ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ կառույցներում աշխատելու համար ՀՀ քաղաքացիները մի ողջ գործընթաց են անցնում, ուսումնասիրվում է նրանց անցյալը, կենցաղը, ապրելաբնույթը եւ այլն: Եւ մինչ ոստիկանի կամ զինվորականի «համազգեստի մեջ մտնելը», յուրաքանչյուր ոք անցնում է այդ դժվարությունների միջով: Բայց պարզվում է՝ ոստիկանի կամ զինվորականի «համազգեստի մեջ մտնելը» իրականում բավականին հեշտ գործընթաց է, որովհետեւ Երեւանում կան խանութներ, այդ թվում եւ առցանց տիրույթում, որտեղ ազատ վաճառվում են համազգեստները:

Իսկ ովքե՞ր են գնորդները, այդպես էլ անհասկանալի է մնում: ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից եւ ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե որքանով է օրինական եւ թույլատրելի ոստիկանական ու զինվորական հագուստների վաճառքը: «Պատվերը, որ տրվում է պաշտպանության նախարարության կողմից, հստակ քանակով է տրվում, եւ այդ պատվերը տարվում է պաշտպանության նախարարություն, եւ այն ենթակա չէ վաճառքի: Բայց քանի որ պատվեր ընդունող ընկերությունները կարող են եւ շատ կարել, այդ դեպքում կարի ֆաբրիկայի վրա վերահսկողություն չենք կարող սահմանել»,-ի պատասխան մեր հարցին՝ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ զինվորական համազգեստի վաճառքն օրենքով թույլատրելի չէ, քանի որ հագուստները կարելու համար տրվում է համապատասխան կտոր: Եվ կարելի է ասել, որ այդ մասնավոր ընկերություններն ապօրինի են կարում եւ վաճառքի հանում զինվորական հագուստը: Սակայն ՀՀ ոստիկանության դեպքում իրավիճակն ավելի մեղմ ներկայացվեց: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ներկայացմամբ՝ առանց տարբերանշանների համազգեստը թույլատրելի է վաճառել. «Օրենքը չի արգելում»:
Այնուամենայնիվ, արձանագրենք, որ այսօր զինվորական եւ ոստիկանական համազգեստների ազատ վաճառքը իրականում ռեալ վտանգ է պարունակում, խրախուսում է հանցագործությունների աճին: Ցանկացած ոք կարող է գնել իր ուզած «կոչում»-ը եւ անել այն, ինչ խելքին փչում է: Եվ քանի դեռ ուժային կառույցները, հղում անելով «վատ եւ անհեռանկար օրենքներին», ձեռքները ծալած նստել են, կոլեկտիվ անպատասխանատվության դրսեւորումները օրեցօր կարող են շատանալ: Թերեւս ժամանակն է՝ այս դաշտը կարգավորելու:
Տեղեկացնենք, որ ոստիկանական եւ զինվորական տարբերանշաններն էլ ազատ վաճառվում են հայկական խանութներում: Եւ ցանկացած մարդ կարող է գնել ոստիկանի համազգեստ, տարբերանշան եւ զբաղվել ինքնագործունեությամբ: Իսկ ՀՀ ոստիկանությունը, ինչպես ավանդաբար, ստիպված է լինելու հետեւանքները վերացնել, այլ ոչ թե կանխել հնարավոր հանցանքները:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով ասաց, որ համազգեստների որոշակի սահմանափակում պետք է լինի: «Ոչ թե գնելու վրա պետք է արգելքը դնել, այլ գործողությունների հետեւանքով առաջացած նոր իրավիճակները պետք է դիտարկվեն քննության առարկա»,-ասաց նա:




Լրահոս