ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄՆ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ ավելացել է 525-ով: Բացի այս՝ մեկ ամսվա ընթացքում 5.8 տոկոսով աճել է նաեւ բնակարանների գրավադրման ցուցանիշը, ինչը մտահոգիչ է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14 հազար 787 գործարք: Իսկ ահա սեպտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14 հազար 262 գործարք, որը 525-ով պակաս է հոկտեմբերի ցուցանիշից: Սակայն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը նվազել է 1273-ով:
Այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից օտարումը կազմել է 27.8 տոկոս, վարձակալության գործարքները՝ 4.5 տոկոս: Սակայն ուշագրավն այն է, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից գրավադրումը այս տարվա հոկտեմբերին կազմել է 16.6 տոկոս: Ստացվում է, որ պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում տների գրավադրման ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով:
Վերոնշյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների մեծ մասը Երեւանում է տեղի ունեցել, որը կազմել է 33 տոկոս: Այս ցուցանիշը սեպտեմբերի համեմատ 0.9 տոկոսով նվազել է, այն գրեթե կրկնակի՝ մեկ ամսվա ընթացքում աճել է Լոռու մարզում: Այսպես՝ եթե այս տարվա հոկտեմբերին Լոռու մարզում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 14 տոկոս, ապա այն սեպտեմբերին եղել է 6.4 տոկոս: Այս ցուցանիշը նվազել է նաեւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում:
Մասնագետները սովորաբար անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի նվազումը կապում են մարդկանց գնողունակության հետ: Այդ առումով վերջին մի քանի տարիների ընթացքում այս ոլորտում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Անցած տարեսկզբին կապված ազգային արժույթի արժեզրկման հետ անշարժ գույքի շուկայում ձեւավորվել էին որոշակի սպասումներ: Դոլարի թանկացման արդյունքում գնորդները ժամանակավորապես ձեռնպահ մնացին շուկայում գործարքներ կատարելուց:
Եւ հենց այս հանգամանքը հանգեցրեց գործարքների քանակի նվազեցմանը: Դա արտահայտվեց նաեւ անշարժ գույքի եւ բնակարանային շուկայում:
Պատահական չէ, որ անցած տարեսկզբին դրսեւորվեց որոշակի պասիվացում:
Իսկ ահա անշարժ գույքի գրավադրման աճը նշանակում է, որ զգալիորեն ավելացել են անշարժ գույքի գրավով վարկեր եւ փոխառություններ վերցնելու գործարքները: Դա էլ իր հերթին նշանակում է, որ զգալիորեն ավելացել են այն մարդիկ ու ընտանիքները, որոնք այս կամ այն սոցիալական խնդրի լուծման համար այլ ելք չգտնելով՝ ստիպված դիմում են ամենածայրահեղ քայլին՝ իրենց ունեցվածքի (հնարավոր է՝ միակ կամ վերջին) գրավադրման միջոցով փոխառություններ են վերցնում՝ աստղաբաշխական տոկոսներով: Ընդ որում, այս գրավադրումները որեւէ առնչություն չունեն հիպոթեքային շուկայի հետ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, որովհետեւ հիպոթեքային վարկավորման դեպքում կատարվում է նաեւ օտարման գործարք, այսինքն՝ ձեւակերպվում է առքուվաճառք, եւ տունը գրավադրվում է բանկում: Հուսանք, որ պատկան մարմինները կմտահոգվեն մարդկանց տները գրավադրելու հարցով:
Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ Երեւանի տարբեր վարչական շրջանների բնակարանների մեկ քմ-ն այս տարվա հոկտեմբերին պահպանել է նախորդ ամսվա՝ սեպտեմբերի գնային մակարդակը: Բայց այն անցած տարվա հոկտեմբերի համեմատ թանկացել է: Նույն պատկերն է նաեւ ՀՀ մարզերի քաղաքներում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ՄԵԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՆԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ, քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 2017 թվականի ընթացքում Սուրբ Սարգիս տոնակատարության օրվան եւ Հայոց բանակի տոնին նվիրված տոնական ձեւավորման ծառայություններ:

