«ԾԻԾԱՂՆ ԻՄ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՕՂԱԿՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նրանց ստեղծագործական, անձնական կյանքին վերաբերող դետալային հարցերի միջոցով կփորձենք պարզել վերջիններիս էությանը բնորոշ գծերը: Մեր այսօրվա զրուցակիցը մի շարք հեռուստասերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանն է:

-Տիկի՛ն Մարգարիտ, ո՞րն է վերջին շրջանի Ձեր ստիմուլ-բացահայտումը:
-Թոռնուհիս` Մարգարիտան: Նրա ծնունդը ստիպեց նորից հավատալ, որ կյանքը հիասքանչ է, որ արժե ապրել ժպիտով` հանուն իրեն եւ մյուս թոռնիկիս:
-Կպչուն մտքերից ազատվելու Ձեր տարբերակը:
-Առհասարակ, կպչուն մտքեր գրեթե չեմ ունենում: Էությամբ լավատես եմ եւ հասկանում եմ, որ այն, ինչ կա, «տեղավորվում է» այսօրվա տրամաբանության մեջ, իսկ վաղն ամեն բան փոխվելու է` ըստ տվյալ օրվա տրամաբանության:
-Տարիներ, որոնց նոստալգիկ հայացքով եք նայում:
-Դրանք իմ մանկության, ուսանողության տարիներն են: Հաճույքով եմ հիշում նաեւ բեմական հաջողություններս, որոնք հոգեւոր բավականություն են պատճառել ինձ:
-Մտածկոտ եք, ալարկոտ, թե՞ պարծենկոտ:
-Հաստատ պարծենկոտ չեմ. դա շատ հեռու է ինձնից, իսկ մտածկոտ` այո. ամեն հարցի հիմնականում տրամաբանորեն եմ մոտենում: Ալարկոտություն էլ, իհարկե, ունեմ:
-Երբեք չեք կարողանում զսպել ծիծաղը, լացը, թե՞ զայրույթը:
-Ծիծաղը: Չեմ էլ ուզում զսպել. ծիծաղն իմ փրկության օղակն է: Այն ամենից, ինչ ինձ մոտ պետք է լաց առաջացներ, դուրս եմ պրծնում ծիծաղի շնորհիվ:
-Ամենաշատը գնահատում եք այն մարդկանց, որոնք…
-Որոնք այսօր իմ կողքին են:
-Ձեզ հարվածող մարդիկ սովորաբար նրանք են, ովքեր…
-Գիտեք` հարվածելը հարաբերական հասկացություն է: Ի վերջո, բումերանգի սկզբունքը կա. հարվածը փոխանցվում է հենց հարվածողին:
-Չեք վերադառնում այնտեղ, որտեղ…
-Որտեղ տխրել եմ: Չեմ վերադառնում անցյալ. աշխատում եմ ետ չնայել:
-Սերը չի կարող համատեղ ապրել…
-Ստի հետ: Սերը կեղծիք չի սիրում:
-Կնոջ ամենաուժեղ զենքը:
-Կանացիությունը եւ իմաստությունը:
-Ձեզ միշտ զարմացրել են այն մարդիկ, որոնք…
-Որոնք նայում են աչքերիս ու ստում են: Դրա համար հաճախ եմ ասում. «Հիմար հարցեր մի՛ տվեք, որ սուտ պատասխաններ չստանաք»:
-Ձեր ստեղծագործական կյանքի դժվարին փուլը:
-Միշտ առաջ եմ գնացել ինքնուրույն եւ բաց ճակատով: Վերջերս փոքրիկ ընդմիջում եմ տվել. դա ժամանակավոր է: Պարզապես այսօր հեռուստաընկերությունները առաջնորդվում են որոշակի կարծրատիպերով: Հուսով եմ` շուտով ամեն բան կկարգավորվի, եւ հստակ կլինի, որ տաղանդավոր, սիրված մարդուն կարելի է ճիշտ օգտագործել ու վարկանիշ ապահովել:
-Պահ, երբ այցի եկավ մասնագիտական հիասթափությունը:
-Կոնկրետ իմ մասնագիտությունից հիասթափություն երբեւէ չեմ ունեցել: Հիասթափությունս առնչվել է գործող սիստեմի անկայունությանը, գործին խնամի-ծանոթ-բարեկամ խառնելու միտումին: Դա, ավելի ճիշտ, քմծիծաղ է, ոչ թե հիասթափություն:
-Հատկություն, որը Ձեզ միշտ չի հերիքել:
-Պնդաճակատությունը, աներեսությունը: Միշտ համառ եմ եղել, բայց ոչ երբեք` պնդաճակատ:
-Ի՞նչը չեք հանդուրժում վարագույրից այն կողմ` կուլիսներում:
-Անպատասխանատվության զգացումով մարդկանց արարքները: Դրանք կարող են ինձ ափերից հանել: Երբ նկատում եմ կարգապահության բացակայություն, գուցե ինձ զուսպ եմ պահում, բայց աշխատում եմ տվյալ անձանց հետ աշխատանքային պլաններ այլեւս չկազմել:
-Ձեր սիրելի բեմադիչը:
-Շատ են: Այս պահին կնշեմ Հրաչյա Ղափլանյանի` իմ ուսուցչի անունը:
-Այս երեքից ո՞րը կընտրեիք` համաշխարհային հռչակ, հարստություն, թե՞ պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն:
-Պատմության մեջ բարի հետք թողնելու հնարավորություն, միանշանակ:
-Արարք, որն, առհասարակ, չեք ներում:
-Դավաճանությունը: Ավելի ճիշտ` ներում եմ, բայց չեմ մոռանում, հենց թեկուզ հետագայում նմանատիպ իրադրության մեջ չհայտնվելու համար:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե ցանկանում եք, որ կյանքը ժպտա ձեզ…»
-Ինքներդ ժպիտով նայեք կյանքին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Կառավարության որոշմամբ` ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի` Լոռու մարզում գտնվող տունն ընդգրկվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, դրան տրվել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով, մասնավորապես, նշել է. «Արամյանցի տունը նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժեւորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարեւոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Լոռու մարզի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման համար»: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստերից մեկի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել էր մի խումբ մտավորականների նամակին, որով նրանք իրենց մտահոգությունն էին հայտնել ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի` Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի վերաբերյալ:

 

 

ՄԱՅՐԱՑԵԼ Է
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը համալրեց նորաթուխ մայրիկների շարքը։ Դեկտեմբերի 15-ին նա լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Հասմիկն ամուսնուն` ամերիկահայ երաժիշտ, DJ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանին, դուստր է պարգեւել։

 

 

ԴԻԶԱՅՆԵՐ Է ԴԱՐՁԵԼ
Ամերիկուհի ֆոտոմոդել Բելլա Հադիդը նոր զբաղմունք է գտել. նա դիզայների կարիերա է սկսել: Հադիդը ինստագրամյան էջում հայտարարել է Chrome Hearts բրենդի հետ իր առաջին կոլլաբորացիայի մասին: Նա, մասնավորապես, գրել է. «Դա այնքան հուզիչ է: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում»: Բացի այդ` Բելլան գրառմանը կցել է համագործակցության արդյունքում ստեղծված հագուստի առաջին մոդելը: Ընդ որում, նա ոչ միայն մասնակցել է դիզայնի մշակմանը, այլեւ պատրաստվում է դառնալ հավաքածուի դեմքը: Հիշեցնենք, որ Բելլա Հադիդի քույրը` Ջիջի Հադիդը, արդեն մոդելագործի փորձ ունի: Նա համագործակցել է Tommy Hilfiger-ի եւ Stuart Weitzman-ի հետ:

 

 

ԴԻ ԿԱՊՐԻՈՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Arevelk.am-ը: Դերասանի նվիրատվությունը Հայաստանի գյուղական համայքներում ապրող մանուկներին կազմել է 65.000 ԱՄՆ դոլար: Նա այդ գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի հասույթն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին: Հավաքույթի ընթացքում վաճառվել են նաեւ արվեստի այլ գործեր: Ամբողջ երեկոյի ընթացքում նվիրատվությունների միջոցով հավաքվել է $3.1 մլն, որով հիմնադրամը շարունակելու է իր՝ արդեն մեկնարկած ծրագրերը Հայաստանում: «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը վարել է հայկական ծագումով հոլիվուդյան դերասանուհի Անդրեա Մարտինը:




Լրահոս