավիճակն այլ է, նման սահմանափակում չի կարող լինել:
-Ըստ Ձեզ` ո՞րն է դրա նպատակը: Ենթադրենք, հարազատներին արգելում են տեսակցել հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով, իսկ պատգամավորների հետ հանդիպումները սահմանափակելով՝ ի՞նչ խնդիր են հետապնդում:
-Առհասարակ, դա քաղաքական հետապնդման տեսակ է: Քաղհալածյալների նկատմամբ մշտապես նման անօրեն գործողություններ են իրականացվում:
-Տիկի՛ն Փոստանջյան, երբ ՀՀ արդարադատության նախարարությունը մերժեց Ձեզ, Դուք շարունակեցի՞ք պնդել, որ որոշումն օրենքի սահմաններից դուրս է:
-Ազգային ժողովի պատգամավորը եւ հատուկ այլ կարգավիճակ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք ունեն անարգել մուտք գործել ցանկացած քրեակատարողական հիմնարկ: Սա առանձին տեսակցություն չէ, որը կատարում են փաստաբանները: Դա այն մուտքն է, որն ի պաշտոնե է կատարվում: Արգելվել են նաեւ այցերը դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամներին:
-Իսկ Դուք կոնկրետ ո՞ւմ էիք ցանկանում տեսնել:
-Բոլորին: Ես անգամ Մարդու իրավունքների պաշտպանին եմ դիմել` հայտնելով, որ ունեմ նման խնդիր: Ինձ մի աբսուրդ պատասխան են տրամադրել, թե եթե Դուք դիմել եք ոչ թե որպես քաղաքացի, այլ որպես պատգամավոր, մենք Ձեր հարցին չենք կարող անդրադարձ կատարել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ՁԻՀ-ՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նկատմամբ, իսկ ավելի ստույգ այստեղ հայտնաբերված խախտումները, որակելով որպես հանցագործություն, դատախազությունը դրանց իրավական ընթացք է տվել: Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն` հայտնաբերված խախտումները ծանր հետեւանքներ են ունեցել:
Իսկ ինչ չարաշահումների մասին է խոսքը, եւ ինչ գործունեություն է ծավալում հիշյալ հիմնադրամը:
Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնադրամում հայտնաբերված խախտումների հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Իսկ քրգործ հարուցելու հիմք են հանդիսացել ՀՀ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունները:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ստեղծված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում ընթացիկ տարվա 2016թ. փետրվարի 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ եւ ուսումնասիրություններ է կատարել, որոնց արդյունքում էլ չարաշահումներ են հայտնաբերվել: Իսկ ամեն բան սկսվել է վարկային գործարքներից: Ըստ այդմ, Համաշխարհային բանկը դեռեւս չճշտված չափով վարկ է տրամադրել ՀՀ կառավարությանը, որը գործադիրը փոխանցել է հիմնադրամին որպես դրամաշնորհ: Իսկ գումարը նախատեսված է եղել ՏՏ ոլորտը զարգացնելու ուղղությամբ համապատասխան ծրագիր իրականացնելու համար:
Ըստ ՎՊ հաշվետվության` հիմնադրամը կանոնադրությամբ սահմանված որոշ պահանջներ չի իրականացրել, ինչը հանգեցրել է նրան, որ հիմնադրամի բաժնեմասերի իրական (շուկայական) արժեքները չեն գնահատվել, իսկ հիմնադրամի բաժնեմասերը օտարվել են առանց խորհրդի համապատասխան որոշումների:
Ըստ երեւույթին, հատնի չէ` ինչի վրա է ծախսվել Համաշխարհային բանկի տրամադրած վարկը: Հասկանալու համար` ինչ չարաշահումների մասին է խոսքը, «ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանից: Վերջինս հաստատեց տեղեկությունը, որ խոսքը ՎՊ հայտնաբերած չարաշահումների մասին է` միաժամանակ նշելով, որ դրանց հետ հիմնադրամը, միանշանակ, համամիտ չէ. «Իհարկե, պետք է բողոքարկենք: Եվ անկեղծ ասած` ուրախ ենք, որ քրեական գործ է հարուցվել, քանի որ այդկերպ կկարողանանք շատ այլ հակափաստարկներ եւ հանգամանքներ ներկայացնել»,- ասաց հիմնադրամի տնօրենը` վստահեցնելով, որ ՎՊ-ի կողմից փաստերն այլ կերպ են ներկայացվել: Դե ինչ, սպասենք, տեսնենք:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Նախօրեին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակից: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2016 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում նա բնակելի տան, առեւտրի սրահի եւ հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով գումարներ: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի եւ նրա կողմից ներկայացրած անձանց օգտին գործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը տարածքային բաժիններից մեկի բաժնի պետի մասին է, ում անունը Արամայիս է: Նրան, ըստ մեր տեղեկությունների, «վնասազերծել են» իր սեփական բնակարանում: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բաժնի պետը կկալանավորվի: Չի բացառվում, որ այս գործով այլ անձինք եւս անցնեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանից: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Իսկ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց. «Այն աշխատակիցները, ովքեր նման պահվածք կդրսեւորեն, պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն»:
Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել եւ հայտարարել. «Պետք են արմատական փոփոխություններ»: Թերեւս գալիք տարի կայանալիք ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անցել է գործի:

 

ԸՆԴԴԵՄ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կալանավայրից բաց նամակով անդրադարձել է Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցին. «Ազգային հերոսը հայտարարեց, որ նախագահը մեծահոգի գտնվեց «Սասնա ծռերի» հանդեպ: Ազգային հերոսը նախագահ է համարում այն մարդուն, ով այդ գահին հասել է «տոկոսներ խփելով», ում պաշտոնավարման յուրաքանչյուր օր վտարանդի է դարձրել հարյուր հայի, ով երկիրը դարձրել է իր եւ իր մերձավորների բոստանը եւ հիմա էլ օտարի պարտադրանքով պատրաստվում է թշնամուն հանձնել հերոսամարտի արդյունքում ազատագրված տարածքները: Հերոսը նախագահ է համարում մի մարդու, ով հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ, այսինքն՝ այդ հերոսը հարցականի տակ է դնում իր հերոսացման հանգամանքը՝ հավասարվելով վաստակավոր արտիստներին»,- գրել է Մանուկյանը՝ հավելելով, որ «հերոսը պետք է ականջալուր լինի ժողովրդի ըմբոստությանը եւ ոչ թե դառնա չարիքի իշխանության դուդուկ-խոսափողը»:




Լրահոս