Օրինակ՝ սիրո տոնի առիթով Սուրբ Սարգսի տոնակատարության օրվան նվիրված ծառայությունների համար քաղաքապետարանը պահանջել է 15 հատ գովազդային վահանակներին ուրվանկարներ տեղադրելու համար տպագրության աշխատանքներ: Ի դեպ, գովազդային նյութերը նախապես պետք է համաձայնեցվեն քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության հետ:
Իսկ միջոցառման վայրերի թեմատիկ ձեւավորման աշխատանքների համար 15 էլեկտրոնային էկրաններին մինչեւ 15 վայրկյան նյութեր պետք է տեղաբաշխվեն 10 օր՝ օրական 150 անգամ յուրաքանչյուր էկրանին: Բացի այս՝ Սուրբ Սարգսի տոնին քաղաքապետարանը կարիք ունի 4մ տրամագիծ ունեցող մետաղական սրտի, որը պետք է տեղադրվի Կարապի լճի շրջակայքում՝ ձեւավորված ծաղիկներով եւ գիշերային գեղարվեստական լուսավորությամբ:
Հայկական բանակի օրվան նվիրված միջոցառման վայրերում քաղաքապետարանը նույնպես նախատեսում է 15 էլեկտրոնային էկրաններին մինչեւ 15 վայրկյան նյութերի տեղաբաշխում: Բացի այս՝ քաղաքապետարանի հայտարարության մեջ նշված է, որ այդ օրվա համար անհրաժեշտ է ձեռք բերել դրոշակազարդարման եւ հանման ծառայություններ: Նշենք, որ հայտարարության մեջ նշված չէ, թե քաղաքապետարանը որքան գումար է նախատեսում հատկացնել միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար: Բնականաբար դրանց իրականացման համար քաղաքային բյուջեից կհատկացվեն միլիոնավոր դրամներ: Չէ՞ որ մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ է սիրում նման տոնակատարություններին շռայլ ծախսեր անել վարչապետի՝ պետական միջոցները տնտեսելու պահանջի ֆոնին:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻ ՓՈԽԱՐԵՆ
2016թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Խոշորացված Այրում համայնքի մաս կազմող Պտղավան գյուղի 40/5 ընտրական տեղամասում այդ օրը ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղեւոնդովի անվան դիմաց եւ կատարել քվեարկություն: Սեպտեմբերի 27-ին դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի բաժնում քրեական գործ է հարուցվել: Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այդ գործով 40/5 ընտրական տեղամասի հանձնաժողովի կին անդամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածով (Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը): Սույն քրեական հոդվածով բնութագրվող հանցագործությունը պատժվում է 500-700 հազար դրամի չափով տուգանքով կամ 2-3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Առաջիկայում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կկայանա տվյալ գործով դատաքննությունը:

 

 

ԻՆՉՈՒ Է ԼՈՒԾԱՐՎԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳԸ»
«Հայկական միրգ» պետական ընկերության միջոցով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում տնկվել են 23 հեկտար սալորի, ընկուզենու, կեռասի, դեղձի, նեկտարինի տարբեր սորտերի այգիներ: «Հայկական միրգ» ընկերության Տավուշի մարզի ներկայացուցիչ, Պտղավան գյուղից փորձառու այգեգործ Սպարտակ Զաքարյանը հայտնեց, որ ընկերությունը Տավուշի մարզում աշխատում էր 3 տարի, այգեգործների հետ 12 տարով պայմանագրեր էին կնքվել: Պետք է ստեղծվեր տնկարանային տնտեսություն, կաթիլային ոռոգման համակարգ, պտղատու այգիները պետք է ծածկվեին հակակարկտային ցանցերով: Ս. Զաքարյանն ասաց, որ հիմնված այգիները շատ եկամտաբեր են, դիմացկուն, դրանք հեկտարից մինչեւ 40 տոննա բերք կարող են ապահովել: Այդ այգիների բերքը մրցունակ է ռուսական շուկայում: Նրա խոսքերով՝ խորհրդային տարիներին պտղատու այգիները բերք էին տալիս տնկելուց 6-8 տարի հետո, իսկ «Հայկական միրգ» ընկերության աջակցությամբ հիմնված այգիները տնկումից 2-3 տարի հետո հեկտարից 15 տոննա պտուղ են ապահովում: Ընկերության կողմից հիմնված այգիները ինտենսիվ են, ծառերը միմյանց մոտ են գտնվում: Դրանց խնամքը յուրահատուկ է, այգիների էտը խիստ տարբերվում է ավանդական էտումից: Ս. Զաքարյանն ասաց, որ մտադիր են այգիների սեփականատերերով կոոպերատիվ կամ այլ կազմակերպություն ստեղծել, որպեսզի կարողանան իրականացնել ինտենսիվ այգիների մշակությունը: Փորձառու այգեգործը տեղյակ չէ, թե ինչու է լուծարվել «Հայկական միրգ» ընկերությունը: Նա նշեց, որ վերահսկիչ պալատը իրենց մոտ մեկ ամիս ստուգումներ է արել, համոզվել, որ տնկիների կպչողականությունը 99 տոկոս է, այգիներն էլ լավ խնամված են: Ստուգումների ավարտին լավ աշխատանքի համար այգեգործին անգամ շնորհակալություն են հայտնել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս