Այսօր ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665 թ-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը՝ բակալավրի գիտական աստիճանով: 1669– 1701 թթ-ին գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672 թ-ին Նյուտոնն ընտըրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703–23 թթ-ին՝ նախագահ: 1695 թ-ից եղել է Դրամահատարանի տեսուչ, իսկ 1699 թ-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705 թ-ին նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր՝ գիտական վաստակի համար):

Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66 թթ-ին: Նա 23 տարեկանում մշակել է (Գ. Լայբնիցից անկախ) դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Նա այդ ժամանակ է հայտնագործել նաև Տիեզերական ձգողության օրենքը:

Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է: 1672 թ-ին հրապարակած «Լույսի և գույների նոր տեսություն» աշխատությունում նա առաջադրել է լույսի մասնիկային տեսությունը և առաջարկել լույսի ալիքային ու մասնիկային պատկերացումները համատեղող գիտական վարկած, նկարագրել է թիթեղի հաստությունից կախված ինտերֆերենցիայի գույների փոփոխությունը: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը:

1687 թ-ին հրատարակած «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» հիմնարար աշխատությունում Նյուտոնը շարադրել է երկրային և երկնային մեխանիկայի մի կուռ համակարգ: Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր 3 նշանավոր օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում շարադրել է նաև տիեզերական ձգողության տեսությունը, մշակել երկնային մարմինների շարժման օրենքները, բացատրել Լուսնի շարժման առանձնահատկությունները, Համաշխարհային օվկիանոսի մակընթացությունների և տեղատվությունների առաջացումը:

Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը:

Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումները, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:

Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ:
Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը:

1 Ն այն ուժն է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2 արագացում:

1Ն=1կգ . մ/վ2

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնի շիրմաքարին գրված է. «Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, ազնվական, ով գրեթե աստվածային բանականությամբ մաթեմատիկայի ջահով առաջինը բացահայտեց մոլորակների շարժումը, գիսավորների ուղիներն ու օվկիանոսների մակընթացությունները:
Նա հետազոտեց լուսային ճառագայթների տարբերությունները և դրանցով դրսևորվող գույների տարբեր հատկությունները, ինչը մինչ այդ ոչ ոք չէր ենթադրել:
…Թող մահկանացուներն ուրախանան, որ մարդկային ցեղն այդպիսի զարդ ունեցավ»:




Լրահոս